Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանի Ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո երեկ ամբողջությամբ ընդունել է կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1: Եթե քվեարկությունն ամփոփենք քաղաքական խճանկարի սկզբունքով, ապա կառավարության նոր կառուցվածքին կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կոնսոլիդացված ընդդիմացել են կառավարության ներկայացրած նախագծին:
Այսպիսով՝ կառավարության նոր կառուցվածքի քննարկումների ժամանակ այդպես էլ չլսեցինք գործադիր իշխանության ներկայացուցիչների ու խորհրդարանական մեծամասնության պատգամավորների փաստարկված մոտեցումները, ավելին՝ արդարադատության նախարարի մակարդակով հրապարակայնացվեց, որ փոփոխությունների հիմքում ոչ թե մասնագիտական հաշվարկներն են, այլ ինտուիցիան: Ինչևէ, արդեն կայացած փաստ կարելի է համարել այն հանգամանքը, որ Հայաստանում պահպանվում է սուպերվարչապետական համակարգը, այլ խոսքով՝ այն «կոստյումը», որ կարվել էր Սերժ Սարգսյանի համար, բավականին շուտ հարմարեցվեց Նիկոլ Փաշինյանին: Արտառոց է, որ խորհրդարանական երկրում ԱԱԾ-ի, ոստիկանության, ՊԵԿ-ի գործունեությունը դուրս է մնում ԱԺ վերահսկողությունից: Այս հարթության վրա հեղափոխությունը որևէ բան չի փոխել Հայաստանում, նույնիսկ տեղի է ունեցել իշխանության ավելի մեծ կենտրոնացում վարչապետի ձեռքում, նրա աշխատակազմը զբաղվելու է նաև սփյուռքի հարցերով:Մյուս կողմից՝ ստեղծվում են սուպերնախարարություններ, ու ակնհայտ տպավորություն է, որ տարբեր գերատեսչությունների՝ շատ դեպքերում արհեստական միավորումը տեղի է ունեցել ոչ թե ռացիոնալ օպտիմալացման տրամաբանությամբ, այլ կոնկրետ մարդկանց՝ հեղափոխության հարթակի կարևոր գործիչների ամբիցիաները բավարարելու նպատակով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կադրային քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության «աքիլլեսյան գարշապարն» է, մնում է ենթադրել, թե ինչպիսի ֆորս-մաժորային իրավիճակների ենք ականտես լինելու կառավարության նոր կառուցվածքի ու «սուպերնախարարների» գործունեության հետևանքով:
Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ կառավարության նոր կառուցվածքը հաստատվեց քաղաքական կոնսենսուսի բացակայության պայմաններում: Իհարկե, ֆորմալ առումով ամեն բան նորմալ է, որովհետև կառավարության հենարանը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի ու որևէ կերպ կաշկանդված չէ ընդդիմության տեսակետներով կամ քննադատությամբ: Սակայն չմոռանանք, որ գործող խորհրդարանը ձևավորվել է հեղափոխական էյֆորիայի պիկին, ու ընտրություններից ընդամենը հինգ ամիս անց ակնհայտ է, որ հանրային տրամադրություններն էապես փոխվել են: Խորհրդարանի քաղաքական խճանկարի ու հասարակության դիրքորոշումների կոնտրաստն ավելի արտահայտիչ կդառնա, երբ հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիայի գործընթացն ավարտվի:
Այսինքն՝ պարզ է, որ գնալով քաղաքական կոնսենսուսի անհրաժեշտությունը մեծանալու է, ու այնքան էլ համարժեք չէ, երբ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց կառավարության կառուցվածքի վերաբերյալ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» բոլոր առաջարկությունները՝ վերջիններիս մղելով առավել կոշտ ընդդիմության դաշտ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: