Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան, Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, ուր մասնագիտական ելոյթներ ծաւալեցին Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից զեկուցաբերներ. տեղեկացնում է alikonline.ir-ի` Նոր Ջուղայի թղթակիցը:
Շուրջ վեց ժամ տեւողութեամբ այս միջոցառման բացումը կատարւեց կազմակերպիչ յանձնախմբի խօսքով, որն ընթերցեց Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը։ Խօսքում յատկապէս ընդգծւած էր. «Հիմնահարցն արդարացի լուծման հանգրւանին հասցնելու անհրաժեշտ ներուժը գոյութիւն ունի Ղարաբաղում, Հայաստանում եւ Սփիւռքում … Արցախի ազատագրմամբ հիմնական քայլեր են ձեռնարկւել միացեալ եւ ամբողջական Հայաստանի կերտման ուղղութեամբ։ Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակագրով եւ սահմանադրութեամբ ամրագրւած Անկախ պետականութեան կարգավիճակն ու տարածքային ամբողջականութիւնն անսակարկելի են»։
Այնուհետեւ ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով գնահատելով կազմակեպիչների մտայղացումը Արցախին նւիրւած խորհրդաժողովի կազմակեպման համար, հայրենիքի այս բեկորը հայ ժողովրդի մեծագոյն արժէքներից համարեց եւ ասաց, որ Արցախի բռնագրաււած հողերի վերադարձմամբ իրականացաւ համայն հայութեան երազանքը եւ փաստւեց, որ միասնական հայ ժողովուրդը վստահելով իր կամքին ու հաւատին կարող է վերատիրանալ իր կորուսեալ հողերին։ Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին գնահատելով զեկուցաբերների կատարած աշխատանքը՝ ժողովականներին Արցախի պատմականին, ներկային, դերին ու կարեւորութեանը հաղորդ դարձնելու համար՝ յաջողութիւն մաղթեց խորհրդաժողովին։
Բացման խօսքերից յետոյ խորհրդաժողովի դիւանն անցաւ իր աշխատանքին՝ Աշոտ Դաւթեանի նախագահութեամբ եւ Մանիա Ղուկասեանի քարտուղարութեամբ։ Դիւանը բոլորին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել Արցախեան ազատագրական պայքարի ճանապարհին նահատակւած հերոսների յիշատակը, ապա շնորհաւորելով հայոց բանակի 27-ամեակի առթիւ, հրաւիրեց զեկուցաբերներին ներկայացնելու իրենց նիւթերը, որոնք ըստ ժամանակացոյցի դասախօսութիւն ծաւալեցին հետեւեալ թեմաների շուրջ.
Վարուժ Մովսիսեան (պատմութեան մասնագէտ, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ-Նոր Ջուղա)՝ «Արցախի մասին յիշատակւած փաստեր՝ հին արձանագրութիւններում մինչեւ 1923 թւականը՝ Ադրբեջանի կազմում ընդգրկւելը».
Թաթուլ Օհանեան (յօդւածագիր, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ-Նոր Ջուղա)՝ «Արցախի հանրապետութիւն. բնակչութիւն, վարչատարածքային բաժանում, պետական կառոյց».
Արամ Շահնազարեան՝ (յօդւածագիր, «Ալիք» օրաթերթի կայքէջի պատասխանատու-խմբագիր-Թեհրան)՝ Արցախեան շարժման սկզբնաւորման պատճառները եւ ազատամարտի ձեւաւորումը.
Դոկտ. Կարէն Խանլարեան (համալսարանի դասախօս, Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր-Թեհրան)՝ «Պատմական իրաւունք. Արցախն ըստ իսլամական աղբիւրների».
Սեւակ Խաչատրեան (Հ. Յ. Դաշնակցութեան Արցախի Կենտ. կոմիտէի անդամ-Արցախի Հանրապետութիւն)՝ «Արցախեան հակամարտութեան մերօրեայ զարգացումները, հիմնախնդրի բանակցային գործընթացը եւ կարգաւորման հեռանկարը».
Սոնիկ Բաղումեան (քաղաքական փորձագէտ, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամ-Նոր Ջուղա)՝ «Հայաստանի եւ Սփիւռքի դերը Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործում».
Հարկ է նշել, որ ընթացքում ներկաներին առիթ ընձեռւեց յուզող հարցերի պատասխաններն ստանալ զեկուցաբերներից եւ յայտնել իրենց տեսակէտները։
Խորհրդաժողովին ներկայ էին նաեւ՝ քահանայ հայրերը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, միութիւնների ու դպրոցների ներկայացուցիչներ եւ Նոր Ջուղայից ու Շահինշահրից ժողովուրդ։
Ծրագրի ընդունելութեան բաժնի կազմակերպման համար՝ «Արձագանք» քարոզչական յանձնախմբի հետ համագործակցել էր Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւնը։