կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-23 12:26
Աշխարհ

Չնայած թուրքական կողմի հակացույցին` Վաշինգտոնում այս տարի էլ կանցկացվի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բողոքի ակցիան

Չնայած թուրքական կողմի հակացույցին` Վաշինգտոնում այս տարի էլ կանցկացվի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բողոքի ակցիան

Այս տարի ապրիլի 24-ին Վաշինգտոնի Շերիդան շրջանում մեկնարկելու է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման դեմ և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ցույցը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակիցները փորձում են կրկին հնարավորություն չտալ ամերիկացիներին`  օգտվելու իրենց` ազատ արտահայտման սահմանադրական իրավունքից:

Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն (TASC) ամեն տարի փորձում է խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով ապրիլի 24-ին կազմակերպվող բողոքի ակցիաների անցկացմանը: Ընդ որում` կոմիտեն ունի ցույցերի հռետորների ելույթներն աղմուկով և բարձր երաժշտությամբ խլացնելու բավական հարուստ փորձ:

Այս տարի ԱՄՆ  ազգային այգիների ծառայությունն առաջին անգամ թույլ է տվել թուրքական կոմիտեին` իրենց վիճահարույց գործունեությունն իրականացնել ապրիլի 24-ին նախատեսվող բողոքի ակցիայի անցկացման վայրի մերձակա տարածքում: Բողոքի ակցիայի կազմակերպիչ Հայկական երիտասարդական միությունը և ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ակտիվորեն պայքարում են թուրքական հակացույցի դեմ`բողոքարկելով ԱՄՆ ազգային այգիների ծառայության որոշումը:

Նաև` ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հայկական, հունական և ասորական համայնքները կմիանան և, հանուն արդարության, միասին կբարձրացնեն իրենց բողոքի ձայնը:

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքայի դեսպանատնից ոչ հեռու գտնվող ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները դաժան ծեծի էին ենթարկել խաղաղ ցույց անցկացնող հայ, քուրդ և հույն ցուցարարներին: Ընդ որում` TASC-ի համանախագահ Գունայ Էվինչը Թուրքիայի կառավարության կողմից վարձված այն փաստաբաններից էր, որոնք պաշտպանում էին Էրդողանի թիկնապահներին տուժածների կողմից ներկայացված դատական հայցից:

Ի դեպ, Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով բողոքօ ակցիան կհեռարձակվի ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ֆեյբուքյան ուղիղ եթերում ապրիլի 24-ին` ժամը`16:30-ից: