կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 17:13
Հասարակություն

Հայ զինվորի համար առաջնագծում ծառայելը պատիվ է, ոչ թե պատիժ. ազատամարտիկ

Հայ զինվորի համար առաջնագծում ծառայելը պատիվ է, ոչ թե պատիժ. ազատամարտիկ

Վերջերս Մեղրիի զորամասերից մեկում միջադեպ էր տեղի ունեցել. որոշ ժամկետային զինծառայողներ չէին ենթարկվել հրամատարներին ու ինքնակամ լքել էին զորամասը: Ըստ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի` զորամասի վերադաս հրամանատարությունն անցկացրել է համապատասխան ծառայողական քննություն եւ որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Արդյունքում`մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:

Թեմայի շուրջ Yerkir.am-ը խոսել է Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանի հետ:

-Պարո'ն Մխիթարյան, ինչպե՞ս կգնահատեք վերջերս Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպը:

- Կարող եմ ասել, որ դա անցյալ տարվա` 2018 թվականի ապրիլին խաղաղապահ բրիգադի զինծառողների` ծառայության վայրը թողնելու, ցուցարարներին միանալու և անպատիժ մնալու հետևանքն է: Այն ժամանակ կարգազանցները չպատժվեցին, հանցագործությունը ներվեց, իսկ զորամասի հրամանատարն առաջխաղացման կարգով տեղափոխվեց այլ ծառայության: Հենց սա պատճառ դարձավ, որ արդեն Մեղրիի պարագայում զինվորներն ինքնակամ լքեն զորամասի տարածքը` տարբեր կարգախոսներով, օրինակ`«Մահ ոստիկաններին», «Կյանք գողերին»:  Նրանց կարգազանցությունն այսքանով չի սահմանափակվում: Հայտնի է, որ նրանք բավականին արտոնյալ կարգավիճակում են իրենց զգացել` հագել են այն համազգեստը, որն իրենք են ցանկացել, չեն սափրվել`պատճառաբանելով, թե  վարչապետն էլ է մորուքով: Այս ամենն ընդամենը հետևանք է բանակի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականության: Ամեն անգամ նմանատիպ ձևերով հեղինակազրկելով բանակը` կարող է կրկնվել 1920 թվականի այն սցենարը, երբ բոլշևիկները կազմալուծեցին հայկական բանակը, որը համարվում էր տարածաշրջանի  ամենամարտունակն ու հաղթանակածը: Բայց ի՞նչ ստացվեց, փաստորեն, Կարսը հանձնվեց առանց կրակոցի: Հենց Կարսի տարբերակն է կրկնվում Մեղրիում: Այն ժամանակ բոլշևիկներն էին բանակը կազմալուծելուն ուղղված քարոզչություն տանում, հիմա` Սորոսի լակոտները:  Ստացվում է` 100 տարի հետո կրկնվում է Կարսի հանձնման գործընթացը` արդեն Մեղրիում, ու դա ոչ թե վերաբերում է միայն Մեղրիին, այլև ընդհանուր բանակին:

-Արդյո՞ք ճիշտ էր իշխանությունների` կարգազանցներին առաջնագիծ տեղափոխելու որոշումը:

-Երբևիցե առաջնագիծը պատիժ չի կարող համարվել: Նախ` դատախազությունն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցված այդ զինծառայողների նկատմամբ: Նախաքննության ավարտից հետո ինչ-որ դատական պրոցես կընթանա, բայց ես համոզված չեմ, որ նրանք կպատժվեն: Եթե ներվեց խաղաղապահ բրիգադի հանցագործությունը, ապա ժամկետային զինծառայողները, թերևս իմ կարծիքով, շատ թեթև պատիժներով գլուխները կազատեն: Կրկնում եմ` հայ զինվորի համար պատիվ է առաջնագծում ծառայելը, հայ զինվորի համար իր ընտանիքի անվտանգությունն ապահովելը նախևառաջ առաքելություն է, ու ինչ-որ տհասների առաջնագիծ կամ առաջնագծի զորամաս ուղարկելը պատիժ համարելը ընդամենը նրանց տհասության արդյունքն է:

Չնայած իշխանությունների` բանակի հեղինակազրկմանն ուղղված այս քաղաքականությանը` համոզված եմ, որ ոչինչ չի ստացվելու, որովհետև բոլորը շատ լավ հասկանում են` մեր միակ փրկությունը մեր միասնականության ու բանակի հզորության մեջ է: Եթե ուզում ենք կանխարգելել պատերազմը, պիտի պատրաստ լինենք դրան և մեր պատրաստականությամբ էլ ստիպենք, որ հակառակորդը երբևէ չմտածի հարձակվելու մասին: