Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Արցախի իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»:
Հանրության մեջ հարցի վերաբերյալ տարակարծություններ եղան, «ինչու» հարցի շուրջ քննարկումները շատ էին: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացնում է, թե ինչպես են զարգացել իրադարձությունները:
«Ի սկզբանե չի եղել Աղդամի ճանապարհի բացումը, ոչ թե խորքում քննարկում է գնացել դրանով իսկ Լաչինի միջանցքի բացման հարցով, այլ ճիշտ հակառակը: Առաջնային խնդիր է դրված Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնումը: Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր, որ հիմնական շարժը պետք է տեղի ունենա Աղդամից Ստեփանակերտ, Արցախի իշխանությունները, բնականաբար, դրան դեմ էին, որպես կոմպրոմիսային տարբերակ ռուսական կողմը ներկայացրել էր առաջարկ, որ ոչ թե Ադրբեջանի կողմից և ադրբեջանական հումանիտար բեռ մուտք գործեր Արցախ, այլ ռուսական Կարմիր խաչը, որ Ռուսաստանից մուտք էր գործել Ադրբեջան, կարող էր սիմվոլիկ մեկ բեռնատարով մուտք գործել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջան: Դրանից հետո Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է վերականգնվեր այն չափով, որ գոնե հնարավոր դառնար մեծածավալ բեռների տեղափոխումը ռուս խաղաղապահների միջոցով: Ադրբեջանը սկզբում տվել էր իր համաձայնությունը, ռուսական կողմը դա ներկայացրել էր Արցախի իշխանություններին, համաձայնեցրել էր, բայց ավելի ուշ Ադրբեջանը փորձեց վերապահումներ մտցնել այդ առաջարկում, ինչի հետևանքով գործընթացը տապալվեց: Կարծում եմ, որ այդ տապալումն ակնհայտ էր և՛ ռուսական կողմի, և՛ պայմանական Արևմուտքի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար: Դրանով էր պայմանավորված, որ գործընթացի տապալմանը հաջորդեցին բավականին ակտիվ հայտարարությունները Լաչինի միջանցքի բացման մասով: Բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը տապալեց այդ գործընթացը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աբրահամյանը:
Արցախը նոր նախագահ ունի: Կարո՞ղ ենք այնտեղ իրավիճակի դրական փոփոխության ականատեսը լինել: «Նախ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, բացատրելով դա իր՝ արդեն իսկ անարդյունավետ աշխատանքով, հանրության՝ իր նկատմամբ ունեցած անվստահությամբ և մի շարք այլ մոտեցումներով: Ստեղծված իրավիճակում Արցախը կանգնել էր փաստի առաջ, և պետք էր արագ անցկացնել նախագահական ընտրություններ: Արցախի Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակներում հնարավորություն է տալիս խորհրդարանի միջոցով ընտրել նախագահ:
Կոնսենսուսային թեկնածուն Սամվել Շահրամանյանն էր, որն Արցախում հասարակական-քաղաքական ուժերի հիմնական ընտրությունն էր: Խորհրդարանական հինգ ուժերից չորսը ներկայացրեցին նրա թեկնածությունը, հինգերորդ ուժն առհասարակ չմասնակցեց քվեարկությանը, և արդյունքում առաջին փուլով հնարավոր եղավ Արցախում նախագահ ընտրել: Սա կարևոր էր այն տեսանկյունից, որ օր առաջ Արցախում այդ ընտրությունը պետք է տեղի ունենար: Չնայած մինչ այդ կար պաշտոնակատար, բայց ակնհայտորեն անցումային ժամանակահատվածը պետք է կարճ լիներ: Արցախում իրադարձությունները վայրկյան առ վայրկյան են զարգանում, և այս իրավիճակում առաջնահերթ էր ներքին կայունության և պետական կառավարման համակարգի արդյունավետության ապահովումը, հետո նաև մյուս առաջնահերթությունների աստիճանական լուծում: Այս տեսանկյունից կարևոր է, որ այդ ընտրությունն արագ տեղի ունեցավ, և առաջին հերթին այն պետք է դիտարկել որպես նոր հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալու տեսանկյունից»,- նշում է մեր զրուցակիցը:
Հայաստանում և Արցախում սահմանային զորաշարժն արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում է: «Այս պահին էլ Հայաստանի և Արցախի ուղղությամբ իրավիճակը շարունակում է մնալ բավականին սուր: Իրադարձությունների զարգացման և Ադրբեջանի հնարավոր քայլերի տարբեր վարկածներ կան: Ընդհանուր ռազմաքաղաքական իրադրությունը պետք է գնահատել բավականին վտանգավոր: Հարձակում կամ ագրեսիա կարող է լինել և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղությամբ, կարող է նաև տեղի ունենալ միաժամանակ: Բավականին կարճ օրեր կան միջազգային հիմնական դերակատարների համար միջամտելու, իրենց ազդեցությունն օգտագործելու և այդ բախումը կանխելու համար»,-եզրափակում է Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում