Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետին քննադատող նյութ գրելու համար լրագրողին Ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կանչելն ու ՏՄՊՊՀ-ի մուտքը լրատվամիջոցներ որակում եմ, միարժեքորեն, որպես ճնշում լրատվամիջոցների հանդեպ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Ավելին ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի ամբողջապես լուծել դատական իշխանության հարցը, հաջորդ թիրախը տեղափոխվելու է լրատվամիջոցների վրա․ սա առաջին քայլն է»,-նշեց նա։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավարը վստահ է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը անմիջականորեն ուղղված է այդ նպատակին․ իրենք այս մասին հայտարարություն արդեն արել են։
«Մենք սպասում ենք նորանոր ճնշումների լրատվամիջոցների նկատմամբ»,-նկատեց Աղասի Ենոքյանը։
Պատճառը, նրա համոզմամբ, այն է, որ երբ դատական իշխանության հարցը լուծվի, լրատվամիջոցները կմնան, ըստ էության, միակ գործիքը, որը կարող է ինչ-որ կերպ խոչընդոտել ամբողջատիրության հաստատմանը։
««Տեսալսողական մեդիայի մասին» այս նոր օրենքը, ըստ էության, մեդիային հանում է և հիմնական իրավունքները դնում է «լիազորված մարմնի» վրա․ հասկանալի է, որ դա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է։ Այսինքն, ամեն ինչ կարգավորելու է ՀՌՀ-ն և ոչ թե օրենքը, ընդհուպ մինչև խմբագրական քաղաքականության մեջ մտնել, հաճախականություններ տալ, ամեն ինչ»,-նկատեց Աղասի Ենոքյանը։
Նա համաձայն է գնահատականների հետ, որ այս օրենքով ՀՌՀ-ն դառնում է «մոնսթր»՝ ընդլայնվում են պատժիչ գործողությունները․ «Այո, նրանք կարող են լրատվամիջոցների հեռարձակած քոնթենթի մեջ մտնել, նրանք կարող են որոշել՝ ով տեղ ունի հանրային մուտլիպլեքսում, նաև մասնավոր մուլտիպլեքսների կազմը կարող են որոշել»։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ընդդիմադիր ուժերն ունեն լրատվամիջոցներ, որոնցով պայքարում են իր իշխանության դեմ և պետք է նրանց աշխատանքը թափանցիկ դարձնել, Աղասի Ենոքյանի համար տարօրինակ են․ «Ես մի ակնհայտ բան կարող եմ ասել, որ կառավարող կուսակցությունն ունի անվազն 3 լրատվամիջոց՝ վարչապետի ընտանիքն ունի իր լրատվամիջոցը և երկու պատգամավորներ ունեն լրատվամիջոցներ․ կարծում եմ այստեղ ապացուցելու բան չկա»,-նշեց նա։
Թափանցիկություն ապահովելն, իհարկե, իրենց լրատվամիջոցներին չի վերաբերելու՝ համոզված է Ենոքյանը․ «Իհարկե ոչ, սա կլինի մտրակ ընդդիմադիրների դեմ։ Մանիպուլյացիաների դաշտն այսօր այնքան է ոչ միայն ընդլայնվել, այլև լղոզվել, որ պատժիչ գործողությունների համար հիմք է հանդիսանում ոչ թե օրենքը, այլ վարչապետի հրամանը»։
Փաշինյանի հայտարարությունը, թե՝ ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է և խորհրդարանում պետք է ներկայացված լինի այնպիսի ընդդիմություն, որը սատարում է իր իշխանությանը, Աղասի Ենոքյանի համար անակնկալ չէ։
«Դա որոշված էր՝ թե ով պետք է լինի ընդդիմություն նաև 2018 թվականին, ես նույնիսկ լուրջ կասկածներ ունեմ, որ քվեարկության ժամանակ տեղի են ունեցել խախտումներ, այլապես ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էր «Լուսավոր Հայաստանը» հայտնվել խորհրդարանում»,-ասաց նա։
Քաղաքագետի համոզմամբ, նաև 2018-ին էր Փաշինյանը որոշել իր համակիրներին դարձնել ընդդիմություն, պարզապես ԲՀԿ-ի մասով նրա հաշվարկները ճիշտ դուրս չեկան և ԲՀԿ-ն, չնայած շանտաժներին, վերջին շրջանում որոշեց չենթարկվել իրեն, միանալ որոշակի սահմանադրական պրոցեսների, ինչն իր համար հաճելի չէր․ «Իր հաշվարկով այդպես չպետք է լիներ, որովհետև բավականաչափ շատ կոմպրոմատներ կար այդ կուսակցության վրա և նա հույս ուներ՝ այդ կոմպրոմատներով նրանց կպահի հավերժ հլու վիճակում»։
Ընդդիմադիրներին խոսափողից զրկելը, Աղասի Ենոքյանի դիտարկմամբ, շատ դժվար է լինելու․ «Այսինքն, հնարավորությունները պարզ են՝ կարելի է դնել և «ռուբիլնիկը» անջատել՝ ինչպես եղավ Արցախում TV5 հեռուստաընկերության հետ։ Ճիշտ է դրանով նրանք մեծ լսարան կկորցնեն, բայց, այնուամենայնիվ, մնում է ինտերներտը և ես չեմ պատկերացնում՝ ինտերնետի՞ վրա ինչպես կարելի է ազդել»։
Ինչպես դա կազդի երկրում ժողովրդավարությա՞ն վրա՝ Աղասի Ենոքյանն առաջարկում է ժողովրդավարության մասին ընդհանրապես մոռանալ ՍԴ հետ կապված խայտառակ հակասահմանդրական օրենքի ընդունումից հետո։
Աննա Բալյան