կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-05 22:32
Առանց Կատեգորիա

Հայութեան անշեղ սեւեռակէտը

Հայութեան անշեղ սեւեռակէտը

Անցնող տասնօրեակում հայկական (եւ ոչ միայն) ազգային, պետական-դիւանագիտական, քաղաքական, մամլոյ եւ առհասարակ հասարակական լայն շրջանակների ուշադրութեան կիզակէտում էր յայտնւել Արցախեան հարցի կարգաւորման շուրջ հաւանական զարգացումները…

2019-ի յունւարի վերջերին միեւնոյն Արցախեան առանցքը առաջնահերթ խնդրոյ առարկայ էր՝

– ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովում, որն ի դէպ՝ առաջին անգամը լինելով՝ կայանում էր արծւաբոյն Արցախում,

– Փարիզում՝ Մնացականեան-Մամեդեարով եւ նրանց ուղեկցող՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների բանակցութիւններում,

– Փաշինեան-Ալիեւ Դաւոսեան հանդիպմանը… եւ դրան յաջորդած ԱՄՆ-ի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Բոլտոնի՝ յիշեալների հետ հեռախօսազանգերում,

– Հայաստանեան եւ ինչու չէ արտերկրային տեսա-լսողական զանգւածային լրատւամիջոցների ընդարձակ տիրոյթում…:

* * *

…Արցախեան սեւեռակէտի այս «թոհուբոհում», միանգամայն «օրակարգ» է բերւում ՀՀ հիմներգի՝ «Մեր Հայրենիք»-ի փոփոխման հարցը, Հայաստանի նորընտիր խորհրդարանի փոխնախագահի կողմից…, որն էլ մի ամբողջ շաբաթ տարատեսակ ու միեւնոյն ժամանակ՝ բնական հակաարձագանգների արժանացաւ: Մինչ այն աստիճան, որ նոյնիսկ ազգային գաղափարախօսութիւնը «կեղծ կատեգորիա» համարող Լ. Տ. Պետրոսեանը խորհուրդ տւեց «աւելի առաջնակարգ» օրակարգերով զբաղւել, իսկ խորհրդարանում մեծամասնութեան՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, մշակոյթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը պարտաւորւում է լրագրողներին յայտնել, թէ իր գլխաւորած խմբակցութեան օրակարգում հիմներգի փոփոխման հարց գոյութիւն չունի…:

Որպէս ամփոփում.-

1- Բնական, թէ՛ առաւել եւս որեւիցէ արհեստական «օրակարգ» ի զօրու չէ շեղել հայութեան համազգային սեւեռակէտը՝ Արցախեան հիմնահարցից, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայոց պահանջատիրութեան նորագոյն հանգրւանի յաղթական պատւանդան…:

2- «Մեր Հայրենիք» հիմներգը հայութեան պատմութեամբ կերտւած ու ինքնին պատմութիւն կերտող համազգային արժէք է…: «Ազգային գաղափարախօսութեան կրողը,- ասում է պատմաբան Լ. Խուրշուդեանը,- պատմութիւնն է: Դարերի ընթացքում ժողովրդի գոյապահպանման պայքարի փորձը, ազգի գաղափարը սերնդից սերունդ է փոխանցւել պատմական յիշողութեան միջոցով: Պատմական յիշողութեան կորուստը յանգեցնում է ազգի գաղափարի կորուստին»:


Դերենիկ Մելիքեան

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր