կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 21:09
Իրավական

Սրբազան գործողությանը համազոր արար

Սրբազան գործողությանը համազոր արար

Մարդկային հոգու անպարփակ խորքը քննելու, ներթափանցելու և այդ տարածքը աստվածայինով լցնելու հերթական մի արար էր հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ 2019-ի համերգաշրջանի առաջին բեմելույթը, որի ծրագրում ընդգրկված հեղինակների երկերից յուրաքանչյուրի կատարումն, ասես, մուտք էր հայ երաժշտական մշակույթի տաճարի գանձարան: Այդ գանձարանից «Տաղարանի» գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մաեստրո Սեդրակ Երկանյանն հատուկ այս համերգային երեկոյի համար քաղել էր միջնադարի հեղինակների հոգևոր ու աշխարհիկ ստեղծագործություններ, գուսանական և ազգային երգարվեստի նմուշներ՝ համադրված հնագույն ժամանակներից մեզ հասած երգ ու մեղեդիների սեփական բարձրարվեստ մշակումներով: Նա, ով քիչ թե շատ հետևում է համույթի ստեղծագործական ընթացքին, գիտե, որ չկա «Տաղարանի» մի ելույթ, որում չլինեն նոր ստեղծագործությունների պրեմիերաներ՝ հիմնականում երկանյանական ձեռագիրը կրող, եղանակավորման յուրատիպ ու անշփոթելի «գունախաղով», հնչման նրբագեղությամբ:

 ԵՐԵՔ ՊՐԵՄԻԵՐԱ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՄԻ ԵՐԵԿՈՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Փետրվարի 22-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայացած համերգին «Տաղարանը» մատուցեց երեք ստեղծագործությունների պրեմիերաներ: Դրանցից մեկը Բալուի շրջանի երգարվեստից առնված գանձերի հիման վրա կառուցված «Աղկեկ աղջիկ, Տալ-տալա» սիրերգն է: Երգշարը մատուցեց համույթի մեներգիչ Պերճ Քարազյանը, որի կատարումը՝ շաղախված կատակային երանգներով, հետաքրքիր էր նաև երգի լեզվական-բարբառային ինչ-ինչ առանձնահատկություններով: Բալուի երաժշտական բանարվեստի մշակումների շարքում հերթականը լինելով՝ այս երգշարը վկայությունն է այն բանի, որ չնայած այլ մշակույթների ազդեցությանը, հայ երգարվեստը կարողացել է պահպանել իր նախնական անաղարտությունը: «Բալուն ամենահետաքրքիր շրջաններից է իր երաժշտական ֆոլկլորի տեսանկյունից,- ասում է Մաեստրո Սեդրակ Երկանյանը:- Գտնվելով Պատմական Հայաստանի գրեթե ծայր արևմուտքում՝ այն, կարծես թե, ավելի շատ է ենթակա եղել օտարազգիների, զանազան ժողովուրդների մշակութային ներգործություններին, բայց զարմանալիորեն մնացել է բավական հայեցի և իր լեզվական-բարբառային առանձնահատկությունների մեջ ունի արևելահայերենի «աշխարհ»: Այս առումով, Բալուի տարածաշրջանի երաժշտարվեստը շատ հետաքրքիր է»:

Պերճ Քարազյանի կատարումը սիրազեղ էր, գեղջկական պարզ ու շիտակ աշխարհում ապրող մարդու ապրումներն արտացոլող, ուրախ – անհոգ, բնությանը մոտ, բնությանը ներդաշնակ...

Մյուս պրեմիերան Գրիգոր Նարեկացու «Հարության տաղի» գործիքային կատարումն էր. բլուլի համար փոխադրումը դարձյալ պատկանում էր Սեդրակ Երկանյանի աշխատությունների շարքին:

 «Ի ՁԵՌՍ ՄԱՐՄՆԱՒՈՐԱՑ ՏԵՍՑՈՒՔ ԶՀՈԳԵՒՈՐՍ». ՆԱՐԵԿԱԲՈՒԽ ՀՈՒՆՉԵՐ

Ու թեև առաջին անգամը չէր, որ բեմից հնչում էր Գրիգոր Նարեկացու «Հարության տաղը», որ հայտնի է նաև «Սայլն այն իջանէր» անվանմամբ (երկի առաջին տողն է),սակայն, անդրանիկ կատարումն էր Հասմիկ Հարությունյանի բլուլի մենանվագով: Առաջին անգամն էր, որ Նարեկացու «Հարության տաղը» ներկայացվեց գործիքային կատարմամբ: «Բլուլի մենանվագով այս ստեղծագործության կատարումը շատ հետաքրքիր և յուրահատուկ է,- ասում է Մաեստրոն,- և Հ. Հարությունյանն այն առանձնահատուկ է մատուցում գործիքով»:

Իրոք որ, նարեկացիական ոգեշնչման նրբությունն ու թեմայի խորության ընկալումը կար բլուլահարուհու նվագում: Ասես կենդանանում էր սրբազան պատկերը, և նվագի ընթացքին՝

«...Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց,

և ի վերայ նորա աթեք են կարգեալ,

և ի վերայ նորա գահոյք ոսկեղէնք,

և ի վերայ նորա բեհեզք ծիրանիք,

և ի վերայ նորա որդի արքայի...

Ածեալ են, ածեալ զսայլիկն,

ածեալ են կացուցանել.

և ահա չշարժէր սայլիկն ա՛յն՝

և ահա չխաղայր անիւն ա՛յն..»:

Պոետական հնարքներն ու արտահայտչամիջոցնե՞րն էին ուղղակիորեն վերածվել նվագի, թե՞ նվագն էր բանաստեղծաբար - քնարահունչ արտաբերվում. երկուսը միահունչ էին, թեև բառերով այս անգամ չէր երգվում: Երաժշտական յուրակերպ նորամուծություն էր այս փոխադրումը՝ գունագեղ, հարուստ, ոնց Նարեկացու բանաստեղծությունն է: Նարեկացու տաղերի երաժշտական բաղադրիչների վարպետ գործածմամբ հոսում էր մեղեդին՝ ստեղծելով առաջ մղվող սայլի, բնության զարթոնքի ու հրճվանքով լի պահերի տեսիլքը: Հոգևորի ու աշխարհիկի միաձուլվածքով՝ իրականության մեջ կառուցում էր ներքին հոգեկան ներդաշնակության իդիլլիան, միաժամանակ գողտրիկ էր՝ Կոմիտասի սիրելի նվագարանի՝ սրնգի հունչով:

Հասմիկ Հարությունյանի բլուլի մենանվագը երիցս հնչեց այս համերգին: Հաջորդը «Հովվերգականն» էր՝ բնության մեջ հովվական նվագարանի անաղարտ հնչումով, որ մարդու ու բնաշխարհի ներդաշնակության մի արտահայտություն էր, այդ աշխարհին միաձույլ, անխարդախ կեցության կերպը:

Հատուկ այս համերգի համար էր Ս. Երկանյանը գործիքավորել «Գարուն» խորագրված մեղեդին՝ դարձյալ բլուլի մենանվագով և լարային գործիքների, քանոնի, դուդուկի, ուդի նվագակցությամբ: Եվ սա երրորդ առաջնելույթն էր նույն համերգային երեկոյի շրջանակներում: Նրբահյուս, քնքշասահ հնչեց այս մեղեդին, իր կառույցի ողջ ներդաշնակությամբ, ականջ շոյող, հոգին խաղաղեցնող, գարնանային օդի թարմություն և բողբոջող ծառերի բուրումները բերող:

Բլուլահար Հասմիկ Հարությունյանի շնչով հնչած քնարական և սրտազեղ հովվերգական նվագների հետ նկատելիորեն համահունչ էր «Ե՜կ, իմ սրինգ» երգը՝ Գալինա Ցոլակյանի կատարմամբ: 

ՇՈՒԼԱՎԵՐԻ ՀՈՐՈՎԵԼԸ

Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ծոբոփոր գավառում է Շուլավերը (ներկայումս՝ Շահումյան քաղաք Մառնեուլի շրջանում): Անհիշելի ժամանակներից այստեղ հայեր են բնակվել, զանազան ավերների ու ավարների հետևանքով բնակավայրը քանիցս հայաթափվել է, բայց էլի հայը հաստատվել է այստեղ, հող վարել, աչքը՝ երկնքին ու հորովելականչով եզանը համոզելով, գուրգուրալից ձայնով առաջ գնացել հերկերի մեջ...

...Ինձ համար հորովելը աղոթքի պես մի բան է, համարյա դրան համահավասար, քանզի առավել ազնիվ բան չես գտնի, քան քրտինքը հողին խառնած մարդու հուսո կանչը՝ բնությանը ներդաշնակ, Աստծու հետ անմիջնորդ խոսող... Նման՝ երկու տասնյակից ավելի աղոթք-հորովելների հեղինակ է Մաեստրո Սեդրակ Երկանյանը, որոնցից մեկի նյութն էլ քաղել է Շուլավերի հինավուրց երգարվեստից: Հեղինակի համոզմամբ, իր կողմից՝ հորովելների «քարտեզագրումով» նաև ապացուցվում է մեր հնամյա ինքնությունը, տվյալ բնակավայրերում հայ ազգի անուրանալի ներկայությունը, ազգային երաժշտության աղբյուրների գոյության փաստը: «Համերգային ծրագրում ընդգրկելով այս հորովելը՝  նաև  ցանկացել եմ փաստել, թե որքա՜ն հիմնավոր է եղել մեր նախնիների բնակության ընտրության վայրը, որքա՜ն հարազատ է եղել այս տարածաշրջանն իրենց, որ ոչ միայն ապրել, վարել-ցանել են, այլև ստեղծել են երգ, նվագ և հազար ու մի մշակութային այլ հետաքրքիր, առարկայորեն ապացուցելի արժեքներ: Այս պարագային «Շուլավերի հորովելը» մեր նախնիների մի շատ կարևոր ճիչն է, որ համերգային ծրագրով վկայություն է տալիս»,- ասում է Մաեստրո Սեդրակ Երկանյանը:

Հորովելն ունկնդրելուն նախապատրաստվելով՝ ծանոթացել էի Շուլավերի պատմությանը. որքա՜ն դժվարին պայմաններում է գոյատևել տեղի հայ բնակչությունն այս վայրերում, քանի՜ անգամ է տարբեր նվաճողների ասպատակությանը ենթարկվել, բռնագաղթել ու վերաբնակեցվել, պայքարել, դիմակայել... Ու լսում ես հորովելը՝ խաղա՜ղ, երկարաձիգ, հոգնաբեկ, հուսառատ.- որքա՜ն հոգեկան կորով պիտի ունենա այս ժողովուրդը՝ արարելու ուժ ունենալու համար՝ մտածում եմ ես երկանյանական մատուցմամբ հերթական հորովելն ունկնդրելով: Շուլավերը բնակեցնող անվանի հայ գերդաստանների շարքն անվերջանալի է. դրանց մեծ մասը հողագործ է եղել. ո՜ր սերնդի ներկայացուցիչն է, հողի հետ «կռիվ» տալով, տեղնուտեղը հնարել բառն ու մեղեդին, որ հիմա վարպետ մշակմամբ հնչում է երևանյան բեմից. Քրհանա՞նք են եղել, Ասկու՞նքը (Մովսես Արազին այս տոհմից էր), Ժմհարա՞նքը, Ճոլու՞նքը, Մճկալա՞նքը... Ո՜ր մեկը թվես... Մտքերս «Տաղարանի» մեներգիչ Հովսեփ Նշանյանի հորովելականչերի հետ գնում հասնում են հեռու՜-հեռուները, երգը բարձրանում է Աստծո ականջին մոտ, հունչը պառկում է թարմ բացված հերկերին, եզը դանդաղ առաջ է գնում՝ հորովե՜լ...

«ՍԻՐՏ ԻՄ ՍԱՍԱՆԻ»

«Անդրանիկ վարդապետ», «գերահռչակ և բարերջանիկ», «վսեմախոհ րաբունի»... Այսպես են հիշատակում աղբյուրները 13-րդ դարի երգահան, մատենագիր և մանրանկարիչ, բանաստեղծ և մանկավարժ, իմաստասեր և աստվածաբան եպիսկոպոս Մխիթար Մայրիվանեցուն: Իր կյանքի մի երկար շրջան՝ շուրջ տասը տարի, մեկուսացել է արտաքին աշխարհից՝ ապրելով ճգնավորի կյանքով Այրիվանքի բարձրադիր ժայռերից մեկի քարայրում կառուցված իր ճգնարան-աշխատատեղիում: Նրա գրած տաղերի, ծիսական բնույթի գանձերի, շարականների մեջ իր ուրույն տեղն ունի «Սիրտ իմ սասանի» ստեղծագործությունը, որի բանաստեղծական տեքստը մեծապես ներդաշնակված է մեղեդուն, քանզի նույնն էր հեղինակը, նույնն էր դրանց հիմքում դրված ապրումը, հույզը, խռովքը:

«Սիրտ իմ սասանի

սարսափ զիս ունի

վասն Հուդայի...»:

Ավագ Հինգշաբթի, ոտնլվայի օրը հայոց եկեղեցիներում կատարվող այս գործը վաղուց է արդեն՝ հնչում է նաև աշխարհիկ բեմերից՝ իբրև մաքրագործման ուխտ, իբրև հոգեխորով կենդանի ծես:

Հոգեկան խռովքի, կատարելությանը ձգտող և այդ ճանապարհին ինքնաքննման ճանապարհով անցնող անձի, ներքին հայեցողության մեջ խորացած ճգնակյացի՝ արտաքինից խաղաղ, խորքում՝ փոթորկուն ապրումը կա այս գործում, և այդ ապրումի ծավալները թովիչ ձայնով հաղորդեց «Տաղարանի» մեներգիչ Պերճ Քարազյանը:

ԱՆՆՄԱՆ ԳԵՂՈՆ՝ ՊԵՏՐՈՍ ՂԱՓԱՆՑՈՒՑ

«Երգ-երգոցի նման աննման սիրուն գեղոններ» են որակվել 18-րդ դարի հեղինակ Պետրոս Ղափանցու երգերը, որ հաճախ շփոթմամբ համարվել են ժողովրդական ստեղծագործություններ: Ինքը հոգևոր այր լինելով՝ կրոնա-բարոյական քերթվածքների կողքին արարել է ազատասիրական, հայրենիքի և բնության քնարական բանաստեղծություններ: Պ. Ղափանցու «Առավոտյան քաղցր և անույշ» երգը, թերևս, այն ստեղծագործությունների շարքում է, որոնց մասին դեռ Խաչատուր Աբովյանը, Ղափանցու գործը գնահատելիս, ասել է՝ «քնքուշ են  և գորովալից»: «Ներդաշնակության զգացումը, որ այնքան կարևոր ձիրք մըն է քերթողի համար, Ղափանցիի մեծագույն հատկությունն է,- գրել են նրա մասին 20-րդ դարասկզբին:- Տեսակ մը երաժշտություն դրած է շատ մը քերթվածներու մեջ և բառերու գեղեցիկ զուգադրությունները, որոնք կրնան մրցիլ նույնիսկ ԺԹ դարու ամենեն նուրբ բանաստեղծներու հետ»: Ահա այսպիսի ներդաշնակ երաժշտական քերթվածքներից մեկն էր ընդգրկված «Տաղարանի» համերգային ծրագրում, և ոնց համույթի գեղարվեստական ղեկավարն ասաց, երիտասարդ երգչուհի Գալինա Ցոլակյանին իր ձայնի զուլալությամբ հաջողվեց  ստեղծել առավոտյան զովի պատկերի բերկրանքը:

Համերգային երեկոյին հնչեցին նաև այլ հեղինակների ստեղծագործություններ, ժողովրդական երգշարեր: Ժողովրդական երգերի շարանները՝ «Բինգյոլն» ու «Յար, քո բոյին մեռնեմ», «Յաման, յար ջան» և «Հո՜յ, իմ նազանի յարը» ՝ մեկ կարոտի խորն զգացումով, մեկ սիրո կանչով, մեկ հրճվալից հունչով, կատարեց Լուսինե Մարկոսյանը՝ առաջին երկուսը՝ մեներգով, մյուսները՝ «Տաղարանի» երգչական խմբի ձայնակցությամբ:

Հասմիկ Սարգսյան