Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 28-ին համայն հայությունը նշելու է Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձը: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հաայստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր շնորհավորական ուղերձն է հղել Հայոց բանակին, և այսօր առաջնագծից արված լուսանկարներ հրապարակել:
«Ազգային բանակի մասին խոսելիս մենք միշտ հպարտություն ենք ապրել՝ վերհիշելով այն հիրավի հերոսական ճանապարհը, որ անցավ հայ ժողովուրդը Արցախն ազատագրելու, Արցախ-Հայաստան անվտանգային ամուր գոտին կազմելու և Սփյուռքի հետ անբաժանելի եռամիասնություն դարձած`բանակ ու պետություն կառուցելու տարիներին, երբ 1994 թ. իր պարտությունն ընդունած հակառակորդի հանդգնությունը բավարարում էր միայն սադրանքներ իրականացնելուն, և արժանի հակահարված էր ստանում՝ հաճախ պատժվելով իր տարածքում։ 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ նույնպես, չկարողանալով կատարել իրենց առջև դրված խնդիրը, նրանք զինադադար խնդրեցին, որովհետև Հայկական բանակը՝ հայ զինվորն ու սպան, վերջնականապես վարժված սահմաններում պարբերաբար դրսևորվող լարվածությանը և պատրաստ հակառակորդի ոտնձգությանը յուրաքանչյուր պահի հակադարձելուն, որակապես գերազանցում էին նրանց՝ մարտական արվեստի բարձր իմացությամբ, պատրաստվածությամբ, և ողջ ժողովուրդը սեփական հողը կյանքի գնով պաշտպանելու, չհանձնելու ընտրությունն էր կատարել:
2020 թ. 44-օրյա պատերազմը փոխեց իրողությունը, և պարտվեց ոչ թե բանակը, այլ պետությունը՝ չպաշտպանելով Արցախը ինչպես հա՛րկն էր, ինչպես կարո՛ղ էինք, ինչպես պարտավո՛ր էինք: Եվ կորուստների, անհաջողությունների շղթան ձգվեց նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո` պատերազմից հետո ստեղծված աղետալի իրավիճակում, հանցավոր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտում, երբ հետևողականորեն շարունակվում էր մեր պետության ռազմավարական բարձունքները, ճանապարհները հանձնելու և բանակը, մեր միասնականությունը կազմաքանդելու գործընթացը:
Ես նորից պնդում եմ և հաստատակամ եմ իմ համոզմունքներում, որ բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու դուրս գալ այս իրավիճակից։
Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի խոսքս հղելով Ազգային բանակի բոլոր նվիրյալներին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, զինվորներին, կամավորականներին ու երկրապահներին, ողջ ժողովրդին, ովքեր Արցախյան պատերազմից մինչև այսօր ծառայել են Արցախի, Հայաստանի Հանրապետությանը՝ ամենօրյա սխրանքներ գործելով և՛ առաջնագծում, մարտական գործողությունների կիզակետում, և՛ թիկունքում,
ի սրտե մաղթում եմ` ձեզ նո՛ր հաղթանակներ և փա՛ռք. 1988-1994 թթ. հայ ժողովրդի Ազատագրական շարժումը, Արցախյան գոյամարտը մնալու են պատմության էջերին՝ որպես ծանրագույն, բայց փառահեղ հաղթանակի դասական օրինակ, որ ձեր նվիրումի, անձնուրաց պայքարի ու սխրանքի վավերագիրն է։
Արագ ապաքինում, առողջություն` մեր վիրավոր ու հաշմանդամ դարձած մարտիկներին:
Եվ թող Հայրենիք վերադառնան գերեվարված, անհայտ կորած մեր որդիները, որոնց համար ամեն վայրկյան լուռ աղոթում և հավատով սպասում են հազարավոր սրտեր:
Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ դժվար լինի, չտրվե՛նք ցավին ու չհանձնվենք, այլ`
հայոց ավանդական մարտական ոգին, ազգային համերաշխությունն ու միասնությունը, ազգային գաղափարական զարթոնքը վերականգնելու, ազգի անկումը և մեր ինքնիշխանության կործանումը թույլ չտալու նպատակով կազմավորված Դիմադրության շարժմանը զարկ տալու համար նորից միավորենք ազգի պետականամետ, կարող ուժերը և օբյեկտիվորեն գնահատելով դեպի մեզ ուղղված մարտահրավերները, միջազգային հավասարակշռված համագործակցություն վարելով՝ համախմբվենք հայոց բանակի սպայի՝ զինվորական մտավորականության շուրջ և ավելի գոտեպնդվենք՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը, մեր պետականությունը պաշտպանելու հրամայականով:
Փա՛ռք ու պատիվ սահմանին կանգնած հայ զինվորին և սպային:
Փա՛ռք ու պատիվ այն մայրերին ու հայրերին, ովքեր Հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց ամենաթանկը նվիրաբերեցին:
Հավե՛րժ ակնածանք ու խոնարհում հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հերոսների սխրանքի, հիշատակի առջև:
ՀԳ. Լուսանկարներն արված են այսօր՝
Հայաստանի Հանրապետության սահմանի կարևորագույն դիրքերում»,- նշված է Օհանյանի ուղերձում: