կարևոր
1189 դիտում, 5 ժամ առաջ - 2025-04-30 21:46
Արցախ Քաղաքական

Չենք բացառում ցանկացած պահի փողոցային պայքարի վերադառնալու և ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը. Արցախի իրավունքների պաշտպանության խորհուրդ

Չենք բացառում ցանկացած պահի փողոցային պայքարի վերադառնալու և ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը. Արցախի իրավունքների պաշտպանության խորհուրդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Որոշակի հաջողությունների հասնելուց և լայն հանրային քննարկումներից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է․

- Մասնավորապես, ՀՀ կառավարության հետ երկար ու մանրամասն բանակցությունների արդյունքում կձևավորվեն փորձագիտական խմբեր, որոնց կողմից կտարվեն բանակցություններ նախօրոք համաձայնեցված հարցերի շուրջ և համապարփակ լուծումներ կառաջարկվեն ՀՀ-ում արցախցիների իրավունքների պաշտպանության և հրատապ հիմնախնդիրների կարգավորման համար: Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հիմնարար բարեփոխման կենթարկվեն բնակարանային և զբաղվածության ծրագրերը, ինչպես նաև լուծում կտրվեն մի շարք այլ իրավական ու սոցիալական խնդիրների:

- Փորձագիտական աշխատանքների ամփոփման համար պատշաճ ժամանակ ունենալու նպատակով՝ կառավարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել երկու ամսով երկարաձգելու ապրիլի մեկից դադարեցված բնակվարձի աջակցության ծրագիրը՝ ամսական 40,000 դրամի չափով: Փաստացի կարող ենք արձանագրել, որ Կառավարության ապրիլի 30-ի նիստում արցախցիների սոցիալական աջակցության երկարաձգման որոշման հաստատմամբ Կառավարությունը կատարել է տրված խոստման առաջին մասը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձևավորված փորձագիտական խմբերի կողմից պարբերաբար հանրային հաշվետվություններ կներկայացվեն իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Հաշվի առնելով մարտի 29-ի մեծ հանրահավաքով մեկնարկած պայքարի որոշակի դրական արդյունքները, աշխատանքային ռեժիմի անցման անհրաժեշտությունը, ինչպես նաև ունեցած ռեսուրսների վերաբաշխման հետ կապված հարցերը՝ Խորհուրդը որոշում է կայացրել հանել Ազատության հրապարակում տեղադրված վրանը և տեղափոխվել Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք՝ Նաիրի Զարյան 17Ա հասցեում:

Այնուամենայնիվ, Խորհուրդը հայտարարում է, որ չի բացառում ցանկացած պահի փողոցային պայքարի վերադառնալու և ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը, եթե ՀՀ կառավարության կողմից բավարար քայլեր չձեռնարկվեն արցախցիների իրավունքների պաշտպանության համար:

Միևնույն ժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը որևէ քաղաքական կամք չի ցուցաբերել մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մի շարք կետերի մասով նույնիսկ բովանդակային քննարկումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ առումով Խորհուրդը շարունակելու է իր ջանքերը բոլոր կետերի կատարման նպատակով՝ առաջնահերթ ուշադրության տակ պահելով հրատապ խնդիրների լուծումը՝ միտված Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցության ապահովմանը»: