Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր բյուջեն սոցիալական է»։ Բազմիցս լսել ենք այս արտահայտությունը տարբեր պաշտոնյաներից։ Դրա հիմքերից մեկը սոցիալական ոլորտին ամեն տարի ուղղվող ահռելի գումարներն են։ Բայց, միաժամանակ, այդ միջոցներն առաջացնում են դրանք վատնելու գայթակղություն։
Գրեթե ամեն տարի մենք լսում ենք այս կամ այն սոցիալական ծառայության պաշտոնյայի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Իսկ Վ․ Խաչիկյանի հայտնի դեպքը դեռ երկար թարմ կմնա մեր հիշողության մեջ։
Բայց, արի ու տես, ձևերը փոխվում են, սակայն երևույթը չի վերանում։
Հաշվեքննիչ պալատը հրապարակել էր Սոցիալական ապահովության ծառայությունում հաշվեքննության արդյունքները։ Այն բավական ծավալուն է և պարունակում է բազմաթիվ հետաքրքիր դրվագներ։ Շատ և քիչ, փոքր և մեծ, սակայն պետությունը շարունակում է այդ ոլորտում ունենալ բյուջետային միջոցների էական կորուստներ։
Կարդում ենք հաշվեքննության 25 էջում. «Արձանագրված ռիսկերի հետևանքով 2017 թվականի բոլոր ամիսների հարցումների արդյունքում «12 ամիս բացակայում է» կարգավիճակով անձանցից բանկերի միջոցով վճարվել է 702,651.2 հազ․ դրամ, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով՝ 619,099.1 հազ. դրամ: 3, 6 և 9 ամիս բացակայած շահառուներից 2017 թվականի ընթացքում բանկային վճարումներով ստացել են 9,014,537.7հազ.դրամ, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով՝ 4,023,370.2հազ.դրամ»:
Այսինքն` ի՞նչ է ստացվում։ 12 ամսից ավելի բացակայող մարդկանց փոխարեն ինչ-որ այլ անձինք ստացել են բանկերից 700 միլիոն, իսկ «Հայփոստ»-ից՝ 619 միլիոն դրա՞մ։ Իսկ 3, 6 և 9 ամիս բացակայողների համար այդ գումարը կազմում է արդեն, համապատասխանաբա, 9 միլիարդ և 4 միլիարդ դրամ։ Եվ այս ամենը` միայն 2017 թվականի արդյունքով։
Եթե բանկերի մասով կարելի է ինչ-որ ենթադրություններ անել, ապա ովքե՞ր են այն մարդիկ, որոնք «Հայփոստ»-ից ստացել են այդ մի քանի միլիարդը։ Թոշակ ստացող անձը երկրում չէ, նա որևէ մեկին պաշտոնապես չի լիազորել ստանալ իր փոխարեն, սակայն 4 միլիարդից ավելի գումար գնացել է անհայտ ուղղությամբ։
Պետությունը չի կարողանում բարձրացնել աշխատավարձեր կամ թոշակներ` պատճառաբանելով բյուջետային միջոցների սղությունը, սակայն մյուս կողմից առկա է այսպիսի մեծ կորուստ։
Հարցերը շատ են։ Ի՞նչն է խանգարում մեր պետական մարմիններին` համակարգը կարգի բերել և, ի վերջո, բացահայտել այն բոլոր սխեմաները, որոնց միջոցով վատնվում են բյուջետային միջոցները։ Եթե պարզվեց, որ այս ամենը լավ մտածված կոռուպցիոն սխեմայի արդյունք է, ապա նման բացահայտումը կարող է լինել ամենազանգվածային հակակոռուպցիոն միջոցառումներից մեկը։ Չէ՞ որ սույն համակարգը ոչ միայն վերաբերում է հազարավոր մարդկանց, այլ նաև այն սպասարկվում է հարյուրավոր պետական պաշտոնյաների կողմից։
Բա համակարգային կոռուպցիան էլ ո՞նց է լինում։