Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատական համակարգը մեկ տարում կամ մի քանի ամսում էական փոփոխության ենթարկվել չի կարող: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան, նախկին դատավոր Արսեն Սարդարյանը՝ գնահատելով անցնող տարում դատական համակարգի աշխատանքը՝ երկրում արդարադատություն հաստատելու գործընթացում։
«Մենք ունենք դատական համակարգ, որը, կարելի է ասել, կառուցվել է անկախության այս մոտ 30 տարվա ընթացքում։ Փորձառու փաստաբանները համակարծիք կլինեն, որ դատական համակարգն աստիճանաբար զարգացել է և այս տարիների ընթացքում դարձել է ավելի պրոֆեսիոնալ, ավելի օբյեկտիվ, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության առումով ավելի գործուն երաշխիքներ ապահովող կառույց»,- նշեց Սարդարյանը՝ ավելացնելով. «Եթե հետխորհրդային ժամանակաշրջանում դատարանները որոշակիորեն կաշկանդված էին՝ քննչական կառույցների, դատախազության, ԱԱԾ-ի դիրքորոշումներով,ապա այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես են մեր դատարաններում կայացվում արդարացման դատական ակտեր»: Ըստ նրա՝ արդարացման ակտերը խոսում են դատավորների օբյեկտիվ աշխատանքի մասին, քանի որ կոռուպցիոն հարցերում ներքաշված լինելու պարագայում վերջիններս չէին համարձակվի հակառակվել դատախազներին:
«Դատախազությունը և օպերատիվ մարմինները դատավորի՝ կոռուպցիոն համակարգի մաս լինելու մասին տեղյակ են և իրենց ոչ հաճո դատական ակտերի դեպքում կարող են բարձրաձայնել այդ մասին»,- նշեց փաստաբանը։
Նրա նկատեց, որ՝ իրականացվող փոփոխությունների հետևանքով չպետք է կորցնենք տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները՝ ընդգծելով, որ որքան էլ ուժային կառույցներն աշխատեն օբյեկտիվ և կոռուպցիայից զերծ, միևնույնն է՝ դատարան չեն դառնա: «Դատարանն այն կառույցն է,որն աշխատում է հրապարակային, մրցակցային, գիտի, որ հետագայում կայացված որոշումը կարող է ուղարկվել ՄԻԵԴ: Դատարանը պետք է լինի անկաշկանդ»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ անգամ դատարանների դերի թուլացման պարագայում, միևնույնն է՝ արդարադատությունն իրականացնում են դատարաններ։
Ա.Սարդարյանն արձանագրեց, որ վերջին տարվա գործընթացները որոշակիորեն անհանգստություն ներշնչում են: Նա չբացառեց, որ դատաիրավական ոլորտում կլինի նահանջ և հնարավոր է, որ, թեև Հեղափոխության բարի նպատակներից ելնելով, դատարաններին ստիպեն կաշկանդվել, համակերպվել: «Հույս ունեմ, որ դատարանները կդիմանան այս իրավիճակին, իսկ քաղաքային իշխանությունները կհասկանան դատական իշխանության անկախության կարևորությունը և որևէ նպատակով չեն ստորադասի անկախ և արդարադատություն իրականացնող դատական համակարգ ունենալու կարևորությունը»,- ընդգծեց Սարդարյանը:
Ինչ վերաբերում է դատարանների նկատմամբ ճնշումներին, Սարդարյանը նշեց. «Ես չեմ գնահատական տվողը՝ դատարանների շրջափակումը սիմվոլիկ ակցիա է, թե քաղաքական: Գուցե այդ ակցիա իրականացնող անձն այնպիսի տեղեկություններ ունի դատական համակարգի մասին, որ, եթե մենք իմանանք, կհիասթափվենք և կգնանք Ամերիկա: Դժվար է գնահատական տալը: Ամեն դեպքում՝ վստահորեն կարող եմ ասել, որ դատական համակարգում դատավորների մի ստվար զանգված կա, ովքեր արժանապատիվ ճանապարհ են անցել և մեծ դժվարություններ հաղթահարելով՝ կարողացել են մեր երկրում արդարադատություն իրականացնել: Ես խոնարհվում եմ այդ անձանց առջև և հույս ունեմ, որ մեր հասարակությունը կսովորի գնահատել այդ մարդկանց, քաղաքական իշխանությունները կփորձեն հաշվի նստել նրանց հետ և մենք չենք կորցնի այն դատավորներին, որոնք արդարադատություն են իրականացրել ոչ թե նրա համար, որ նախկին կամ ներկա քաղաքական ռեժիմները նպաստել են, այլ, որովհետև իրենց տեսակով այլ կերպ չեն կարող լինել»:,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ա.Սարդարյանը։