կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 17:19
Տնտեսական

Տարադրամի փոխանակման կետերին ևս մղում են փողոցային առևտրի

Տարադրամի փոխանակման կետերին ևս մղում են փողոցային առևտրի

Վերջերս առանձին հրապարակմամբ անրադարձել էինք փողոցային առևտրին վերաբերող, առկա բազմաթիվ խնդիրներին: Այս խնդիրները շարունակվում են չլուծված մնալ՝ չնայած պատասխանատու պատկան մարմինների գործողություններում պարբերաբար դրսևորվող որոշակի ակտիվության:

Առիթներ ունեցել ենք նաև ներկայացնել մասնագիտական տեսակետներ և անհրաժեշտ հիմնավորումներ՝ հարկային համակարգում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ: Ամփոփ գնահատմամբ՝ այս շարքի փոփոխություններով նախատեսվում են բարձր և ցածր եկամուտ ունեցողների համար հարկման հավասար պայմաններ: Նվազագույնի է հասցվում հարկային քաղաքականության սոցիալական բաղադրիչը՝ առաջանցիկ ավելանալու են բարձր եկամուտ ունեցողների իրական եկամուտները և համապատասխանաբար նվազելու է նրանց հարկային բեռը: Արդյունքում՝ դեպի պետական բյուջե նվազող հարկային մուտքերի փոխհատուցումն էլ պետք է ապահովեն հիմնականում փոքր ձեռնարկատերերը և սպառողները, այսինքն՝ ողջ հանրությունը, որոնց հարկային համընդհանուր բեռն էլ հետևողականորեն ավելանալու է:

Այս տրամաբանության մեջ է նախաձեռնվում նաև տարադրամի փոխանակման կետերի համար սահմանված պետական տուրքի թռիչքային ավելացումը՝ 60 անգամ (տարեկան 50 հազար դրամից դառնալու է 3 միլիոն դրամ):

Հայաստանում գործող շուրջ 230 փոխանակման կետերը հիմնականում փոքր ձեռնարկատերեր են, որոնց տնտեսական գործունեությունը մեկ ուղղությամբ է՝ ֆինանսական շուկայում միջինից բարձր տնտեսական ռիսկով: Եկամտաբերության մակարդակով էլ բազմակի անգամ զիջում են ֆինանսական շուկայում նմանատիպ ծառայություններ մատուցող բազմագործառութային խոշոր սուբյեկտներին, ասենք օրինակ՝ առևտրային բանկերին:

Եվ շուկայական այսպիսի պայմաններում փոխանակման կետերը տարվա յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար իրենց եկամուտներից միջինը շուրջ 13 հազար դրամ պետք է վճարեն՝ միայն որպես պետական տուրք, որն իրականում արդեն իսկ գերազանցում է փոխանակման կետերի միջին օրական զուտ եկամուտը:

Փաստորեն, առաջարկվող այս փոփոխության արդյունքում փոխանակման կետերի այլընտրանքը մեծ չէ՝

-  սնանկացում և տնտեսական գործունեության դադարեցում, որը մեր գնահատմամբ իրականում լինելու է հիմնական արդյունքը,

-  օրինական դաշտից իրենց տնտեսական գործունեության տեղափոխում անօրինական դաշտ՝ օբյեկտիվորեն անտանելի հարկային բեռից խուսափելու համար:

Իրականում, այս երկու տարբերակից յուրաքանչյուրի պարագայում տարադրամի փոխանակման շուկայում անխուսափելիորեն ունենալու ենք՝

-  տնտեսական գործունեության այս տեսակի գերկենտրոնացում խոշորների ձեռքում,

-  տարադրամի փոխանակման ծառայություն մատուցողների թվի էական կրճատում՝ շուկայական առկա բարձր մրցակցության խիստ սահմանափակմամբ,

-  գնվող և վաճառվող արտարժույթի փոխարժեքների տարբերության շեշտակի ավելացում, որից առաջին հերթին տուժելու են այն բազմահազար քաղաքացիները և նրանց ընտանիքները, ովքեր ապրում են արտասահմանից ստցվող արտարժույթի փոխանցումների հաշվին:

Պակաս կարևոր չէ նաև օբյեկտիվ մեկ այլ հանգամանք, ըստ որի՝ այս փոփոխության արդյունքում ներկայումս գործող փոխանակման կետերում ինքնազբաղված և զբաղված հարյուրավոր քաղաքացիներ պարտադրված են լինելու իրենց օրինական աշխատանքն ու վաստակը կորցնել և այն փոխել աղքատության նպաստով:

Կամ՝ աշխատել ստվերային շուկայում՝ դրանից բխող բոլոր ռիսկերով: Արդյունքում, իհարկե, կձևավորվի փողոցային առևտրի մի նոր ոլորտ, որն արդեն երկար ժամանակ թողել էինք անցյալում: Բնականաբար, պետական ստուգող մարմինների համար աշխատանքի նոր դաշտ կբացվի՝ իրենց պատժիչ գործիքներով կսկսեն ջանասիրաբար պայքար մղել այս բացասական երեևույթի դեմ, որը մեր երկրում տարածված էր 90-ական թվականներին:

Այսքանով նույնիսկ ակնհայտ է դառնում, որ նախաձեռնված այս փոփոխությունը ևս, լայն իմաստով, չի կարող ունենալ դրական տնտեսական արդյունք: Այն անխուսափելիորեն հանգեցնելու է սոցիալական բացասական մի շարք հետևանքների, որոնք դեռ երկար ժամանակ առարկայական զգալու են շարքային բազմաթիվ քաղաքացիներ:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ