կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-06 16:36
Հասարակություն

ԿԳ նախարարի` բազային ֆինանսավորման մասին հայտարարության մեջ անճշտություն կա

ԿԳ նախարարի` բազային ֆինանսավորման մասին հայտարարության մեջ անճշտություն կա

2019 թվականին  գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում ընդգրկված և հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպություններին բազային ֆինանսավորումը կտրամադրվի անմիջականորեն: 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով ենթադրվում էր, որ հիմնադրամներին մրցութային կարգով պետք է ֆինանսավորում տրամադրել, կառավարության այսօրվա նիստում վերանայվել է: Այսինքն` բազային ֆինանսավորումը կտրամադրվի անմիջականորեն:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին կառավարության այդ որոշման մեջ որոշակի վերանայում անելու խնդրանքով վարչապետին էր դիմել ԵՊՀ արհեստակցական միությունը, ինչին, փաստորեն, կառավարությունն այսօր դրական պատասխան տվեց. մինչև 2019-ի տարեվերջ, փաստորեն, աշխատանքը կորցնելու վտանգի առջև կանգնած գիտաշխատողները կշարունակեն իրենց աշխատանքը:

Կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, թե  որոշումը վերանայելու համար հիմք են ընդունել այն, որ «2019-ի համար սեպտեմբերին բազայինի համար արդեն անցկացվել էին մրցույթներ, լրացուցիչ մրցույթի կարիք չկա»:

Հարկ ենք համարում նշել, որ Հարությունյանի վերոնշյալ խոսքում որոշակի անճշտություն կա: Ըստ հիմնադրամների կանոնադրության` բազային ֆինանսավորումը մրցութային կարգ չի ենթադրում,  հետևաբար` «սեպտեմբերին արդեն մրցույթ է եղել» հայտարարությունի չի հասկացվում` ի՞նչ մրցույթի մասին է խոսքը, եթե այն նախատեսված չէ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ԿԳՆ-ն շրջանառության մեջ է դնելու նախագիծ,  որով գնահատվելու են ինստիտուտների, գիտահետազոտական կենտրոների աշխատանքները, արդյունքները, նրանց պոտենցյալը, և ըստ այդ վարկանիշավորման` առաջարկելու են 2020-ից ավելի արդյունավետ` այդ ճանապարհով գնալ: Հարությունյանը վստահեցրել է լրագրողներին, որ նախքան վերոնշյալ մեթոդին անցնելն այն լայն քննարկման են դնելու:

«Գիտահետազոտական կրթությունն ունիկալ է, այն ծրագրերը, որ իրականացվում են, հաղթելու են, բայց մենք ուզում ենք այս մրցույթով մրցակցային դաշտ ստեղծել, իսկ եթե չկա մրցակցային դաշտ, չկան մոնոպոլիաներ, մենք ունենում ենք ավելի լավ արդյունք»,- ասել է նախարարը:

Հիմնադրամների` մրցակցային կարգով ֆինանսավորմանը դեմ չէ նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նրա պնդմամբ` պետք է որոշակի բազային ֆինանսավորում լինի կրթական հաստատությունների համար, սակայն մրցակցային ֆինանսավորումն էլ է ընդունելի։ Փորձագետը համոզված է, որ միայն մրցակցային ֆինանսավորմամբ ինստիտուտները պահպանել հնարավոր չէ:

Վրույր Սևակ