Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեխայի զարգացման համայնքահեն ինտեգրված ծրագրի» արդյունքները քննարկվել են կլոր սեղանի շրջանակում: Ծրագիրն իրականացրել են «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը և ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամը` սերտ համագործակցելով ՀՀ առողջապահության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, նաև Երևանի քաղաքապետարանի հետ:
Ներկաներին ուղերձով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով ծրագրի նախաձեռնողներից է: Ելույթներ են ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՀՀ Ազգային ժողովի առողջության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՄԱԿ –ի Մանկական հիմնադրամի Հայաստանում ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է ծրագրի հիմնական արդյունքներն առողջապահության ոլորտում, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը` կրթության, ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը` սոցիալական:
Համայնքային մոդելի կարևորագույն մասն է սոցիալական ոլորտի ներգրավումը, կրթական և առողջապահական հաստատությունների հետ գործուն կապի հաստատումը: Այդ նպատակով Մալաթիա–Սեբաստիա շրջանում գործող թիվ 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել է համայնքային վերականգնողական ծառայություն: Հայտնաբերված երեխաների կրթական կարիքներն ապահովելու համար նույն շրջանի թիվ 92 մանկապարտեզը հիմնովին վերակառուցվել է՝ հարմարեցվելով հատուկ կարիքներով երեխաներին, նաև իրականացվել է մասնագետների շարունակական կրթում:
Ներկայումս գործում է 3 նախաներառական խումբ, ուր հաճախում է զարգացման ծանր խնդիրներով 24 երեխա, և 6 ներառական խումբ, ուր հաճախում է 18 երեխա: Երեխաների բժշկական սպասարկումն ու հսկողությունն ապահովում է թիվ 9 պոլիկլինիկան:
Ծավալված ակտիվ քննարկման արդյուքնում հնչել են առաջարկներ երեխաների զարգացման, ներառական կրթության և սոցիալական աջակցության հետագա աշխատաքնի կազմակերպման համար:
ԱՀԿ տվյալների համաձայն` միջինում 7-ից 10-ը երեխայից մեկը կյանքի տարբեր փուլերում ունենում է զարգացման հապաղումներ, ինչը կարող է բերել երեխայի ֆունկցիաների կայուն ընկճման և մանկական հաշմանդամության զարգացման: Ուստի, անհրաժեշտ է դեռ ներարգանդային կյանքից սկսած իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, վաղ հայտնաբերել շեղումները և իրականացնել համապատասխան միջամտություններ ծնվելուց հետո: Հաշվի առնելով, որ երեխայի զարգացումը բազմակողմանի է, անհրաժեշտ է, որ վաղ միջամտությունն ունենա ինտեգրված բնութ և վերաբերի ոչ միայն առողջությանը, այլև կրթությանը, ընտանիքի սոցիալական հարցերին:
Հայաստանում մինչև 8 տարեկան երեխաների շրջանում զարգացման հապաղումների և խանգարումների տարածվածությունը կազմում է 11%: Կարևորելով խնդիրը` ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է վաղ միջամտության հայեցկարգը, ներդրվել են զարգացման և նեոնատալ սկրինինգները, 90-ականներից «Արաբկիր» ԲՀ – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կազմում գործում է վերկանգնողական ԱրԲեՍ կենտրոնը: Երեխաների զարգացման հարցերն արտացոլված են «Երեխաների և դեռահասների առողջության ռազմավարության 2016-2020 թվականների գործողությունների ծրագրում:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայություն