կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-22 18:08
Առանց Կատեգորիա

Աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների միջև դիրքային նոր փուլի անցնելու պայքար է սկսվում. փորձագետ

Աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների միջև դիրքային նոր փուլի անցնելու պայքար է սկսվում. փորձագետ

Վաղը Մոսկվայում կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը: Նախօրեին տեղի էր ունեցել Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը, որը հաջորդել էր Մանբիջում իրականացված ահաբեկչությանը: Այս հարցերի շուրջ և տարածաշրջանում հնարավոր զարգացումների թեմայով Yerkir.am-ը եւ Alikonline-ը զրուցել են տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ: 

- Ի՞նչ նպատակներ է հետապնդում Էրդողանի այցը Մոսկվա: Ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ Սիրիայում, մասնավորապես` երկրի հյուսիսային քրդաբնակ շրջաններում հետագա իրադարձությունների վրա:

-Առհասարակ, կցանկանայի նշել, որ մերձավորարևելյան զարգացումների ու Սիրիայում ընթացող ռազմաքաղաքական իրադարձությունների համատեքստում վերջերս տակտիկական առումով բավական մեծացել է Թուրքիայի տարածաշրջանային կշիռը: Այդ հարցերի շուրջ ակտիվացել են քննարկումները Էրդողանի և Պուտինի միջև: Թուրքիայի առաջնորդի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև Թրամփը, հատկապես` Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշումից հետո: Թերևս այս գործընթացների հարթությունում պետք է դիտարկել Էրդողանի այցը Մոսկվա, որտեղ բանակցությունների հիմնական հարցերից մեկը, եթե ոչ` ամենակարևորը, կարծում եմ, կլինի Սիրիան և այդ երկրում ուժերի նոր վերադասավորման հնարավորությունները:

Ըստ իս` Էրդողանի այցելությունը և նախատեսվող բանակցությունները կամ դրանց արդյունքներն ինքնին ունեն ավելի շուտ տակտիկական նշանակություն: Արդեն նշեցի, որ խոսքն ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշումից հետո Սիրիայում ազդեցության գոտիների նոր վերադասավորման գործընթացում հիմնական խաղացողների կողմից դիրքավորման և սեփական հնարավորությունների վերաճգրտումների մասին է:

- Այս համատեքստում որո՞նք են, առանձին վերցրած, Ռուսաստանի եւ Թուրքիայի` Սիրիայի քրդաբնակ շրջանների վերաբերյալ որդեգրած քաղաքականության ընդհանրություններն ու հակասությունները:

-Սիրիայի հարցում կողմերը քննարկում են երկրի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հնարավորությունները: Սա մի հարց է, որ գուցե Ռուսաստանի ու Թուրքիայի շահերն, իրավիճակային առումներով, այս պահին համընկնեն: Սակայն բանակցությունների արդյունքների կիրառելիության սահմանները, ըստ իս, այնքան էլ չեն հատում կողմերի շահերը:

 Թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը, ինչպես նաև այլ հիմնական խաղացողներ՝ ԱՄՆ-ն կամ Իրանը, փորձելու են ընդլայնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում և Սիրիայում: Չենք կարող ասել, որ նույն Ռուսաստանի և Իրանի շահերը կարող են լիովին համընկնել Սիրիայի հարցում, այստեղ նույնպես կան խնդիրներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև հակասություններ: Կարող ենք ասել, որ Ռուսաստանի համար Սիրիայում Անկարայի դիրքերի ընդլայնումն այնքանով կլինի ընդունելի, որքանով դա չի հակասի Մոսկվայի ռազմավարական շահերին: Գուցե իրավիճակային կամ դիրքային պայքարի տեսանկյունից կողմերը գան կոնսենսուսի, բայց նրանց ռազմավարական նպատակները, ըստ իս, ավելի շատ հակասում են միմյանց, քան ունեն ընդհանրություններ: Օրինակ` Սիրիայի քրդերի հարցում միանշանակ չեն Մոսկվայի ու Անկարայի մոտեցումները. Էրդողանը դրսևորում է ավելի արմատական մոտեցումներ:

- Եթե հաշվի առնենք Չավուշօղլուի` 2019թ.-ին Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում Թուրքիայի ավելի հետեւողական լինելու մասին  վերջին հայտարարությունը, Ձեր կարծիքով` Էրդողանի մոսկովյան այցի ընթացքում կողմերը կանդրադառնա՞ն Արցախյան հիմնախնդրին, թե՞ ոչ:

-Կարծում եմ, որ այցելության ընթացքում բանակցությունները գլխավորապես կծավալվեն տարածաշրջանային գործընթացների շուրջ, որից իհարկե, անմասն չէ նաև Արցախյան հիմնախնդիրը, սակայն այն դժվար թե լինի բանակցությունների հիմնական հարցերից մեկը: Արդեն նշեցի, որ քննարկումների առանցքային հարցը Սիրիան է և դրա շուրջ ստեղծված տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը:

- Հաշվի առնելով Սիրիայի տարածքում Իրանի եւ Իսրայելի հակամարտության սրացումը եւ դրանում առկա մարտահրավերներն ու վտանգները, Ձեր կարծիքով` կողմերն ինչպե՞ս կարձագանքեն դրան:

-Նախ` պետք է հստակեցնել, որ Սիրիայի քրդերի հարցում Թուրքիայի և Իսրայելի շահերը չեն համընկնում: Իսրայելը քաղաքական և այլ բնույթի աջակցություն է շարունակում ցուցաբերել Սիրիայի և տարածաշրջանի քրդերի հարցում: Հիշենք նաև Իրաքյան Քրդստանի իրադարձությունները: Հարցի զուտ ռազմական բաղադրիչի տեսանկյունից` Սիրիայի տարածքում Իրան-Իսրայել, այսպես ասած, «proxy» պատերազմական գործողությունների հարցում կա Մոսկվա-Թեհրան շահերի ոչ լիարժեք համընկնում: Սակայն, միևնույն ժամանակ, Մոսկվան ակտիվ հետախուզական ու ռազմատեխնիկական կապի ու գործակցության մեջ է իսրայելական կողմի հետ: Եվ ինչպես արդեն ասվեց, Սիրիայում Իրան-ՌԴ գործակցությունը միանշանակ չէ, և այստեղ նույնպես առկա են տարաձայնություններ: Կարծում եմ` Իրան-Իսրայել հակամարտության վերջին սրացումները նույնպես անհրաժեշտ է դիտել Վաշինգտոնի` Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշման համատեքստում: Սա խոսում է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների միջև դիրքային նոր փուլի անցնելու պայքարի մասին:

Գ.Շ.