| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում: 
«Նախագահական համերգաշարը» մեկնարկել է այսօր մեծանուն դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով: 
Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ և Սվետլանա Նավասարդյանի համաձայնությամբ համերգը նվիրվել է բոլոր մայրերին, քույրերին ու դուստրերին:
Համերգի ավարտին նախագահ Սարգսյանն ասել է. «Թույլ տվեք ձեր բոլորի անունից մեր խորին շնորհակալությունը և սերը հայտնել Սվետլանա Նավասարդյանին՝ նրա մեծ արվեստի և երկար տարիների անխոնջ աշխատանքի, նվիրումի և համաշխարհային ու հայկական մշակույթի մեջ հսկայական ներդրման համար»: 
Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն: 
Երեկոյին աջակցել է «Կոնվերս» բանկը: