կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-15 17:17
Քաղաքական

Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրվեց. պաշտպան

Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրվեց. պաշտպան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։

Պաշտպան Սահակյանն առաջադրված մեղադրանքը որակեց ապօրինի. «Բովանդակությունն էլ ակնհայտ անհասկանալի է։ Մեղադրանքի էությունը չի էլ պարզաբանվել։ Վանեցյանը, բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչել։ Մենք պահանջել ենք առերեսում կատարել բոլոր այն անձնանց հետ, որոնք հնարավոր է՝ վկայած լինեն իր դեմ եւ բացահայտել այն ապացույցները, որոնք հիմք են տվել այս մեղադրանքը առաջադրելու համար։ Մենք չենք պատկերացնում, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը գնում»։

Անդրադառնալով նշված քրեական գործով ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութին, որում կար նաեւ հեռախոսային խոսակցություն՝ Լուսինե Սահակյանն ասաց. «Մենք պահանջել ենք, որպեսզի բացահատվի, թե ովքեր են խոսող անձինք, որովհետեւ խոսակցությունից պարզ չէ՝ ովքեր են խոսում։ Պահանջել ենք այդ անձանց հետ կազմակերպել առերեսում։ Եթե անձը Վանեցյան ասելով նկատի ունի կոնկրետ Արթուր Վանեցյանին, հասկանալի լինի, թե ինքն ինչի մասին է ընդհանրապես խոսում։ Եթե նա կպնդի, որ Վանեցյանը հնարավոր ինչ-որ հանցագործության հետ առնչություն ունի, ապա մենք կարողանանք հարցեր տալ այդ անձին»։

Լուսինե Սահակյանն ասաց, որ մինչեւ այս պահը քրեական գործով որեւէ առերեսում չի կատարվել. «Որեւէ ապացույց նույնիսկ ձեւական չի ներկայացվել։ Այդ ձայնագրությունների մասին մենք տեղեկացել ենք մամուլից, այդ ապացույցներն էլ մեզ դեռ չեն ներկայացվել»։

Պաշտպանն շեշտեց, որ այս գործընթացը քաղաքական հետապնդում է. «Ամեն ինչ արվում է, որպեսզի փորձեն կասեցնել ժողովրդի ցասումը։ Ու անձինք, որոնք որոշակի գործողություններ կարող են ձեռնարկել, որպեսզի ժողովրդին կարողանան տանել այն ուղղությամբ, որ մենք չկորցնենք մեր հայրենիքը։ Ամեն ինչ անում են, որ իրենց ծրագիրը մինչեւ վերջ հասցնեն։։

Լուսինե Սահակյանն ասաց, որ քննիչը դեռ Վանեցյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել, սակայն, ըստ պաշտպանի՝ ենթադրվում է, որ կներկայացվի։

Նշենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ  35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։