Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամում երեկ տեղի ունեցավ իրանագետ Սարգիս Մկրտչյանի «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» գրքի շնորհանդեսը: Հետազոտությունը կատարվել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում և տպագրվել ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ: Աշխատությունը հրատարակվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի որոշմամբ: Այն նվիրված է ժամանակակից Իրանում պանթյուրքական շարժումների պատմությանը, այդ շարժումները ղեկավարող կառույցների գործունեությանն ու գաղափարախոսությանը: Քննվող հարցերը հայ հանրությանն են ներկայացվում առաջին անգամ:
Գրքի շնորհանդեսին ներկա էր Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը: «Պետական գործիչները, եթե ազգային չեն, իրավունք չունեն աշխատելու: Պետք է լինել ազգային, որպեսզի ազգային խնդիրներին համապատասխան վերաբերմունք ցույց տալ»,- նշեց նա ու ավելացրեց, որ նախարարությունն աշխատության թեման հաստատել էր` կարևորելով դրա անհրաժեշտությունը: Արևմտյան Հայաստանի ամբողջ հատվածի ուսումնասիրություններից զատ, ըստ նախկին նախարարի, պետք է նաև մյուս հատվածներում ուսումնասիրություններ կատարենք:
Արժևորելով գիրքն առհասարակ` Հրանուշ Հակոբյանն ասաց, որ գիրքն է, որ մեզ տալիս է այն գիտելիքները, որոնց կարիքը մենք ունենք: «Ու ինչպես հին սեպագրություններում է գրված` կարող եմ անել այնքան, որքան գիտեմ: Ուրեմն` շատ իմանանք»,- ընդգծեց բանախոսը:
Գրքի հեղինակ Սարգիս Մկրտչյանը նշեց` ովքեր իրեն ճանաչում են, գիտեն` Իրանում պանթյուրքական հոսանքներով հետաքրքրված է վաղուց: «15 տարուց ավելի է, ինչ անձնական նախասիրությամբ հետևում եմ այդ հոսանքների գործունեությանը: Հիմնական դրդապատճառը, որ ինձ ստիպել է գրել այս թեմայով, Հայաստանի ազգային անվտանգության հարցն է, որ սերտորեն առնչվում է այն քաղաքական գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում ու հատկապես` մեր բարեկամ Իրանում»,- ասաց նա:
Գրքի հեղինակը նշեց, որ երբ լսում ենք պանթյուրքիզմի մասին, մեր հայացքն անմիջապես ուղղում ենք դեպի Թուրքիա կամ դեպի Ադրբեջանի արհեստածին հանրապետություն: Ըստ նրա` կա՛մ չգիտենք, որ այդպիսի հարցեր կան Իրանում, կա՛մ էլ գիտենք, որ հարցեր կան, բայց չգիտենք, թե դրանք ինչ ծավալի են կամ ինչ ուղղության: Գրքի հեղինակն ընդգծեց, որ Իրանում գործող պանթյուրքական գաղափարախոսության կրողները Թուրքիայի և Ադրբեջանի իրենց գաղափարակիցներից բովանդակային առումով չեն առանձնանում: Նպատակը նույնն է` ստեղծել պանթյուրքական հսկա կայսրություն: Երեք երկրներում աշխատող պանթյուրքական կազմակերպություններն իրարից առանձնանում են աշխատաձևով, բայց ոչ` նպատակներով ու բովանդակությամբ։
Մկրտչյանն ընդգծեց, որ այն տպավորություն է ստեղծվում, որ այդ հոսանքին հարողների թիվը մեծ է Իրանում, այնինչ` իրականում դրանք շատ նեղ ու փոքր շրջանականեր են, որոնց ղեկավարությունը սնվում է Իրանի դեմ թշնամական վերաբերմունք ունեցող ուժերից և երկրներից, իսկ մի մասն էլ այդ քարոզչության զոհն է։ Երիտասարդության վրա իրենց դերակատարությունն են ունենում համացանցային կայքերն ու ընկերային ցանցերը: Սակայն ամենակարևոր երևույթներից մեկը, որի վրա պետք է շեշտ դնել, այն է, որ Իրանը թիրախ ընտրված պանթյուրքական կազմակերպությունների ու գործիչների դեմ հենց առաջին օրվանից պայքարել են Իրանի Ատրպատականի մտավորականներն ու գործիչները։ Այսօր էլ նույն վիճակն է։ Եվ սա վկայում է այն մասին, որ ինչպես արհեստածին է Ադրբեջանի Հանրապետությունը, արհեստածին է նաև այսպես կոչված «Հարավային Ադրբեջան» հասկացությունը։ Այդ գաղափարներն Իրանում ժողովրդական հենարան չունեն, սակայն վտանգը կա, որը քարոզչական հնարքների ազդեցության ներքո կարող է լուրջ սպառնալիքի վերածվել։