կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 17:00
Իրավական

Հերքում Արթուր Վանեցյանին վերաբերող հրապարակման վերաբերյալ. ԱԱԾ

Հերքում Արթուր Վանեցյանին վերաբերող հրապարակման վերաբերյալ. ԱԱԾ

«Ժամանակ» թերթում և 1in.am կայքում «Փայ կմտնի» վերնագրով «լուր» է տպագրվել, որն ապատեղեկատվություն է, չունի իրականության հետ որևէ կապ, և պարունակում է զրպարտչական բնույթի «տեղեկատվություն»։ Այս մասին նշված է ԱԱԾ հայտարարության մեջ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»: Միաժամանակ, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»:

Սույնով կտրականապես հերքում եմ այդ հոդվածում հրամցվածն այն մասով, որն առնչվում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․ Վանեցյանին և, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի համաձայն, պահանջում եմ հրապարակել հերքումը: Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ նշված տեղեկությունները սահմանված կարգով չհերքելու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների։

Ավելացնեմ նաև, որ մենք բաց ենք մամուլի հետ աշխատանքում և ՀՀ ԱԱԾ գործունեության հետ որևէ կերպ առնչվող ցանկացած նյութ հրապարակելիս՝ ամբողջական պատկեր ունենալու համար, միշտ կարող եք ճշտել նաև կառույցի պաշտոնական կարծիքն ու դիրքորոշումն այդ հարցում:

Հարգանքով`
ՀՀ ազգային անվտանգության
ծառայության տնօրենի օգնական Վ. Բոյաջյան»: