|
Փոխարժեքներ
20 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.89 |
| EUR | ⚊ | € 440.42 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 508.05 |
| GEL | ⚊ | ₾ 140.6 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է նորընտիր Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին. Yerkir.am-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Կաթողիկոսի շնորհավորագրում, մասնավորապես, նշված է.
«Ամենապատիվ Պատրիարք Սրբազան,
Գոհունակությամբ տեղեկացանք, որ Կ. Պոլսում գումարված համագումար ժողովը ձայների մեծամասնությամբ ընտրել է Ձեզ՝ որպես Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարք:
Հոգու բերկրանքով Սուրբ Էջմիածնից ողջունում և շնորհավորում ենք Ձեր ընտրությունը՝ բերելով եղբայրական Մեր սերը և զորակցությունը Ձերդ Ամենապատվությանը: Ուրախ ենք, որ երկարատև ընդմիջումից հետո Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռն օժտվեց նոր գահակալով:
Ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ավանդաշատ համայնքում՝ Դուք մանկուց կրթվել ու դաստիարակվել եք աստվածսիրությամբ, եկեղեցասիրությամբ ու ազգասիրությամբ, որոնք բնորոշ հատկանիշներն են պոլսեցի հավատավոր Մեր ժողովրդի:
Գոհունակությամբ ենք անդրադառնում, երբ տարիներ առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսաճեմ խորանի առջև ծնրադրումով, ստանձնեցիք եպիսկոպոսական բարձր իշխանությունը և նոր հանգամանքի մեջ շարունակեցիք տերունապատվեր Ձեր ծառայությունը՝ որպես Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ: Արդարև, Մայրավանքում անցկացրած Ձեր տարիները նշանավորվեցին արդյունաշատ գործունեությամբ: Շնորհիվ Ձեր հոգևոր, աստվածաբանական ու դաստիարակչական գիտելիքների՝ ունեցանք ճեմարանականների նոր սերունդ, ովքեր ծառայասեր ոգով այսօր սպասավորում են Մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում:
Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը ուժ ու կարողություն պարգևի Ձեզ՝ ամենայն իմաստությամբ և բարձր պատասխանատվությամբ ստանձնելու Մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռի՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության hոգևոր առաքելությունը` ի պայծառություն Մեր Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Կ. Պոլսի հավատացյալ Մեր ժողովրդի զավակների: Թող Տերը օգնական և զորավիգ լինի Ձեզ՝ շնորհելով քաջառողջ արևշատություն և հաջողություններ հոգևոր Ձեր ծառայության մեջ:
Սիրով սպասում ենք՝ որպես Կ. Պոլսի նորընտիր Պատրիարք Ձերդ Ամենապատվության անդրանիկ այցին ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Ստամբուլում տեղի է ունեցել Կ. Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը: Ազգային պատգամավորական ժողովը 102 կողմ ձայներով պատրիարք էր ընտրել Սահակ եպս. Մաշալյանին: