Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն բանակը, որի միջոցով մենք կարողացել ենք ձեռք բերել մեր հաղթանակը, որով ողջ մեր սերունդն է հպարտանում, այդ նույն բանակով պետք է կարողանանք հաղթանակը պահել՝ ըստ Yerkir.am-ի ասել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ Մոսկվայում։
ՌԴ մայրաքաղաքում նա մասնակցել է Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի կազմակերպած տոնական երեկոյին՝ նվիրված Հայոց բանակի 28-ամյակին։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ռուս քաղաքագետներ, վերլուծաբաններ, հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկներ, համայնքի անդամներ։
Կարևոր է, որ հաղթանակը պահելու գիտակցությունը բոլորն ունենան՝ ընդգծել է Արմեն Ռուստամյանը․ «Որովհետև բանակը մեր սրբության սրբոցն է՝ ըստ էության, մեր միասնականությունը ապահովող պետական բացառիկ կառույցն է, որը միշտ ամենաբարձր վարկանիշն ունի և դա պատահական չէ։ Այդ առումով մենք պետք է բանակը պահենք որպես ոչ միայն մեր լինելիության գրավականը, այլ նաև մեր ապագան կանխորոշելու և մեր նվաճումները սերունդներին փոխանցելու մի երաշխիք»։
Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը վստահեցրել է, որ ջանք չեն խնայել տոնի խորհուրդը ճիշտ կերպով փոխանցելու համար․ «Նմանատիպ տոների հայեցի ոճով նշումը և արժևորումը մեծապես ունի նաև դաստիարակչական նշանակություն։ Այսօր հայրենիքից դուրս մեր երիտասարդները և պատանիները կարիք ունեն և կարոտ են նման դաստիարակության, բայց այն պետք է մատուցվի մաքրամաքուր կերպով և այսօր մեր թիմը ջանք չի խնայել այն ներկայացնելու որպես ազգային, մշակութային արժեք, որը պիտի կրեն և շարունակեն հայոց բանակի զորացման գործընթացը»։
Ռուս փորձագետ Իվան Կոնովալովը նշել է՝ սահմանափակ ռեսուրսներով լավ զինուժ ունենալու Հայաստանի կամքը տպավորիչ է և օրինակելի․ «Հայկական բանակը ապացուցեց իր մարտունակությունը ռազմի դաշտում, և այժմ էլ շատ կարևոր է, որ այդ մարտունակությունը պահպանվում է, զինվում է բանակը, հաղթանակից հետո չի թուլանում՝ ինչպես հաճախ է լինում։ Հայոց բանակը պատրաստվում է և շատ բաներով օրինակ է ոչ միայն հետխորհրդային տարածքի, այլև ողջ աշխարհի բանակների համար»։
Շատերին չէ, որ սա հաջողվում է՝ ընդգծել է ռուս փորձագետը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․