Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը ամփոփվեցին «Վաղ մայրության շրջանում գտնվող կանանց իրավունքների պաշտպանության ջատագովություն» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ծրագիրն իրականացվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։
«Կանանց աշխատանքային իրավունքների, նրանց ներուժի սահմանափակ իրացման խնդիրները արդիական են ոչ միայն Հայաստանում։ Գերմանիայում ևս կանայք հաճախ առնչվում են ընտանիք -կարիերա հավասարակշռման խնդրին։ Քովիդով պայմանավորված աշխատաժամերի փոփոխությունը, ճկուն աշխատաժամերի շուրջ գործատու-աշխատող համաձայնությունը հնարավորություն տվեց Գերմանիայում վերհանել մի վիճակագրություն, որը հավաստում է երեխաներ ունեցող կանանց աշխատանքային պարտավորությունների պատշաճ կատարելու մասին։ Այսինքն լիովին հնարավոր է համատեղել կարիերան, որակյալ աշխատելը՝ միաժամանակ լինելով տանը՝ երեխայի կողքին»,- ողջույնի խոսքում նշեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հարավկովկասյան երկրների համար իրավասու տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆելիքս Հեթը։
Անդրադառնալով ծրագրային աշխատանքներին՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը նշեց. «Կետ 33» կազմակերպության հետ մեր առաջին համագործակցությունն է։ Կազմակերպության հմինադրման պատճառները շատ խոսուն են՝ անձնական փորձն ու շահագրգռությունը վերհանել վաղ մայրության շրջանում գտնվող կանանց աշխատանքային իրավունքների խնդիրները, ինչի արդյունքում էլ ծրագրի իրականացման աշխատանքները կատարվել են առանձնահատուկ հոգատարությամբ»:
«Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց, որ ծրագրի շրջանակներում նկարահանվել են տեսահոլովակներ կարիերայում հաջողություններ ունեցած կանանց հետ, ովքեր թեև դժվարությամբ, սակայն կարողացել են հաջողությամբ համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Միևնույն ժամանակ, այս կանանցից շատերը, ովքեր նաև առաջնորդներ են ու ղեկավար պաշտոններ ունեն, փորձում են հարմարավետ միջավայր ստեղծել իրենց կառույցներում՝ երեխա ունեցող իրենց աշխատողների հոգսը թեթևացնելու համար:
Ծրագրի շրջանակներում ստեղծվել են նաև նկարազարդում-պատմություններ, որոնց նպատակը կանանց իրազեկելն է եղել իրենց իրավունքների մասին, միևնույն ժամանակ վեր են հանվել խնդրահարույց հարցեր:
Իրականացվել և տպագրվել է նաև հետազոտություն՝ վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական երաշխքիների ու աջակցման ծրագրերի վերաբերյալ: Հետազոտության աշխատանքները ներկայացնելիս Աստղիկ Կարապետյանը նշեց, որ խնդիրը դիտարկվել է ոչ միայն կնոջ, այլև ընտանիքի բարեկեցության և ընտանիքամետ մոտեցումների տեսանկյունից:
Նրա խոսքով, աշխատավայրում ընտանիքամետ միջավայրի ստեղծումը նպաստում է ոչ միայն ընտանիքի նյութական ու հոգեհուզական բարեկեցությանը, այլև բխում է գործատուի ու պետության շահերից:
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ընտանիքամետ միջավայր ունեցող կազմակերպությունները ոչ միայն հեղինակություն են վայելում, այլև գրավիչ են բարձր որակավորում ունեցող կադրերի համար, նրանց աշխատողներն ավելի քիչ են բացակայում, աշխատում են նվիրավծությամբ և բարձր մոտիվացիայով, ունեն աշխատանքի բարձր արդյունավետություն: Մյուս կողմից՝ բարեկեցիկ և հարմարավետ միջավայրը ազդեցություն ունի ընտանիքի՝ ևս մեկ երեխա ունենալու որոշման վրա։ Մյուս կողմից, կանանց պասիվությունը կամ չներգրավվածությունը աշխատաշուկայում և նրանց ռեսուրսների անտեսումը շռայլություն է պետության համար․ չկա վարձրատրվող աշխատանք, չկա վարձատրություն, չեն վճարվում հարկեր և այլ վճարումներ։
Հետազոտության շրջանակում նաև տեղեկություն ստանալու հարցումներ են ուղարկվել ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի աշխատակազմեր, 12 նախարարություններ՝ աշխատանքային ժամերի, կերակրասենյակների առկայության վերաբերյալ: Օրինակ, պատասխաններից պարզ է դարձել, որ այս կառույցներից որևէ մեկում չկան կերակրասենյակներ և պատճառաբանությունն այն է, որ դրանք ունենալու կարիքը չի եղել:
Հետազոտության արդյունքում վերհանված խնդիրների և դրանց լուծման առաջարկությունների վերաբերյալ իր դիտարկումներն արեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և պատրաստակամություն հայտնեց համագործակցության և դրանց շուրջ համատեղ աշխատանքի:
Միջոցառմանը ներկա էին նաև պետական, միջազգային, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, ովքեր նույնպես իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրեցին քննարկվող հարցերի շուրջ:
«Կետ 33» հասարակական կազմակերպություն