Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ալիև-Փաշինյան դավոսյան հանդիպումն առանձնահատուկ չի համարում՝ ելնելով զուտ այն փաստից, որ չկան կոնկրետ արդյունքներ, և որ դա բնորոշ է բանակցային գործընթացին, իսկ ձևաչափը պատահականություն չէր: Քաղաքագետին չի զարմացնում սոցիալական ցանցերում հանդիպմանը վերաբերող արձագանքը, քանի որ Արցախի խնդրին և Ադրբեջանին առնչվող տեղեկատվությունը միշտ էլ զգուշավորություն է առաջացնում:
Ըստ Իսկանդարյանի՝ նախկին իշխանությունների օրոք ստեղծվել էր հարաբերությունների որոշակի մոդուս, այլ հարց է, թե որքանով լավ կամ վատ:
«Սերժ Սարգսյանը ղարաբաղյան գործընթացում էր տասը տարի, իսկ իրականում ավելի երկար, քանի որ մինչև նախագահ դառնալը նա բավականին նշանակալի քաղաքական գործիչ էր, և կուտակվել էր որոշակի փորձ, մոդուս, տեխնիկա: Դիվանագետները սա անվանում են՝ քիմիա, այսինքն՝ որոշակի փոխգործակցություն մարդկանց, անձերի միջև: Սա վերաբերում է և' Ալիևին, և' Պուտինի հետ հանդիպումներին, և' մյուս առաջնորդների հետ հարաբերություններին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ինչ-որ կերպ կարողանում էր շփվել Ալիևի հետ, քանի որ ուներ փորձ և տարիներ` դա անելու: Եվ հետո անձի կտրուկ փոփոխություն եղավ Հայաստանում, ու նա պետք է հիմա այդ մոդուսը վերագործարկի, վերակառուցի, պետք է փոխգործակցության միջոց գտնի, հատկապես` հիմա, երբ խնդիր է դրված վերակենդանացնելու ՄԽ-ի գործընթացը: Քանի՞ անգամ էր Սերժ Սարգսյանը մեկնում Արցախ, ընդամենը՝ երկու, քանի՞ անգամ է արդեն Նիկոլ Փաշինյանը եղել Արցախում, ես կարծում եմ ավելի շատ, քան ամիսը մեկ անգամ: Տեղի է ունենում փոխգործակցություն Բակո Սահակյանի հետ, որովհետև այնտեղ ևս պետք է վերակառուցել այդ մոդուսը: Քանի՞ հանդիպում է եղել Պուտինի հետ, այնտեղ ևս նույն խնդիրն է դրված»,- ընդգծեց քաղաքագետը:
Այս համատեքստում Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության բուն կարգավորման ուղղությամբ ոչինչ չի արվում, քանի որ այսօր ավելի շատ խոսվում է սահմանային իրավիճակի, խախտումների նվազեցման և փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման մասին:
«Այս ամենը կարգավորման մասին չէ: Խնդիր կա ստեղծելու հիմք բանակցությունների համար, որովհետև դժվար է բանակցել, երբ քեզ հետ խոսում են, բայց մյուս ձեռքով՝ կրակում: Դա չի նպաստում բանակցային գործընթացին»,-ընդգծեց նա՝ արձանագրելով, որ սահմանային խախտումների նվազում է նկատվում, այլ հարց է, թե որքանով է այս իրավիճակը կայուն:
Դիտարկմանը, թե Ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա միջազգային ճնշում է գործադրվում, քաղաքագետն արձագանքեց, թե դա կախված է տերմինից՝ մեկը ճնշում բառը կարող է փոխարինել ազդեցություն կամ առաջարկ բառերով, բայց էությունը դրանից չի փոխվի:
«ԵԱՀԿ Մինսկի խումբն իրենից ներկայացնում է մի սենյակ, որտեղ, բացի Հայաստանից և Ադրբեջանից, կան նաև երեք լուրջ երկրներ, որոնք ունեն միջուկային զենք, ՄԱԿ-ի մշտական անդամներ են, ուստի փորձ է արվում միջազգայնացնել խնդիրը, այս դեպքում միջազգային խաղացողները միշտ էլ ազդեցություն կունենան»,- ասաց նա:
Անդրադառնալով հայ-ռուսական կամ Փաշինյան-Պուտին հարաբերություններին` քաղաքագետը նշեց, որ, այո, ռուս-հայկական հարաբերություններում բարդություններ կան, ինչպես ռուս-բելառուսական, ռուս-ղազախական հարաբերություններում: Եվ դա չի կարող չլինել, քանի որ ցանկացած միության, ֆորմատի դեպքում սա հնարավոր է, քանի որ յուրաքանչյուր միություն ոչ միայն փոխհամաձայնություն է ենթադրում, այլև հակասություններ: Նույնը կարող ենք ասել նաև ՆԱՏՕ-ի դեպքում, որի անդամ են Թուրքիան և Հունաստանը:
«Պնդումը, թե Պուտինը հիանալի հարաբերություններ ուներ Սերժ Սարգսյանի հետ, խաբեություն է: Նման բան չկար, կային դժվարություններ, պարզապես դրանք շատ հաճախ դուրս չէին հանվում»,- նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի թիմի անդամների թույլ տված սխալներին, Իսկանդարյանը նշեց՝ նոր մարդիկ, նոր սխալներ: ՌԴ-ի սխալների մասով նա շեշտեց, որ դրանք վերաբերում են հռետորաբանությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ շրջանակում գործողությունների բացեիբաց լինելուն, որի վառ օրինակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի հետ կապված զարգացումներն էին: