կարևոր
2242 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-31 15:29
Քաղաքական

Ադրբեջանն ընթանում է բռնապետության անշեղ ճանապարհով․ Գարդման- Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը՝ Ալիևի նախընտրական ծրագրին

Ադրբեջանն ընթանում է բռնապետության անշեղ ճանապարհով․ Գարդման- Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը՝ Ալիևի նախընտրական ծրագրին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախընտրական ծրագրին, որը վերջինս ներկայացրել է Ադրբեջանում սպասվող նախագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ։

Ներկայացնում ենք միության հայտարարությունն ամբողջությամբ․

«Մարդու իրավունքների համակարգային ոտնահարման պաշտամունքը և քաղաքական երեսպաշտությունը շարունակում են իրենց հաղթարշավը Ադրբեջանի հանրային ու քաղաքական կյանքում։ Թեև դրանք արդեն երկար ժամանակ է, ինչ գործնականում վերածվել են մարդկության դեմ կատարվող հանցանքների հիմնական գործիքակազմի, սակայն այժմ իրենց արտացոլումն են գտնում իշխող նախագահի նախընտրական ծրագրում՝ ուղղակի լեգիտիմություն հաղորդելով ծրագրվող իրավախախտ գործողությունների համար։

Ադրբեջանի նախագահը փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, որտեղ հազարամյակներ շարունակ բնակվել և իր ուրույն հոգևոր-մշակութային ժառանգությունն է կերտել հայ ժողովուրդը, համարում է «պատմական հայրենիք» և այդ «հայրենիք» մեծ վերադարձը համարում է ազգային առաջնահերթություն։ Այս առումով Իլհամ Ալիևը նախատեսում է մի քանի նպատակների իրականացում, որոնցից առավել զավեշտալի են թվում ադրբեջանցիների ազգային-մշակութային ժառանգության վերականգնումը և էկոլոգիական միջավայրի բարելավումը։ 

Մենք բազմիցս արձանագրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանն իրականացնում է որևէ կերպ չդիտարկվող, ապօրինի բնակեցում։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ դրույթը փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի առնչությամբ, փաստացի գործում է միակողմանիորեն։ Ադրբեջանը՝ որպես համաձայնագրի իրականացման համար պատասխանատու կողմ, խախտելով տվյալ համաձայնագրի գրեթե բոլոր դրույթները՝ չի շրջանցել նաև 7-րդ դրույթը, և անհայտ ու կասկած հարուցող տարրեր է բնակեցնում հատկապես Հայաստանի հետ սահմանակցությամբ գտնվող տարածքներում։ 

Ադրբեջանի նախագահն առավել ազնիվ կլիներ, եթե  իր նախընտրական ծրագրում նաև նշեր, որ «ադրբեջանցիների ազգային-մշակութային ժառանգության վերականգնումը» նախատեսում է իրականացնել հայկական ազգային-մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման, խեղման, յուրացման միջոցով։ Մենք բազմիցս արձանագրել ենք, որ այժմ Լեռնային Ղարաբաղում ընթանում է նախիջևանացման գործընթաց, ինչը ենթադրում է հայկական մշակութային-կրոնական ներկայության հիմնահատակ ոչնչացում։ Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ողջ տարածքում անցած երեք տասնամյակների ընթացքում և դրանից էլ առաջ պետականորեն տարվել է հայկական էթնոցիդի քաղաքականություն, ինչը կարող է կրկնվել Լեռնային Ղարաբաղում, եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն 2023 թ․ սեպտեմբերին էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձը կփրկի հայկական մշակույթը գոյութենական վտանգից՝ դրանով իսկ կանխելով  Լեռնային Ղարաբաղի ոչ միայն ժողովրդագրական, այլև մշակութային ադրբեջանականացումը։ 

Ադրբեջանի նախագահը հանձն է առնում նաև բարելավել Լեռնային Ղարաբաղում էկոլոգիական միջավայրը այն պարագայում, երբ ընդամենը ամիսներ առաջ անհավասար ոստիկանական ուժ էր կիրառում պատմական Գարդմանի Սոյուդլու գյուղում բնական միջավայրի աղտոտման դեմ բողոքի ելած սեփական տարեց քաղաքացիների նկատմամբ՝ արգելելով գյուղ ելումուտը՝ հավանաբար վախենալով բողոքի ալիքի և կատարվածի մասին տեղեկատվության արտահոսքից՝ վերստին սահմանափակելով մամուլի և խոսքի ազատությունը։

Ադրբեջանի նախագահի նախընտրական ծրագրի միայն մի քանի կետերի ուսումնասիրությունն ու մեկնաբանումը բավարար են հասկանալու համար, որ Ադրբեջանն ընթանում է բռնապետության, պետականահեն հայատյացության, քաղաքակրթական արժեքների ոտնահարման, էթնիկ զտումների թույլատրելիության և անպատժելիության վերարտադրման անշեղ ճանապարհով, ինչը մեծագույն սպառնալիք է մեր տարածաշրջանի խաղաղեցման և ժողովրդավարացման, ինչպես նաև հետընթաց՝ համաշխարհային քաղաքակրթության դավանած մարդասիրական արժեքներից»։