կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-08 15:26
Հասարակություն

Նոր կոշիկները պահեստավորման փուլում են, կլինի փոփոխություն բուն համազգեստի կտորի հետ կապված. ԳՇ պետ

Նոր կոշիկները պահեստավորման փուլում են, կլինի փոփոխություն բուն համազգեստի կտորի հետ կապված. ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը նախքան զորակոչը կոռուպցիայի մասին որևէ ահազանգ չի ստացել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

««Թեժ գծի» վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանեն պաշտոնատար անձինք: Գլխավոր շտաբում մենք չենք ստացել ահազանգեր»,- շեշտեց նա:

Անդրադառնալով պաշտոնյաների որդիների ծառայությանը` Արտակ Դավթյանը վստահեցրեց, որ գլխավոր շտաբը որևէ ձևով չի տարանջատում պաշտոնյայի երեխային մյուս երեխաներից:  «Մենք բոլորին, ըստ կարգի, զորակոչում ենք բանակ: Եթե ազատվում են, ապա ազատվում են ըստ օրենքի, և որևէ տարբերակում չենք դնում, ուստի որևէ վիճակագրություն չունենք: Իսկ դուք իրավունք ունեք ցանկացած պաշտոնյայի պաշտոնական հարցում ուղարկելու և ստանալու պատասխան: Ուրիշ բան չեմ կարող ասել: Ես չեմ հետաքրքրվում՝ որևէ նախարարի երեխա գնո՞ւմ է բանակ, թե՞ ոչ, իմ ինչի՞ն է դա պետք: Եթե որևէ տարբերություն չկա, եթե վիճակահանությանը մասնակցում են, գնում են ծառայության, մանավանդ` վարչապետի, պաշտպանության նախարարի երեխաները ծառայում են զինված ուժերում, եթե ինչ-որ մեկին առավելություն չենք տալիս, այդ դեպքում  ինչո՞ւ պետք է հետաքրքրվենք որևէ մեկի երեխայի հարցով»,- հայտարարեց Արտակ Դավթյանը:

Ըստ նրա` բոլորին ծանուցում ուղարկվում է` ըստ զորակոչի, ովքեր չեն գալիս, իրավապահ մարմիններն են նրանցով զբաղվում:

Ինչ վերաբերում է զինվորների կոշիկներին, Արտակ Դավթյանն ասաց, որ կոնկրետ այս զորակոչիկներին ապահովում են նույն կոշիկներով, ինչ նախորդներին:

«Նոր կոշիկներն արդեն պահեստավորման, ընդունման փուլում են, ավարտելուց հետո կհատկացվեն զորամասերին` ըստ հասանելիության, ոչ թե նորակոչիկներին: Հագուստի առումով որակական փոփոխություն լինելու է, ներքնաշորերն արդեն փոխվել են, մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվեցինք: Կկլինի փոփոխություն բուն համազգեստի կտորի հետ կապված»,- տեղեկացրեց ԳՇ պետը:

Անդրադառնալով ծնողների կողմից ծանրոցներ ուղարկելու խնդրին, որը շարունակվում է նաև այսօր, Արտակ Դավթյանը նշեց՝ ինչ տրվում է այսօր զինծառայողին, բավարար է կենցաղն ապահովելու և մարտական խնդիր կատարելու համար:

«Եթե մայրը լրացուցիչ իրեղեն, նյութական միջոցներ է ուղարկում է, դա այլ խնդիր է: Երկրորդ՝ մենք սոցիալական տարբեր շերտավորման և բնավորության մարդիկ ենք զորակոչում բանակ, որոնք ունեն տարբեր պահանջներ և տարբեր մոտեցումներ, միշտ ուզում են, որ ծնողներն իրենց ուշադրության կենտրոնում պահեն՝ պահանջելով այս կամ այն առարկան՝ անկախ նրանից, թե դա իրենց պետք է, թե` ոչՄյուս կողմից` մեր` հայկական սովորության համաձայն, մյուսներից հետ չմնալու համար՝ մեկի ծնողն ուղարկեց, ինչու իր ծնողը չուղարկեց: Կարող ենք անհատական նայել, եթե խնդիր կա համազգեստի, կոշիկի, ներքնաշորի հետ կապված, պատրաստ ենք քննարկել: Ընդհանրապես, կարծում ենք՝ ճիշտ չէ արգելել, որ մայրը կամ ծնողը ինչ-որ բան ուղարկի: Վերջին օրերին քաղցրավենիք են շատ ուղարկում, հիմա արգելե՞նք, ասենք` չի՞ կարելի: Եկեք միասին հասկանանք պատճառը՝ ինչո՞ւ է ուղարկում ծնողը, ինչո՞ւ է երեխային դա պետք կամ պետք չէ: Պատճառները հասկանանք, որպեսզի կատարենք: Կրկնում եմ՝ համազգեստով ամբողջությամբ ապահովված են, ժամկետները փոխեցինք, ներքնաշորերի հարցը բարձրացվեց, և դրանք փոխվեցին, կոշիկների հետ կապված` նոր ասացի»,- նշեց Արտակ Դավթյանը՝ լրացնելով, որ բանակն օճառ տալիս է, բայց «սափրվելու փրփուր, սարք, ատամի խոզանակ, մածուկ ԶՈւ-ն չի տալիս»:

«Օճառի տեխնիկական բնութագիրը բավականին լավն է: Անցած տարի բաժանեցինք քաղաքացիներին, և ոչ մի դժգոհություն չկար: Ամբողջ հարցն այն էր, որ պետք է լինի խանութից կամ հոտերով ու գունավոր: Իսկ մնացած հարցերով զինվորները ստանում են գումար, որոնցով գնում են իրենց հիգիենայի պարագաները, կամ ծնողներն են ուղարկում դրանք»,- հայտնեց ԳՇ պետը: