կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 23:42
Արցախ

Ստեփանակերտում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 31-ամյակին

Ստեփանակերտում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 31-ամյակին

Այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախյան շարժման 31-ամյակին նվիրված տոնական համերգ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ այսօր մեր պատմության ամենաշրջադարձային օրերից մեկն է, քանի որ փետրվարի 20-ը ոչ միայն պարզապես օր է, երբ ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանն ընդունեց այդ պատմական որոշումը, այլև այնպիսի օր, որը շրջադարձային եղավ արցախահայության ինքնությունը պահպանելու համար:

«Ինքնության և հայրենիքի պահպանման վտանգ կար, և արցախցին դա միշտ էլ զգացել է՝ սկսած խորհրդային բռնապետության տարիներից: Սակայն հենց այդ ժամանակ արցախցին կարողացավ իր մեջ թոթափել այդ ամենը և բռունցք բարձրացնել պատմական անարդարության դեմ: Արցախյան շարժման 31-ամյակին կարող ենք նշել, որ մեր նպատակին հասել ենք այնքանով, որ ունենք երկու անկախ պետականություն: Սակայն, կարծում եմ, անելիքներ դեռևս կան, պետք է հասնել վերջնական միավորման, և այդ միավորումը վերաբերում է ոչ միայն Արցախի ու Հայաստանի Հանրապետություններին, այլև այն կորուսյալ հայրենիքին, որ մենք ունեինք: Մեր ժողովուրդը հատկապես 20-րդ դարասկզբին հայրենազրկվեց, իսկ այդ պատմական անարդարությունը վաղ թե ուշ պետք է վերականգնվի, և միայն այդ ժամանակ մենք կունենանք մեր երազած անկախ, ազատ ու միացյալ Հայաստանը»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը: