կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-22 16:12
Հասարակություն

Տոներ սահմանելուց առաջ արժե մի փոքր մտածել

Տոներ սահմանելուց առաջ արժե մի փոքր մտածել

Ես արդեն սկսել եմ կասկածել այն հանրահայտ ճշմարտությանը, որ Նիկոլ Փաշինյանի ձախորդությունների բուն մեղավորը նրա քաղաքական թիմն է: Պարզվում է` դա այնքան էլ այդպես չէ, և Փաշինյանն իր ծանրակշիռ ներդրումն ունի այդ գործում:

Կառավարության վերջին նիստում ահագին հետաքրքիր բաներ տեղի ունեցան, որոնց մասին կարելի էր մեկ-երկու տող բան գրել ՖԲ-ում ու ժողովրդին առավել հասկանալի լեզվով բացատրել, թե այդ ինչ աղմուկ էր այնտեղ, ինչ պետք է արած լինեին, որ չէին արել, և ինչու էր վարչապետն այդքան զայրացած: Բայց, արի ու տես, որ այդ նիստից Փաշինյանի վրա մեծ տպավորություն էր թողել միայն մեկ հարց՝ օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր: Փաշինյանը որոշել է ՖԲ-ում հենց այդ «կարևոր» օրինագիծը մեկնաբանել և գրել, որ դա արվում է «ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի»: Հասկացանք, իսկ ինչո՞ւ է Փաշինյանը «Ոչ» բառը գրել մեծատառով: Չլինի՞ արդեն ուզում ենք մեր հեղափոխությունը Ֆրանսիական հեղափոխության կամ Հոկտեմբերյան հեղափոխության կողքին դնել: Իսկ գուցե Շտապում ենք պատմության մե՞ջ մտնել: Հայրենի կառավարությանը մենք խորհուրդ կտայինք դանդաղ շտապել, որովհետև սա շատ նուրբ հարց է, և, չի բացառվում, որ պատմության մեջ մտնելու փոխարեն, հերթական հիմար պատմության մեջ ընկնենք:

«Իզմ»-եր չընդունող Փաշինյանն իր գրառման մեջ կտրուկ անցել է պոպուլիզմին (ամբոխահաճությանը) և մոտավորապես հասկացրել, որ ինչ անում են` ժողովրդի համար են անում. «Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը»:

Ի պատիվ բոլշևիկների, պետք է նշեմ, որ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ավանտյուրայի օրը` նոյեմբերի 7-ը (հին տոմարով հոկտեմբերի 25), պաշտոնապես տոն է հայտարարվել միայն 1927 թվականին: Մինչ այդ նոյեմբերի 7-ին ցաքուցրիվ միջոցառումներ էին տեղի ունենում Մոսկվայում և մի քանի այլ քաղաքներում: ԽՍՀՄ վերջին ղեկավարը, որ այդ օրը բարձրացել է Լենինի դամբարանի տրիբունա, եղել է Միխայիլ Գորբաչովը, որը, սակայն, 1917թ. ավանտյուրային անդրադառնալու փոխարեն ճառ է ասել փլուզվող ԽՍՀՄ-ի տարածքում նոր միավորի` ԱՊՀ-ի կազմավորման մասին: Ինչո՞ւ սա հիշեցի: Հայաստանն, իհարկե, հսկայածավալ ու բազմազգ ԽՍՀՄ չէ, բայց, ինչպես Խորենացին կասեր, մեզանում էլ հիշատակության արժանի շատ բաներ կան: Եվ հիմա, երբ Փաշինյանը հեղափոխության տոն է ուզում պարտադրել, այն էլ` որպես ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օր, արդյոք համոզվա՞ծ է, որ այդ տոնը բոլորինն է և միանշանակ տոնվելու է Հայաստանի բոլոր անկյուններում, բոլոր բնակավայրերում, հասարակության բոլոր շերտերում, բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց ու բոլոր տարիքային խմբերի շրջանում: Եվ վերջապես, ինչո՞ւ է Փաշինյանին թվում, որ «բուն հեղափոխությունը տոն» է եղել բոլորի համար:

ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների ուղղակի պարտադրել են նշել հոկտեմբերյան կարմիր ավանտյուրայի օրը, որը նույնիսկ կապ չի ունեցել այդ ժողովուրդների պատմության հետ: Հիմա նույնը հայ ժողովրդի գլխին ՀՀ կառավարությունն է բերում` գաղափար չունենալով անգամ, թե ինչպես պետք է նշել ինքնահնար այդ տոնը: Փաշինյանն է գրել. «Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում»: Զավեշտ չէ՞ սա: Հնարավոր է` այդ քննարկումներով որոշվի, որ մեկը ուսապարկով պետք է գնա Գյումրի և այնտեղից, արագաչափերը փակելով, գա Երևան: Այլ տարբերակներ էլ կարող են քննարկվել: Օրինակ` ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը փակել Երևանի փողոցները և բեմականացնել հեղափոխության նշանավոր դրվագներից մեկ-երկուսը: Հնարավոր է նաև այդ օրը վերածել համապետական «սելֆիի» և հեղափոխական աքսեսուարների տոնավաճառներ կազմակերպել: Եվ պատկերացրեք, որ այս ամենն իրականացնելուց հետո մենք ևս մի քանի տողով վեր կբարձրանանք աշխարհի ամենաերջանիկ ազգերի սանդղակում` չնայած մեր ծով խնդիրներին, որոնցից և ոչ մեկին դեռևս չի հասել, Փաշինյանի բնութագրմամբ, «… Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական» հեղափոխությունը:

Հետաքրքիր է նաև, որ Փաշինյանի կառավարության նախաձեռնությունն աջակցություն չի գտնում հայաստանյան առանցքային քաղաքական ուժերի կողմից: Հետևաբար` մեծ է վտանգը, որ «Քաղաքացու օր» կոչվող ավանտյուրան դառնա բացառապես «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլ»-ի քաղաքական մենաշնորհը: Այս տեսանկյունից շտապելն առավել քան հակացուցված է օրվա իշխանությանը, որովհետև առաջին իսկ իշխանափոխությունից հետո այս իշխանությունն ստիպված է լինելու իր հետ տանել նաև «Քաղաքացու օրը», ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկները տարան իրենց նոյեմբերի 7-ը:

Ի պատիվ Փաշինյանի` նշենք, որ նա, ի տարբերություն իր թիմի, նկատել է ապրիլի վերջին շաբաթ օրը տոն հռչակելու հետ կապված անհարմարությունը: Նա իր գրառման հետգրության մեջ խոսել է նաև այդ մասին. «Եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, այդ տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»: Այո, ՀՀ նոր կառավարության օրոք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը լուրջ անհարմարություններ է ստեղծում ՀՀ քաղաքացու համար: Սակայն Փաշինյանի առաջարկած տարբերակը` խույս տալ ապրիլի 24-ից և «ՔՕ»-ն նշել ապրիլի 25-ին, անընդունելի է, որովհետև ապրիլի 25-ին աշխարհի շատ երկրներում տակավին ցուցադրում են Ծիծեռնակաբերդ գնացող մեր երթն ու պատմում Թուրքիայի հրեշավոր հանցագործության մասին: Կարծում ենք` գեղեցիկ չէ, որ մենք այդ օրն այստեղ ուրախության նոպաներ ունենանք:

Նախապես խոսվում էր քաղաքացու օրը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա հետ «խոսեցնելու» և ապրիլի 23-ին նշելու մասին: Հետո հասկացան, որ դա էլ գեղեցիկ չէ, որովհետև այդ օրն անմեղ զոհերի հոգիների խաղաղության հսկումի օրն է` մոմավառություն, ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ, որն արդեն մեկ անգամ (2018թ.) տեղի չի ունեցել հայտնի իրադարձությունների պատճառով:

Փաշինյանի նախարարներն իրենց հարցազրույցներում նշեցին, որ չեն ցանկանում լրացուցիչ ոչ աշխատանքային օր մտցնել տոնացույց: Սա նշանակում է, որ նրանց հարմար չէ «տոնը» նշել ապրիլի 22-ին կամ 26-ին: 26-ը հեռու է 23-ից, իսկ 22-ն էլ, հակառակի պես, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան օրն է: Այս դիլեման է, որ, չնայած քաղաքացու հանդեպ իրենց անմնացորդ սիրուն, չեն կարողանում լուծել Փաշինյանն ու նրա թիմը: Բայց մենք կարող ենք նրանց օգնել այդ հարցում: Քաղաքացու օր կարելի է հռչակել հոկտեմբերի 2-ը, որը կարելի է դասել մեր նորագույն պատմության ամենախելահեղ օրերի թվին:

Իսկ ի՞նչ է մտածում քաղաքացին, որին, առհասարակ, չեն էլ հարցրել` դու քաղաքացու օր ուզո՞ւմ ես, թե՞ չես ուզում: Քաղաքացին, կարծում ենք, կպատասխաներ` այն երկրում, որի քաղաքացին եմ ես, Սահմանադրությամբ բոլոր օրերն են իմը, և այնպես չէ, որ պետք է ուրախանանք այս «հատուկ շնորհի» համար: Աննախադեպ պոպուլիզմով մեզ հաճոյանալու կարիք չկա, պարոնա'յք, իսկ եթե շատ եք ցանկանում կարևորել հեղափոխությունը, ապա ստիպված եք սպասել, որովհետև դեռ շատ ժամանակ է պետք` հասկանալու համար, թե այս հեղափոխությամբ իրականում ինչ է եկել մեր գլխին:

Էդիկ Անդրեասյան