կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 13:35
Առանց Կատեգորիա

Հայաստանի անկախության ճանաչման տոնը Կ. Պոլսում. 1920 թվականի հունվար-փետրվար

Հայաստանի անկախության ճանաչման տոնը Կ. Պոլսում. 1920 թվականի հունվար-փետրվար

Հայաստանի Հանրապետությունը (1918-1920/21 թթ) ճանաչվել է դե ֆակտո՝ 1920 թվականի հունվարին՝ Վրաստանի և Ադրբեջանի դե ֆակտո ճանաչումից մեկ շաբաթ անց: Հայաստանը Օսմանյան կայսրությունում՝ Պոլսում, ունեցել է դիվանագիտական ներկայացուցիչ՝ ի դեմ Ֆերդինանդ Թահթաճյանի: Ներքո հոդվածը՝ վերցված Հայ ժողովրդական կուսակցության «Ժողովուրդ» թերթից, պատմում է Հայաստանի դե ֆակտո ճանաչման առիթով Պոլսում տեղի ունեցած ձեռնարկների և արձագանքների մասին:

ԱՆԻ կենտրոն

Հայաստանի անկախության ճանաչման լուրը մեծ խանդավառություն է առաջ բերել թուրքական մայրաքաղաքի հայկական բոլոր շրջանակներում: Սկզբի 2-3 օրերը Կ. Պոլսի հայերի համար տոնական կերպարանք էին առել:

Այս նշանավոր պատմական դեպքի առթիվ Կ. Պոլսի հայկական դրամատիկական ընկերությունը շքեղ երեկույթ էր կազմակերպել, որին ներկա են եղել պատրիարք Զավեն սրբազանը Մեսրոպ եպիսկոպոս Նարոյանի հետ և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ [Ֆերդինան] Թահթաճյանը:

Համաձայնութեան պետութեան ներկայացուցիչները այցելել են պատրիարքին և շնորհավորել Հայաստանի քաղաքական վերածնությունը: Բացի նրանցից պատրիարքին այցելել է հունաց նավատորմի բարձրաստիճան սպաներից Քարակեըս: Նա իր ջերմագին ուրախությունն է հայտնել Հայաստանի անկախության [ճանաչման] առթիվ: Զավեն սրբազանն իր շնորհակալությունն է հայտնել՝ մաղթելով, որ հայ-հունական բարեկամությունը տևական լինի, որպեսզի նա պատվար հանդիսանա նրանց դեմ, որոնք ցանկացան քրիստոնեությանը հարվածել:

Կ. Պոլսի մամուլի թե՛ հայ և թե՛ օտար ազգի մամուլի օրգանները խմբագրականներ են նվիրել Հայաստանի անկախության ճանաչման առթիվ, բոլորն էլ իրենց ուրախությունն են հայտնել այս առթիվ: Նույնիսկ ուրախություն են հայտնել թուրքական լրագրերը, իհարկե միայն այս մտքով, որ հայերը կբավականանան միմիայն Կովկասյան Հայաստանով և Սև ծովի ափին մի նավահանգիստ պահանջելով:

Փետրվարի մեկին Կ. Պոլսում սպասվելիս է եղել մեծ միտինգ:

Ժողովուրդ, թիվ 22, կիրակի, 15 փետրվար, 1920թ

Նյութը` Անի կենտրոն

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/22.pdf