կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 16:33
Հասարակություն

Անցնում ենք կոշտ վարչարարության. քաղաքապետարանը՝ փողոցային անօրինական առեւտրի դեմ պայքարի մասին

Անցնում ենք կոշտ վարչարարության. քաղաքապետարանը՝ փողոցային անօրինական առեւտրի դեմ պայքարի մասին

Բացօթյա ապօրինի առեւտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում եւ նախազգուշացնում էին` չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ. հունվարից Երեւանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի: Այս առնչությամբ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այս պահի դրությամբ մենք ունենք գրեթե 90 տոկոսանոց արդյունք: Բացատրական աշխատանքների փուլն արդեն կարող ենք համարել փակված, այժմ անցնում ենք կոշտ վարչարարության և, առիթից օգտվելով, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ փողոցային առևտուր իրականացնելուց»,-նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանը: 

Երևանում այսօր գործում է գյուղմթերքի 24 շուկա, որտեղ կա 1540 ազատ տեղ: Նախորդ դարի կեսերին կառուցված Կոմիտասի շուկայի անսովոր արձագանքող լռությունն ու տաղավարների փոշին պատմում է կոլորիտային այս վայրի ներկայի մասին: Տնօրենի հետ պայմանավորվածությամբ՝ առաջին երկու ամիսը տաղավարները քաղաքացիները կարող են վարձակալել անվճար:

Մանրածախ, նաև մեծածախ վաճառքի հարմարավետ պայմաններ է ապահոված նաև Էրեբունիում՝ անմիջապես Կայարանի հարևանությամբ: Աշխատանքներ են տարվում նաև վարչական շրջանում նոր փոքր շուկա հիմնելու համար: 

Նոր Նորքում բացօթյա առևտրի հիմնական հասցեն Սաֆարյան փողոցն էր: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տանող հիմնական ճանապարհն ամեն օր խցանված էր, մայթերը՝ ծանրաբեռնված սննդով՝ չնայած կողք կողքի գործում են և՛ բացօթյա, և՛ փակ շուկաները: 

Չնայած վարչական շրջանում առևտրի համար առկա պայմաններին և արտոնություններին՝ մի շարք քաղաքացիներ շարունակում են բողոքել՝ պահանջելով, օրինակ, քանդել նախկին շուկայի տարածքում կառուցված առևտրի կենտրոնը: Սա այն դեպքում, երբ ներկայիս շուկան՝ գյուղմթերքի մեծածախ ու մանրածախ առևտրի հնարավորություններով հանդերձ, տեղակայված է հենց կենտրոնի տարածքում: 

Ավելի վաղ քաղաքացիներից մի քանիսը, ընդգծելով վարկային բեռն ու ընտանիք պահելու հոգսի հանգամանքը, փողոցային առևտուրը վերացնելու պահանջին դեմ արտահայտվեցին՝ փակելով ճանապարհը սեփական, այդ թվում արտասահմանյան արտադրության թանկարժեք մեքենաներով: 

Փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիներ, սակայն, հրաժարվում են շուկաներ տեղափոխվել: Դժգոհում են, բողոքում՝ պահանջելով թույլատրել անօրինական առևտուրը կամ հատուկ իրենց համար տեղեր հատկացնել: Քաղաքապետարանը պատրաստ է քննարկել և հատկացնել առանձին տեղեր, բայց ոչ օրենքին հակասող: 
Փողոցային առևտուրը եկեղեցու բակում, մեկ այլ դեպքում՝ Մաշտոցի պողոտայում՝ մշակութային շենքի տարածքում կամ էլ անմիջապես կանգառի մոտ. առևտրականների առաջարկներն են:

Քաղաքացիների մի մասի համար փողոցում առևտուրը լուծում է օրվա հացի խնդիր, ոմանց համար, սակայն, հարկային դաշտից խուսափելու և բիզնեսն ընդլայնելու հնարավորություն է: 

Առևտրականների հետ քննարկումները կշարունակվեն այնքան, մինչև խնդիրը վերջնական լուծում ստանա: Իսկ մինչ այդ փողոցային առևտուրն արգելելու նպատակով քաղաքապետարանը ոստիկանության հետ սահմանել է նաև երեկոյան հերթապահություն: 

«Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, ով փողոցային առևտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր»,- նշել է Հովիկ Սաֆարյանը: 

Ըստ քաղաքապետարանի՝  փողոցային անօրինակ առևտուրը վերացնելը ոչ միայն օրենքի, այլև քաղաքացիների պահանջն է՝ ունենալ մաքուր փողոցներ և առողջարար սննդամթերք»: