| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ռուսաստանյան «ՄՏՍ» խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային և փոխնախագահ Անդրեյ Սմելկովին: Հանդիպմանը ներկա էր նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է «ՄՏՍ»-ի կողմից մեր երկրում ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը և նորարարական տեխնոլոգիաների տարածմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն առաջնահերթություն է համարում թվային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացումը՝ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր:
Խոսելով գործարար միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված բարեփոխումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային դաշտի թափանցիկության բարձրացումն է և բիզնես-կառավարություն համագործակցության նոր մշակույթի ներդրումը: «Մենք շահագրգռված ենք, որ բիզնեսը հնարավորինս հաջողի և ավելի շատ հարկեր վճարի, հարստանա և հարստացնի», - ասել է կառավարության ղեկավարը:
Ալեքսեյ Կոռնյան շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ կառավարության բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվելու համար և գոհունակություն հայտնել Հայաստանում իր գլխավորած ընկերության ծրագրերի ընթացքի, ինչպես նաև ՀՀ կառավարության, մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ փոխգործակցության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ «ՄՏՍ»-ը, հաշվի առնելով հայաստանյան շուկայի առավելությունները ՏՏ ոլորտում, մտադիր է ընդլայնել մեր երկրում գործունեության շրջանակը և նոր ծրագրեր իրականացնել նաև թվային շուկայի զարգացման, ծրագրային ապահովման, սպասարկման ոլորտներում: Ա. Կոռնյան նշել է, որ «ՄՏՍ» խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում՝ իր նպաստը բերելով ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է «ՄՏՍ»-ի՝ ներդրումների ծավալն ավելացնելու մտադրությունը և վերահաստատել կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հեռահաղորդակցության շուկայի զարգացման, տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավման, կորպորատիվ պատասխանատվության շրջանակում և այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: