կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 15:45
Մշակույթ

Բառերի ընտրությունից մի կաթիլ մեղրի պատմությունն է առաջացել. Ղարիբյան

Բառերի ընտրությունից մի կաթիլ մեղրի պատմությունն է առաջացել. Ղարիբյան

Պատկերացնել չէի կարող, որ այսքան աղմուկ, կցկտուր տեղեկություններ կհայտնվեն, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղիք կտան. այսօր լրագրողներին ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը` անդրադառնալով ՊՈԱԿ-ների գործունեության վերաբերյալ նախարարության վերլուծություն-տեղեկանքին ու դրա շուրջ ծավալված քննարկումներին:

Ասուլիսի հենց սկզբում նա նշեց, որ քննարկումները մի կաթիլ մեղրի կամ փչացած հեռախոսի պատմությունն են հիշեցնում:  Ըստ Ղարիբյանի` խնդիրը ոչ թե իրենցն է, այլ կապված է բառերի ընտրության հետ:

«Խոսքը կառավարության հանձնարարականների մասին է, և այդպիսի առաջադրանք ստանում ենք գրեթե ամեն օր: Հանձնարարական էր ստացվել` ուսումնասիրել, վերլուծել ՊՈԱԿ-ների գործունեության դաշտը, թե ինչպիսին է ՊՈԱԿ-ների վիճակը, և տալ առաջարկություն օպտիմալացման շրջանակներում:  Հանձնարարականի համաձայն` պետք է առաջնորդվեինք ոչ թե խնայողություններով, կրճատումներով, այլ արդյունավետության հրամայականով: Սևագիր տեղեկանքի մասին է խոսքը, և այդ թուղթը մեզ համար առաջին վերլուծություն է, որի արդյունքն ուղարկվել է կառավարություն, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է ընդունի ի գիտություն և մարտի 5-ին որոշում կայացնի: Կան մեկ-երկու ՊՈԱԿ-ներ, որոնք կարող են միավորվել, այնպես չէ, որ, եթե մի ՊՈԱԿ փակվի, ապա այլընտրանք չեն առաջարկելու»,- ասաց Ղարիբյանը:

Նա հավելեց` նախարարությունում փորձում են  հասկանալ, թե ինչպիսի կառուցվածքն ու համագործակցությունն է առավելագույնս հարմար ՊՈԱԿ-ների, մշակութային ժառանգության պահպանման և դրանց հանրահռչակման համար: Ըստ նախարարի պաշտոնակատարի` սևագիր փաստաթղթում հայտնված ՊՈԱԿ-ների տնօրեններին տեղյակ չի պահվել այս ամենի մասին, քանի որ ուսումնասիրությունը «սևագրի վրա է եղել»:

Ղարիբյանն ասաց նաև, որ երկուշաբթի օրը քննարկում է նախատեսված մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների տնօրենների հետ: