կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-06 12:52
Հասարակություն

Հիմնադրամի կամ ՓԲԸ-ի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին բազային և նպատակային ծրագրային ֆինանսավորում կտրամադրվի

Հիմնադրամի կամ ՓԲԸ-ի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին բազային և նպատակային ծրագրային ֆինանսավորում կտրամադրվի

Դեռևս 2018-ի դեկտեմբերի 27-ին Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի` գիտության ենթակառուցվածքների պահպանման և զարգացման համար նախատեսված ֆինանսավորումը  դադարեցվում է, ինչի արդյունքում հիմնադրամներն այսուհետ պետք է ֆինանսավորվեն մրցութային կարգով:

Այս խնդրի մասին Երևանի պետական համալսարանի աշխատակիցները ահազանգել էին:Եթե որոշումը մնար անփոփոխ, միայն ԵՊՀ-ի 200 աշխատակիցներ կկորցնեին իրենց աշխատանքը, իսկ 250-ի աշխատավարձը կկրճատվեր: 

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նոր նախագիծ:

Նախագծում նշված է, որ գիտական և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը։ Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման ձևերը սահմանված են «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով, դրանք են՝ բազային, նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ), որոնց իրականացման կարգերը հաստատված են ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի NN 1121, 1122 և 1123 որոշումներով:

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515–Ն որոշման ընդունումից հետո ծագել են որոշակի խնդիրներ, մասնավորապես` Որոշման N 5 հավելվածի N 8.1 աղյուսակով գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների գծով հատկացումները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվելու են դրամաշնորհների տեսքով:

Ընդ որում՝ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև ունեցող տնտեսվարող սուբյեկտներին ֆինանսավորումը կտրամադրվի ուղղակի, իսկ հիմնադրամի կազմակերպաիրավական ձև ունեցող տնտեսվարող սուբյեկտներին և փակ բաժնետիրական ընկերություններին (այսուհետ՝ ՓԲԸ) ՝ մրցույթով:

Սակայն հարկ է նկատել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման ձևերից մրցույթով իրականացվում են երկուսը՝ նպատակային-ծրագրային ֆինանսավորումը (իրականացվում է մրցութային հիմունքներով և ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը) և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը (ուղղված է գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերի իրականացմանը), իսկ բազային ֆինանսավորումը հատկացվում է գիտական պետական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ու գիտական կադրերի պատրաստման նպատակներով:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ այդ բոլոր հիմնադրամները և ՓԲԸ-ները, որոնց անվանումների փոխարեն N 8.1 աղյուսակում նշված է «մրցույթով ընտրված կազմակերպություն», ստեղծվել են ՀՀ կառավարության կողմից և նախկինում ունեցել են պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև (բացառությամբ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը) և հանրապետության գիտական կազմակերպությունների և բուհերի ինքնավարության աստիճանի բարձրացման, ժամանակակից մենեջմենթի ներդրման ու ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով վերակազմավորվել են հիմնադրամների կամ ՓԲԸ-ների: 2018 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ, պետական բյուջեից բազային ֆինանսավորում ստացել են 9 գիտակրթական (որոնցից 1-ում` 3 մասնաճյուղեր) և 5 գիտահետազոտական հիմնադրամներ, ինչպես նաև 8 ՓԲԸ-ներ՝ պահպանելով իրենց գիտական և գիտատեխնիկական գործունեության ավանդական մասնագիտացումները: Գիտական հետազոտությունների աշխատանքների կատարման իմաստով այդ հիմնադրամներն ու ՓԲԸ-ները բովանդակային առումով իրականացնում են նույն գործառույթները, ինչը որ գիտության ոլորտում ներգրավված պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Այդ հիմնադրամների կազմում ընդգրկված են ՀՀ գիտության ոլորտի այնպիսի եզակի և միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Երևանի պետական համալսարանը, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)-ը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն: Բացի այդ, այնտեղ իրականացվում են այնպիսի հետազոտություններ, որոնք հաճախ բացառիկ են իրենց բնույթով և կարող են իրականացվել միայն տվյալ կազմակերպությունում: Այդ հետազոտությունների գիտական արդյունքները նշանակալի տեղ են զբաղեցնում ՀՀ գիտական ընդհանուր արդյունքի մեջ: Իսկ ՓԲԸ-ների ճնշող մեծամասնությունը ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպություններ են, որոնք կոնկրետ բժշկական ծառայությունները զուգակցում են նաև բժշկագիտական բնագավառի գիտահետազոտական աշխատանքներով:

Ինչ վերաբերում է ՓԲԸ-ներին բազային ֆինանսավորում տրամադրելուն, ապա նշենք, որ դրանք իրականացնում են գիտական և գիտատեխնիկական գործունեություն, գործում են առողջապահության ոլորտում և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում, որոնց հիմնադիրը հանդիսանում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ կառավարության  «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշումն ընդունվել է 2018 թվականի դեկտեմբերի 27-ին, որը սահմանում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում ընդգրկված և հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձև ունեցող տնտեսվարող սուբյեկտներին ֆինանսավորումը կտրամադրվի մրցույթով: Միաժամանակ, ՀՀ ԿԳ նախարարի N 785–Ա/2 հրամանով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման հանձնաժողովը ստեղծվել է 2018 թվականի հուլիսի 25-ին և իր գործունեության ընթացքում առաջնորդվելով ՀՀ  կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի NN 1121 և 1123 որոշումներով ընտրել է այն գիտական և գիտատեխնիկական ծրագրերը, ինչպես նաև ծրագրերը իրականացնող գիտական կազմակերպությունները:

Առաջարկվում է որոշման 1 կետի 2-րդ ենթակետում կատարել լրացում, որի արդյունքում  հիմնադրամի կամ ՓԲԸ կարգավիճակ ունեցող կազմակերպություններին 2019 թվականի բազային և նպատակային ծրագրային ֆինանսավորումը կտրամադրվի հիմք ընդունելով բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի  2018 թվականի սեպտեմբերի 24-ի նիստի եզրակացությունը:

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի կողմից: