կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-07 18:47
Առանց Կատեգորիա

Ճառը շարունակվում է, զանգ կախելու ժամանակը՝ անցնում

Ճառը շարունակվում է, զանգ կախելու ժամանակը՝ անցնում

Արդեն հարմարվում ենք նոր իրավիճակին՝ առօրյա հոգսերին ընդառաջ: Հիմա էլ ասում են` պիտի սպասենք՝ առանց շտապելու, հետո լավ է լինելու:

Իրականում տնտեսությունը շարունակում է ընթանալ իներցիայով: Տնտեսական կյանքում պետության դերն ու պարտավորությունները նախկինի պես նվազեցվում են տարբեր փաթեթավորումներով և նոր սպասումներ առաջացնելով՝ պետական համակարգի օպտիմալացում, տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ապահովում և աշխատանքի քաջալերում, մեծածավալ ներդրումների մասին լեգենդներ, պատմություն դարձած մենաշնորհներ, կոռուպցիայի դեմ պայքար և պետական բյուջեի եկամուտների թռիչքային ավելացման լայն հնարավորություններ, հարկային համակարգի բարեփոխումներ և եկամուտների առաջանցիկ աճ, արտահանման ավելացում և տնտեսական աճ, ի վերջո՝ տնտեսական հեղափոխություն և տնտեսության սոցիալական ներառական զարգացում: Ջանք ու հարթակ չխնայելով՝ օրվա իշխանությունները խոստանում են գրեթե ամեն ինչ, որ տնտեսությունը զարգանա հեղափոխական ճանապարհով: Նույնչափ հետևողականորեն տողատակով քաշվում է պետության նվազագույն պարտավորությունների գիծը, որն իր ընդհանուր արտացոլումն ունեցավ Ազգային ժողովի կողմից օրերս հաստատված` կառավարության հնգամյա ծրագրում:

Իհարկե, ազնիվ կլիներ, եթե լայն հանրությանը ի սկզբանե, միանգամից, պարզ ու հստակ ձևով ներկայացվեին տնտեսական հեղափոխության խաղի կանոնները և յուրաքանչյուրի պարտավորությունները: Օրինակ՝ օրվա իշխանությունն ասեր, որ տնտեսական հեղափոխության գործում պետության պարտավորությունը լինելու է տնտեսվարման համար հավասար պայմաններ ստեղծելը և որևէ մեկին չխանգարելը, ամբողջությամբ շուկայական սկզբունքներին ապավինելը և պետական հնարավոր աջակցության համահարթեցումը բոլորի համար: Այս պարագայում ուժեղը պիտի հաղթի թույլին և գրավի նաև նրա տեղը, իսկ թույլն էլ պիտի իր խելքով ճանապարհ հարթի՝ ուժեղանալու համար, որ հաղթի մյուս թույլերին կամ էլ դուրս գա անպտուղ պայքարից և սպասի հրաշքների: Բայց ամենակարևորը՝ որևէ մեկն այլևս երբեք չպետք է բողոքի իր սոցիալական վիճակից:

Այս մոդելի պարագայում նույնիսկ գործող կառավարության համար են անորոշ սոցիալական հնարավոր արդյունքները: Դրա համար էլ կառավարության հնգամյա նոր ծրագրում այս ուղղությամբ չափելի թիրախներ չկան, ասենք` այս մոդելի գործադրման պարագայում (մեկ տարի, երկու տարի և այսպես մինչև խորհրդարանական հաջորդ ընտրություններ) մեր երկրի բնակչության շուրջ 30 տոկոսը կազմող աղքատների կամ շուրջ 20 տոկոսը կազմող գործազուրկների կամ հենց աշխատողների շրջանում 25 տոկոս աղքատների ո՞ր մասն այդպես էլ կմնա կյանքի դժվարին իրավիճակում ու աղքատության ճիրաններում կամ կարտագաղթի իր հայրենի բնակավայրից՝ այս անգամ կորցնելով նաև բողոքելու` իր քաղաքացիական իրավունքն ու վերջին հույսը, քանի որ այս հիմնարար պայմանն ընկած է օրվա իշխանության նախաձեռնած տնտեսական հեղափոխության խաղի կանոնների հիմքում, որոնք արդեն հմտորեն գծվել են հանրության շուրջ 70 տոկոս վստահության ֆոնի ներքո:

Ակնհայտ է, որ նոր կառավարության գործունեության նախորդ` շուրջ մեկ տարվա արդյունքներն առնվազն հուսադրող չեն՝ տնտեսական ու սոցիալական ոլորտներում հռչակված նպատակադրումների առումով, և դրանք քայլ առ քայլ հեռանում են հանրության լայն հատվածի շրջանում առկա մեծ սպասումներից: Պետական պատասխանատու պաշտոնյաների կողմից շատ անգամ նույնիսկ առանց անհրաժեշտ մանրամասների, սիրողական մակարդակում ներկայացվում են սոցիալական ներառական զարգացմանը վերաբերող ժողովրդահաճո նպատակադրումներ, սակայն հետագայում այդպես էլ չեն ուրվագծվում որոշում կայացնողների կողմից դրանց առարկայական լուծումներն ու հավաքական պատկերացումները: Ականատես չենք լինում սոցիալական արդի խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ բազմիցս խոստացված, օբյեկտիվորեն անհրաժեշտ բովանդակային քննարկումների և նախաձեռնությունների:

Այս մասին փաստել ենք՝ 2019 թվականի պետական բյուջեի, կառավարության հնգամյա նոր ծրագրի, կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողականի, հարկային համակարգի նախատեսվող փոփոխությունների, ժողովրդագրության և սոցիալական պաշտպանության ոլորտում ներառական զարգացման համար անհրաժեշտ իրական բարեփոխումների բացակայության և չլուծվող խնդիրների վերաբերյալ մասնագիտական մեր բազմաթիվ հրապարակումներով:

Իհարկե, կառավարության կողմից առաջ քաշվող տնտեսական հեղափոխության այս մոդելի իրական արդյունքները կարձանագրվեն և տեսանելի կլինեն ժամանակին զուգընթաց: Սակայն այս իմաստով հատկանշական են նաև անկախացումից հետո մեր երկրի սոցիալ-տնտեսական` միևնույն գաղափարական հիմքն ունեցող քաղաքականության արձանագրած վիճակն ու արդյունքները: Ըստ էության, օրվա իշխանությունները  դասեր չեն առնում պատմությունից, և պետությունը խորացնում է նեոլիբերալ սկղբունքներով ձևավորված սոցիալ-տնտեսական` արդեն ձախողված քաղաքականությունը:


Թադևոս Ավետիսյան


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ