Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Թուրքիայի մասին տարեկան զեկույցը դատապարտում է Էրդողանի իշխանության ներքո տեղի ունեցած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները, խոսքի ազատության սահմանափակումը: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս զեկույցը կառույցի և այդ երկրի միջև անխուսափելիորեն կարող է բարձրացնել քաղաքական լարվածության մակարդակը:
-Պարոն Շիրինյան, փետրվարի 20-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերություններիհանձնաժողովն ընդունեց Թուրքիայի մասին իր տարեկան զեկույցը: Ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք զեկույցից:
-Ընդհանուր առմամբ, զեկուցը խիստ քննադատական շեշտադրումներով դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի իշխանության ներքո տեղի ունեցած մարդու իրավունքների անթիվ խախտումները, խոսքի ազատության սահմանափակումը, քաղաքական հալածանքներն ու ձերբակալումները, ինչպես նաեւ ազգային, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների վրա ճնշումները: Բանաձևը, մասնավորապես, դատապարտում է Թուրքիայի տարածքից դուրս տեղի ունեցած ընդդիմադիր, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող գործիչների կամ լրագրողների նկատմամբ հալածանքները: Դրանից բացի Եվրախորհրդարանը որեւէ հիմնավորված պատճառ չի տեսնում երկրում 2016-ի հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրությունն անընդհատ երկարաձգելու հարցում:
-Եվրախորհրդարանը, այս ամենը հաշվի առնելով, որոշեց վերահաստատել անցյալ տարվա իր որոշումը, այսինքն, պահանջել Եվրոպական հանձնաժողովից կասեցնել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի բանակցությունները: Ի՞նչ զարգացումների սա կարող է հանգեցնել:
-Այս որոշումը երկու կողմերի միջև քաղաքական լարվածության մակարդակը անխուսափելիորեն կբարձրացնի: Հանգուցալուծումը կարող է լինել այն ժամանակ միայն, երբ Թուրքիայի կառավարությունը իսկական բարելավումների դիմի վերոնշյալ ոլորտներում:
Ես կցանկանայի նշել, որ այս տարվա Թուրքիայի մասին զեկույցը, ինչպես 2015-ից սկսած բոլոր զեկույցները, ուղղակի հղում է կատարում Եվրախորհրդարանի կողմից 2015 թվականի ապրիլին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի համար վճռական կարևորություն ունի այս մեկը, որովհետև այսպիսով Եվրախորհրդարանն ամեն տարի Թուրքիայի մասին իր զեկույցի միջոցով իրականության մեջ վերահաստատում է Ցեղասպանության ճանաչումը և վերստին, անուղղակիորեն, Թուրքիային, ինչպես նաև Եվրամիության անդամ բոլոր երկրներին պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ազդակ ուղղում:
-Կարծես, զեկույցում անդրադարձ կա Թուրքիայում ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը պահպանելու հարցին: Ի՞նչ ուղերձ է այն պարունակում:
-Կարևոր է նաեւ նշել, որ Եվրախորհրդարանն այս զեկույցով կոչ է ուղղում Թուրքիային՝ հարգել իր իրավական պայմանավորվածությունները՝ պահպանելով այդտեղ բնակված ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունները: Խոսքը հույների, ասորիների եւ հայերի պատմական կառույցների եւ ունեցվածքի պահպանման մասին է: Բանաձևում նաև նշված է, որ Թուրքիան պետք է կազմի այս համայնքներին պատկանող բոլոր քանդված կամ կործանված ունեցվածքների հստակ ցանկը:
-Պարոն Շիրինյան, զեկույցում խոսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին և կարծես, այստեղ կրկին հավասարության նշան է դրված:
-Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ, զեկուցը անհասկանալիորեն սլաքն ուղղում է երկու պետություններին և խրախուսում է հետևողական լինել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ընդգծվում են սահմանները բացելու դեպքում ապագա տնտեսական օգուտները երկու երկրների համար:
Այստեղ ուզում եմ նշել, որ ավելի տրամաբանական եւ ճիշտ կլիներ, եթե Եվրոխորհրդարանի զեկույցի այդ բաժնի հասցեատերը լիներ միայն Թուրքիան՝ մատնանշելով նրա պատասխանատվությունը այսօրվա իրավիճակի հարցում՝ Նրանից պահանջեր որդեգրել ավելի լուրջ վերաբերմունք, Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստակամություն հայտնել բանակցություններ սկսել առանց որեւէ նախապայման պարունակող համաձայնագրի շուրջ եւ, մասնավորապես, հրաժարվել ղարաբաղյան հիմնախնդրի մասին որևէ նախապայման ներկայացնելուց:
Ամեն պարագայում Թուրքիան տեղյակ է, որ անիրատեսական եւ անկարելի է Եվրամիությանն անդամակցելը, եթե հարաբերությունների չի կարգավորել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, մանավանդ, երբ Եվրամիության տարածքների մի մասը տակավին թուրքական իշխանության ներքո է:
Աննա Գզիրյան