կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-01 16:32
Հասարակություն

Պետք է հրաժարվել 24-ժամյա աշխատանքային ռեժիմից` չգերադասելով գործատուի շահը. Թադևոս Ավետիսյան

Պետք է հրաժարվել 24-ժամյա աշխատանքային ռեժիմից` չգերադասելով գործատուի շահը. Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց`իրենց գրասենյակի կողմից կատարված ուսումնասիրության մեջ մի քանի կարևոր խնդիրների են անդրադարձել, որոնք վերաբերում են գործատու-աշխատող հարաբերություններին, աշխատողների իրավունքներին և այլն:

«Նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամ­ների, զինծառայողների ընտանիքների անդամ­ների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամ­ների համար Աշխատանքային օրենսգրքով նախատեսված չեն կարգավորման անհրաժեշտ առանձնահատկություններ (արտոնություններ), որոնք գործում են, օրինակ, Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Տաջիկստանում: Անվիճելի է նմանատիպ կարգավորման առարկայական անհրաժեշտությունը նաև մեր երկրում: Այս նպատակով օրենսգրքում անհրաժեշտ է սահմանել նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամ­ների, զինծառայողների ընտանիքների անդամ­ների, ինչպես նաև զոհված զինծա­ռայողների ընտանիքների անդամ­ների առանձնահատուկ կարգավիճակն աշխատանքային հարաբերություններում, ամրագրել սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ, օրինակ՝ հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատման դեպքում նախապատվության իրավունք, ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության առաջնահերթության իրավունք, չվճարվող լրացուցիչ արձակուրդ, պետական կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու առաջնահերթության իրավունք և այլն»,- ներկայացրեց նա:

Մյուս կարևոր դրույթը, ըստ տնտեսագետի, վերաբերում է Հայաստանում օտարերկրացիների աշխատանքին: Նա նշեց, որ վերջերս հասարակական և մասնագիտական տարբեր շրջանակներում ակտիվացել են քննարկումները Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի վերաբերյալ:

«Հայաստանում օտարերկրացիների աշխատանքը կարգավորող օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողությունը գրեթե բացակայում է, դրանք իրականացնող մարմիններն իրենց վերապահված գործառույթներն ու պատասխանատվությունը ոչ լիարժեք են իրականացնում վերջին շրջանում: 4 ամիս է, ինչ Հայաստանում նորից գործում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության պահանջը: Իրականում ի՞նչ է սա ներկայացնում: Մեր գնահատմամբ` օրենքի այս պահանջը ձևական բնույթ ունի: Գործող կարգավորման համաձայն՝ գործատուն իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին տեղեկացնում է զբաղվածության բնագավառում լիազորված պետական մարմ­նին (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն): Եվ եթե մեկ ամսվա ընթացքում գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածու չի առաջադրվում նրան, կամ նա մերժում է առաջադրված թեկնածուներին, ապա ստանում է թույլտվություն իր ուզած` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար: Ստացվում է, եթե գործատուն հստակ որոշել է կոնկրետ օտարերկրացու վերցնել աշխատանքի, ապա նա կարող է առանց որևէ հիմ­նավորման մերժել Հայաստանի քաղաքացիներից իրեն առաջադրված թեկնածուներին և ընդամենը մեկ ամիս սպասելուց հետո, որոշակի փաստաթղթեր ներկայացնելով, ստանալ թույլտվություն: Փաստորեն, կարգավորման այս գործիքը ծառայում է ոչ թե իր բուն նպատակին՝ պաշտպանել ներքին աշխատաշուկան, այլ գործատուի համար առաջացնում է որոշակի լրացուցիչ վարչական բեռ՝ մեկ ամիս սպասել, որոշ փաստաթղթեր ներկայացնել, շփվել վարչական մարմինների հետ և այլն»,- պարզաբանեց տնտեսագետը:

Ավետիսյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ աշխատանքի թույլտվության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը ևս չի կարող լիարժեք լինել, քանի որ այն դրված է հարկային պետական ծառայության վրա` ընդամենը նրան վերապահված լիազորությունների շրջանակներում: Բացատրեց` վերջին տարիներին ընթացող տեսչական բարեփոխում­ների շրջանակներում աշխատանքի պետական տեսչությունը միացվեց առողջապահական պետական տեսչությանը, և պետական վերահսկողության տիրույթից դուրս մնացին աշխատանքային իրավունքի մի շարք կարևորագույն բնագավառներ, այդ թվում՝ օտարերկրացիների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը:

«Մտահոգիչ է նաև արձանագրվող այն փաստը, որ վերջին շրջանում մեծ տեմպով ավելանում է բանվորական մասնագիտություններով և առանձին կոնկրետ երկրներից օտարերկրացի աշխատողների ներհոսքը մեր երկիր: Այս իմաստով հարկ է նշել, որ միայն օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն տալը բավարար չէ արդեն իսկ առկա խնդիրները լիարժեք լուծելու համար: Ներքին աշխատաշուկայի արդյունավետ պաշտպանության համար պետք է ամբողջականացվի կարգավորման գործիքակազմը: Այն պետք է համալրվի ըստ երկրների ու առանձին մասնագիտությունների՝ օտարերկրացի աշխատողների համար տարեկան թույլատրելի առավելագույն քվոտաների գործադրմամբ: Այս խնդիրների համակարգային լուծում­ները՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է լինեն աշխատանքի ոլորտում իրականացվող հետագա բարեփոխում­ների հիմնական օրակարգ: Հակառակ պարագայում ստացվում է, որ կիրառում ենք կարգավորման գործիք, որն իրականում չի ծառայում պետական համապատասխան քաղաքականության բուն նպատակին, սակայն գործատուների համար առաջացնում է վարչական անտեղի ու լրացուցիչ բեռ՝ հնարավոր բոլոր ռիսկերով»,- մեկնաբանեց Ավետիսյանը:

Դառնալով աշխատանքային ժամերին ու ռեժիմին` նա նշեց, որ 2014 թվականին օրական 24-ժամյա աշխատանքն արգելող օրենքի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, սակայն հետագայում այն չընդունվեց, ու գերադասվեց գործատուների շահը: Բայց Միջազգային իրավունքի նորմերով՝ ցանկացած դեպքում օրական աշխատաժամանակը չպետք է գերազանցի 16 ժամը: