Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով Ավստրիայից Հայաստան ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին «Պրո Օրիենտե» (Pro Oriente) եկեղեցական կազմակերպության անդամներ, Ավստրիայի Կաթոլիկ և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հոգևորականներ և Վիեննայի Պետական համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետի, ինչպես նաև պետական զանազան կառույցների ներկայացուցիչներ:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ Հայ Եկեղեցին ջերմ հարաբերություններ ունի Ավստրիայի եկեղեցական, միջեկեղեցական և միջպետական կառույցների հետ և իր նպաստն է բերում դրանց առավել զարգացման ու ամրապնդման գործին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ ընդգծեց նաև Մայր Աթոռի և «Պրո Օրիենտե» եկեղեցական կազմակերպության միջև ձևավորված փոխգործակցությունը:
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի ջանքերի միջոցով Հայ Եկեղեցու և Ավստրիայի եկեղեցական կառույցների միջև հարաբերություններն առավել կխորանան և կզարգանան:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն փոխանցեց Ավստրիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում որդեգրած քաղաքականության և այդ առումով հայ ժողովրդին բերած զորակցության համար:
Հայոց Հովվապետը խոսեց նաև հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատքի և Հայ Եկեղեցու կարևոր դերակատարության մասին՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը պատմության ընթացքում իր զորավոր հավատքի շնորհիվ հաղթահարել է բազմապիսի փորձություններ ու դժվարություններ` կերտելով ազգային իր կյանքն ու առաջընթացը: