Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը. Yerkir.am-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից:
«Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին և բանաձևը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցվածքը դրսևորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց Ցեղասպանության ծանր հետևանքների հաղթահարման` բացելով մեր պահանջատիրության պատմական նոր էջը։
Մենք ողջունում ենք նաև ազգային բոլոր մեր հաստատությունների և նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու հանձնառությունը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին։
Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի համայն մարդկության կյանքը` զերծ Հայոց Ցեղսպանության նման ողբերգություններից ու արհավիրքներից` հանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի», - նշել է Վեհափառ Հայրապետը:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Սենատն միաձայն քվեարկությամբ հաստատել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձեւը