Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 22-ին՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում, «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանի խոսքով՝ որոշվել է հենց Տավուշում անցկացնել փառատոնի բացման արարողությունը, քանի որ ցանկություն կար էլ ավելի ուժ և ոգի փոխանցել Տավուշի բնակիչներին։
«Այս տարի փառատոնն ավելի մեծ էր նախատեսված, քանի որ նախորդ տարիների համեմատ մասնակցության հայտերի թիվը կրկնապատկվել էր՝ մոտ 3000 հայտ․ ունենալու էինք շատ հյուրեր՝ այդ թվում Քշիշտոֆ Զանուսին, Դմիտրի Բրիկմանը, բայց համավարակով պայմանավորված դրսի հյուրերի հետ հանդիպումները տեղափոխեցինք Zoom հարթակ։ Փառատոնի նպատակն է գնալ մարզեր, հատկապես սահմանամերձ գյուղեր, իսկ հուլիսին տավուշյան դեպքերից հետո խորհրդանշական էր հենց Բերդում «Բերդի» մենահամերգով սկսել։ Այս որոշմամբ մենք ցանկանում ենք մեր ուժը, հաղթական ոգին ևս մեկ անգամ փոխանցել մեր հայրենակիցներին»,- հավելեց Աննա Կարապետյանը։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը և այլք։
Հիշեցնենք, որ փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ: