կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 19:20
Արցախ

Պատրաստ ենք տրամադրել շահագրգիռ կողմերին այն տեսանյութերը, որոնք ՊԲ-ն գրանցում է առաջնագծից. Արցախի ԱԳ նախարար

Պատրաստ ենք տրամադրել շահագրգիռ կողմերին այն տեսանյութերը, որոնք ՊԲ-ն գրանցում է առաջնագծից. Արցախի ԱԳ նախարար

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ամփոփել է 2018թ քաղաքականությունը:

Նախարարի խոսքով` 2018-ին լրացել է Արցախի ազգային ազատագրական պայքարի, Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, և այդ առումով մեծ աշխատանքներ են տարվել արտերկրում, հատկապես մշտական ներկայացուցիչների, ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների, Հայ Դատի և տարբեր կազմակերպությունների միջոցով:

«Կազմակերպվել են մի քանի տասնյակ միջոցառումներ Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Սիդնեյում, Մոսկվայում, Բեյրութում և այլուր: Բացի դրանից, 2018 թվականին լրացել է նաև Սումգայիթում տեղի ունեցած հայերի ցեղասպանության 30-րդ տարին, որը ևս նշվել է հայկական տարբեր օջախներում, արտերկրում: 2018 թվականին լրացել է ԱՀ ԱԳՆ ստեղծման 25-ամյակը: Կազմակերպվել են խորհրդակցություններ կենտրոնական ապարատի և արտերկրի մեր բոլոր ներկայացուցչությունների հետ:  Տարեվերջին ՀՀ-ում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, Ֆրանկոֆոնիայի մասնակից երկրների էքսպո ցուցադրություն, որտեղ Արցախն ունեցել է տաղավար` ներկայացնելով Արցախում արտադրված ապրանքները, Արցախի զբոսաշրջային ներուժը:

« Այդ օրերին լրագրողների մի խումբ այցելել է Արցախ, և ֆրանսալեզու պարբերականներում հոդվածներ են հրապարակվել Արցախի վերաբերյալ: 2018 թ.-ի համար նախատեսված ծրագրերի մեծ մասը հասցրել ենք իրականացնել»,- ավելացրել է Մ. Մայիլյանը: Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ անցած տարում ևս առաջնորդվել են ԱՀ Նախագահի ծրագրով:

«Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է հանդիսանում Արցախի միջազգային ճանաչումը և ապակենտրոնացված համագործակցությունը: Այս առումով մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի ճանաչման վերաբերյալ: Կարևոր ուղղություններից է նաև Սփյուռքի հետ հարաբերությունները: Այդ տեսանկյունից պետք է նշենք, որ տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ: Այս տարվա ընթացքում ակտիվացել է Ռուսաստանի ռեգիոնների հետ համագործակցությունը: Աշխատանք է տարվել նաև Աբխազիայի համայնքը ակտիվացնելու ուղղությամբ: Այնտեղ կազմակերպվող «Համշեն» ամենամյա փառատոնին մեր թիմի մասնակցությունը մեծ ոգևորություն է առաջացրել»,- նշել է Մ. Մայիլյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ 2019 թվականին շարունակելու են հետևողականորեն աշխատել Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ, ինչպես նաև զարգացնել արտաքին տնտեսական հարաբերությունները տարբեր կառույցների և ընկերությունների հետ: Շարունակելու են աշխատանքները տեղեկատվական դաշտում, հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում փորձելու են ապահովել Արցախի մասնակցությունը:  

2018 թվականին աշխատաքներ են տարվել` ներկայացնելու Արցախի պաշտոնական տեսակետը տարբեր միջազգային կառույցներում:Շուրջ տասը ԱՀ ԱԳՆ հուշագրեր և փաստաթղթեր են տարածվել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կառույցներում:Նախարարի խոսքով՝ անցած տարում շարունակվել են աշխատանքները հակամարտության էության մասին միջազգային հանրությանը իրազեկելու և լայն լսարանին ներկայացնելու  ուղղությամբ: Աշխարհի տարբեր երկրների 45 լրատվամիջոցներից անցած տարում Արցախ է այցելել 127 արտասահմանյան լրագրող:

Անցած տարում Արցախի և օտարերկրյա պետությունների վեց քաղաքների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր: Այդ քաղաքներից չորսը ֆրանսիական են, երկուսը՝ Մերձավոր Արևելքից: Շնորհիվ կնքվող հուշագրերի՝ 2018 թվականի ընթացքում Արցախի տարբեր համայնքներում իրականացվել են ծրագրեր կրթության, ենթակառուցվածքների ստեղծման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներից: Կազմակերպվել է նաև հինգ օտարերկրյա քաղաքապետերի այց Արցախ:

Անդրադառնալով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը՝ մասնավորապես միջազգային վերահսկման մեխանիզմների ստեղծմանը շփման գծում,  Մասիս Մայիլյանը  նշել է, որհայկական կողմից ստեղծված համակարգը կարող է միջազգային մեխանիզմի հիմքը կազմել:

«Արցախը իր կողմից աշխատանքներ է կատարել` միակողմանի ստեղծելով տեսադիտարկման համակարգը: Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք տրամադրել շահագրգիռ կողմերին այն տեսանյութերը, որոնք ՊԲ-ն գրանցում է առաջնագծից: Մեր կողմից ստեղծված համակարգը կարող է միջազգային մեխանիզմի հիմքը կազմել: Մենք գործնական քայլեր ենք անում զինադադարի պահպանման ուղղությամբ»,- նշել է Մ. Մայիլյանը:

Նախարարն ընդգծել է նաև, որ սերտ է համագործակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ: Նրա խոսքով՝ 2018 թվականին Արցախի և Ադրբեջանի սահմանին կազմակերպվել է 17 դիտարկում: