կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-14 13:12
Հասարակություն

Պատերազմներում տնտեսական դիմագրավման ու հաղթանակների ապահովման հավաքական լուծումը սոցիալական պետության մոդելն է

Պատերազմներում տնտեսական դիմագրավման ու հաղթանակների ապահովման հավաքական լուծումը սոցիալական պետության մոդելն է

Թշնամիների երկար նախապատրաստած և 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը ևս հաղթելու ենք ռազմի դաշտում:

Այս պատերազմները և դրանց իրական հավանականությունը առաջ են բերում նաև նոր մարտահրավերներ տնտեսական դաշտում, որոնց ևս պարտադրված ենք դիմակայել հիմա և երկարաժամկետում: Սա առավել իրական է դարձել վերջին 3-4 տարիներին մեր թշնամի հարևանների կողմից սանձազերծված պատերազմների հետևանքով:

Փաստ է՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պարագայում զիջումների գնով, հեշտ և պարզունակ սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհ չկա:

Հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի հիմքը պետք է հանդիսանա Հայ մարդու հավաքական անվտանգությունը: Այս հիմնադրույթը պետք է ունենա ոչ միայն իրավական և քաղաքական ամրագրումներ, այլ նաև պետք է դառնա երկարաժամկետ ռազմավարություն: Եվ պետք է շարունակաբար կյանքի կոչվի օրվա իշխանությունների կողմից հետևողական քայլերով՝ ծրագրային չափելի թիրախներով ու համարժեք արդյունքներով:

Մասնավորապես, պետությունն իր ինստիտուտներով և ողջ ներուժով պետք է դառնա այս մոդելի շարժիչ ուժը, իսկ գործող ցանկացած իշխանություն պետք է կրի իրեն տրված ժամանակահատվածի համար նախանշված արդյունքների ապահովման ողջ պատասխանատվությունը: Սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող չափելի խոստումները և դրանց համար լիարժեք պատասխանատվության ստանձնումը պետք է դառնան քաղաքական մշակույթի անբաժանելի բնութագիրը:

Այս պարագայում, որպես տնտեսության կենսունակության բարձրացման և պատերազմական իրավիճակներում կայուն դիմակայումն ապահովելու կարևոր սկզբունքներ, պետք է որդեգրվեն.

-       տնտեսական ներքին ռեսուրսների առավելագույն ներառումը և դրան համարժեք՝ երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործումը,

-       սոցիալական ներառականության հետևողական ընդլայնումը,

-       «Շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքով եկամուտների արդար բաշխումը և հանրային լիարժեք համերաշխության ապահովումը,

-       Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացմանը աշխարհասփյուռ հայության, բարեկամ բազմաթիվ երկրների փոխշահավետ մասնակցության համար առաջնային հնարավորությունների ապահովումը:

Սա զարգացման երկարաժամկետ բանաձև է, որի գործադրման հետևողականությունը ենթակա չէ փոփոխման, քանի դեռ պահպանվում են աշխարհաքաղաքական այս իրական մարտահրավերները: 

Այս բանաձևը հնարավոր է կյանքի կոչել միայն իրապես սոցիալական պետություն կառուցելու ճանապարհով: Ի դեպ, բազմաթիվ երկրներում այն արդեն վաղուց առկա, հաջողված այլընտրանք է չկարգավորվող ազատական տնտեսվարմանը և պետական սոցիալիզմին:

Այս ճանապարհը բացառում է տնտեսության ինքնանպատակ, բացառապես շուկայական սկզբունքներով՝ նեոլիբերալ մոտեցումները: Այն նախ և առաջ պահանջում է, որ առկա ողջ ներուժի օգտագործմամբ ստացվող տնտեսական արդյունքները պետք է դառնան նյութական հիմք հայ ժողովրդի անվտանգ, ազատ և բարեկեցիկ կյանքի համար:

Միաժամանակ համոզված ենք՝ հայկական երկու հանրապետություններն ունեն այս ճանապարհով զարգանալու բավարար ներուժ, որի մի զգալի մասը դեռևս իրացված չէ, այդ թվում՝

-       որպես տնտեսության լոկոմոտիվ և առաջնային բևեռ՝ ռազմական արդյունաբերության և ՏՏ ոլորտների փոխկապված զարգացման օբյեկտիվ հնարավորությունները,

-       միջազգային չափանիշներին համապատասխան՝ հանքարդյունաբերության զարգացումը,

-       բնակլիմայական և պատմա-մշակութային բավարար պայմանները՝ ինտենսիվ գյուղատնտեսության, օտարերկրյա զբոսաշրջության զարգացման համար,

-       վերամշակող արդյունաբերության կայուն աճի առարկայական նախադրյալները,

-       որակյալ աշխատանքային ռեսուրսներն ու գիտական մեծ ներուժը,

-       հայկական սփյուռքի տնտեսական իրական ներուժը,

-       ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի շուկաներ ազատ մուտքի հնարավորությունը, Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացման հեռանկարը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների շուկաների հասանելիության որոշակի արտոնությունները, որոնք գործում են Հայաստանի համար:

Ամփոփելով՝ աշխարհաքաղաքական ներկա մարտահրավերների և հայ ժողովրդի համար դրա մարդակեր կոնկրետ դրսևորումների պայմաններում սոցիալական պետության իրական կառուցումը մեր գոյատևման միակ հնարավորությունն է: Այսպիսով արդարացված կլինի նաև պետության կարգավորիչ դերը: Լիարժեք կկատարվեն նաև պետության անունից քաղաքացիներին և ձեռնարկատերերին ուղղված պահանջները՝

-       արժանապատիվ աշխատել և սեփական քրտինքով բարելավել իր և իր ընտանիքի կյանքի որակը,

-       իրականացնել ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր ու ամբողջական վճարել հարկերը,

-       դրսևորել սոցիալական պատասխանատվություն և խուսափել շուկայում գերիշխող դիրքի չարաշահումներից,

-       երկրի տնտեսական առավելագույն ներուժին համարժեք՝ զարգացնել ձեռնարկատիրությունն ու ստանալ արդարացի շահույթ և այլն:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ