Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները կարծես ավարտին են մոտեցել, սակայն դեռևս ձևակերպված չեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման այն համընդհանուր գաղափարական հենքն ու սկզբունքները, որոնք պետք է ապահովեն տնտեսական ակտիվության կայուն աճ՝ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու, խորացող սոցիալական խնդիրներին առաջանցիկ լուծումներ տալու համար:
Ակնհայտ է, որ պետական քաղաքականության հիմքում գաղափարական անսահման ճկունությունը, խուսանավումն ու անորոշությունը օբյեկտիվորեն չեն կարող ապահովել երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ ռազմավարական նպատակադրումները, դրանցից բխող երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացված ու հանրության համար սպասելի սոցիալական արդյունքները:
Սոցիալական ու տնտեսական համակարգերում ակնկալվող անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մեր երկիրը պետք է տանեն Սահմանադրությամբ ամրագրված՝ իրական սոցիալական պետության կառուցման ճանապարհով, ամբողջությամբ ուրվագծված չեն: Ավելին՝ նույնիսկ դրանց առանձին հիմնական բաղադրիչներ առնվազն չեն բխում տնտեսության սոցիալական ներառական զարգացման բուն էությունից, մարտահրավերներից և իրական առաջնահերթություններից: Եվ ժամանակի հետ նոր իշխանությունների կողմից նախանշված փոփոխությունները, մարդկանց համար շոշափելի արդյունքի տեսանկյունից, դառնում են ավելի անորոշ: Սրան էլ համաչափ մեծանում են շարքային քաղաքացիների առարկայական մտահոգությունները: Առարկայանում են հանրության շրջանում դրական սպասումներն իրականություն դարձնելու ռիսկերը, որոնք վերաբերում են կյանքի որակի տեսանելի բարձրացմանը:
Արդեն փաստ է, որ իշխանափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության գործունեության ծրագրի, այս ընթացքում ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերի առանցքում չեն հավաքական այնպիսի լուծումները, որոնք օբյեկտիվորեն կամբողջականացնեն պետության անհրաժեշտ մասնակցությունն ու պարտավորությունները, այսինքն՝ հանրային կյանքում պետության նոր դերը, որն ունակ է գործով ապահովել շատերի կողմից այսքան սպասված՝ մեր երկրի կայուն տնտեսական զարգացում, սոցիալական բավարար ներառականություն և աղքատության իրական պատճառների նվազեցում:
Իսկ աղքատություն ծնող հիմնական պատճառներ են շարունակում մնալ գործազրկության քրոնիկ բարձր մակարդակը, բավարար քանակի աշխատատեղերի բացակայությունը, տարածքային անհամաչափ զարգացումը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու դրանից բխող՝ աշխատանքի ցածր ձգտումները, աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը:
Ակնհայտ է նաև, որ աշխարհաքաղաքական շարունակվող մարտահրավերների և սոցիալական այս բարձր լարվածության պայմաններում, առանց պետության ուղղակի մասնակցության ազգային եկամտի արդար բաշխման ու վերաբաշխման գործին և պետական ակտիվ աջակցության, անհնար է լիարժեք գործադրել մեր երկրի զարգացման ողջ ներուժը: Այս թեզն ապացուցվում է Հայաստանի անկախացումից հետո մեր անցած ճանապարհով և սոցիալ-տնտեսական առկա վիճակով:
Ցավոք, այսօր էլ իներցիայի ուժով շարունակվում կամ պահպանվում են մեր երկրի կայուն զարգացմանը վերաբերող մի շարք մտահոգիչ արձանագրումներ՝
- 2018 թվականին արձանագրված տնտեսական աճը կրկին շոշափելի չէ սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից,
- 2019 թվականի պետական բյուջեն որակվում է որպես իներցիոն, որի եկամուտների աճը, նախորդ տարվա համեմատ, կազմում է նույնչափ (շուրջ 12) տոկոս, ինչն ապահովված էր 2018 թվականի պետական բյուջեով, և սա այն դեպքում, երբ, տարբեր գնահատումներով, ստվերային տնտեսությունը գնահատվում է մոտ 50 տոկոս,
- շարունակվում են սոցիալական ներառական զարգացման սկզբունքներից չբխող հարկային «բարեփոխումները» (եկամտահարկի դրույքաչափերի համահարթեցում և անուղղակի հարկերի դրույքաչափերի բարձրացում, որն անխուսափելիորեն խթանելու է գնաճը և իրական եկամուտների ձևավորումն ապահովելու է «Շատին` շատ, քչին` քիչ» նեոլիբերալ սկզբունքով)` «Շատից` շատ, քչից` քիչ» սկզբունքով գործող պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ամբողջականացման փոխարեն, որը կարող է ապահովել ցածր եկամուտների առաջանցիկ աճ և խրախուսել աշխատանքի իրական ձգտումները,
- պետական իներցիոն մոտեցմամբ գյուղատնտեսությունը շարունակվում է դիտվել որպես բիզնես, որտեղ գործում են շուկայական մրցակցության օրենքները, և ուժեղը հաղթում է թույլին ու զբաղեցնում նրա տեղը,
- 2019 թվականին չեն ավելացել զբաղվածության պետական աջակցության ծրագրերին ուղղվող միջոցները, ավելին՝ նվազել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության պետական ծրագրերի համար նախատեսված շահառուների թիվը,
- չի բարձրացել նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որն անփոփոխ է արդեն շուրջ երեք տարի և շարունակում է ցածր մնալ կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից,
- իներցիայով և նախկին ձևով շարունակվում են պետական պաշտոնյաների պարգևատրումները, ներառյալ` նաև ինքնապարգևատրումները՝ պետական համակարգում աշխատավարձերի անհրաժեշտ բարձրացման և բավարար սոցիալական երաշխիքների ապահովման փոխարեն,
- չեն բարձրանում սոցիալական և ընտանեկան նպաստները, հիմնականում անփոփոխ են նաև կենսաթոշակները,
- գնալով արմատավորվում է կուտակային կենսաթոշակային խնդրահարույց համակարգը, որին նախկինում դեմ էր նաև իշխող քաղաքական ուժը,
- առանց հնարավոր դրական ազդեցության գնահատման` բարձրացվել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ ընդամենը 100 հազար դրամով, որն իրականում չի կարող առարկայական ազդել ընտանիքներում երկրորդ երեխայի ծնունդների թվի աճի վրա,
- շարունակվում է անորոշ հետաձգվել բազմազավակ ընտանիքներին պետական նպատակային աջակցության համակարգի ներդրումը,
- պետական համակարգի օպտիմալացումը կարծես կրկին իրականացվում է նախկին իշխանությունների որդեգրած մոտեցումներով՝ պետական հատվածում աշխատատեղերի և համապատասխան ծախսերի կրճատման հիմնական նպատակադրման ներքո:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ