Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ է խոսվում սոցիալական, տնտեսական արդարության մասին, տարբեր ուժեր տարբեր մոտեցումներ են առաջարկում, բայց միակ սոցիալիստական ուժը Դաշնակցությունն է, մյուսները լիբերալ են. Արտաշատում ՀՅԴ քարոզարշավի շրջանակներում հայտարարեց պատգամավորության թեկնածու, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանը:
Նրա կարծիքով` լիբերալ քաղաքականություն որդեգրած ուժը` լինի նախկին, թե ներկայիս, չի կարող սոցիալական հարց լուծել: «Մենք ասում ենք` եկեք բոլորով աշխատենք, ստեղծենք արդյունք ու այդ արդյունքը արդար բաշխենք մեր մեջ: Եթե սրանից տարբերվող այլ բան են ասում, ուրեմն դա կրկին տանելու է սոցիալական ծայրահեղ բևեռացման: Չի կարելի «սոցիալական արդարություն» բառակապակցությունն ամենուր խցկել: Մեր երկրում ժողովրդական շարժումից հետո տեղի ունեցած իշխանափոխությունը ոչ մի տնտեսական կուրս չի փոխել: Նույն կերպ պետական ինստիտուտների բոլոր գործառույթներն առաջիկայում պատվիրակելու են մասնավորին, այդ կերպ գնալու են դեպի պետական համակարգի քանդմանը»,- շեշտեց նա և ներկայացրեց այդ հարցում ՀՅԴ-ի մոտեցումը:
«Դաշնակցությունն ասում է` պետք է պետական ինստիտուտներն ամբողջությամբ վեր բարձրացնել, պետք է դնել պատասխանատվություն, թափանցիկ համակարգ, ուրիշ տարբերակ չկա: Հիմա ընտրապայքարի մեջ մտած 11 քաղաքական ուժերին որ լսենք, տարբեր են ասում. մեկն ասում է` սոցիալական արդարություն եմ ուզում, բայց իր գործառույթներով, բերած օրենքներով 10 հազար ուսուցիչ է կրճատելու, 100 հազար մարդ պետական համակարգից է հեռացնելու աշխատանքից, էլ ո՞նց են բերելու սոցիալական արդարություն»,- ասաց նա:
Ըստ նրա` Դաշնակցությունն է միակ՝ սոցիալական արդարություն բերողը, քանի որ ունի ամբողջական կոնցեպցիա՝ հայեցակարգ: «Հիմա ուզում եմ հասկանալ լիբերալ քաղաքական ուժերին, այդ մարդիկ ունե՞ն այդ կոնցեպցիան, որ գոնե հրապարակեն, մեր հրապարակած կոնցեպցիայի հետ ժողովուրդը կարողանա համեմատություն անի: Դեկտեմբերի 9-ին բոլորս միակամ գնում ենք ու մեր խղճի մտոք քվեարկում ենք: Քվեախցում մենակ ենք, մտեք և ձեր քվեարկությունն արեք, Դաշնակցությունը 3-րդ քվեաթերթիկն է»,- եզրափակեց Գրիգորյանը: