կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-23 23:44
Հասարակություն

Հրազդանում քննարկել են վտանգավոր թափոնների պահեստավորման ծրագիրը

Հրազդանում քննարկել են վտանգավոր թափոնների պահեստավորման ծրագիրը

Հրազդան քաղաքի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարներին` իրենց մտահոգությունը հայտնելով Գլոբալ Էկոլոգիական Ֆոնդի (ԳԷՖ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ իրականացվող «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» իրականացվող ծրագրի առնչությամբ, որով նախատեսվում է Հրազդան քաղաքի հարակից տարածքում Նուբարաշենի թունաքիմիկատների թափոնների ժամանակավոր գերեզմանոցի վտանգավոր թափոնների պահեստավորման և կառավարման ազգային կենտրոնի ստեղծում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ։

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ և ծրագրի համակարգող Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են Հրազդան քաղաքի «Քաղաքացիական նախաձեռնության» անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, համանքապետարանի պաշտոնյաներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի և կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքներն իրականացնող «Էլեկտրոննախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին քաղաքացիական ակտիվություն դրսևորելու համար, տեղեկացրել է, որ վերջիններիս պահանջով արդեն նախնական փուլում ծրագրի կառավարման խորհրդի որոշմամբ նախկինում նախատեսված 7100 տոննա աղտոտված հողը Նուբարաշենից չի տեղափոխվի ժամանակավոր պահեստ, այլ կվնասազերծվի տեղում: Փոխնախարարը հավաստիացրել է, որ հետագայում էլ ծրագիրն իրականացնող խումբը կդիտարկի և լուծում կտա ռիսկային ցանկացած խնդրի:

Քաղաքացիական նախաձեռնության նեկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թունաքիմիկատների պահպանման պահեստը կարող է վտանգ ներկայացնել տեղի բնակչության համար` խոչընդոտելով գյուղատնտեսությանը, անասնապահությանը, մեղվաբուծությանը: Նախատեսված տարածքը շրջապատված է սեփականաշնորհված հողատարծքներով և այնտեղով անցնում են նաև մակերևութային ջրեր:

Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հայտնել է, որ քանի դեռ նախագծող ընկերությունն օրենքով սահմանված կարգով նախագիծ չի ներկայացրել, որում ամրագրված կլինեն առաջարկվող լուծումները` հնարավոր չէ մասնագիտական քննարկում կազմակերպել հնչած մտահոգությունների վերաբերյալ: Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ նախագիծն օրենքով սահմանված կարգով կդրվի հանրային քննարկման, որի ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարտահայտեն իրենց կարծիքները և մասնագիտական դիտարկման կենթարկվեն հնչած մտահոգություններն ըստ էության: Հավաստիացվել է, որ թունաքիմիկատների փաթեթավորումը և պահպանումը կատարվելու է միջազգային չափանիշներին համապատասխան և բացառվելու են կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոններից եկող բոլոր ռիսկերը. ինչը դրված է ծրագրի գաղափարախոսության հիմքում: Այն լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակավոր պահեստարան, որտեղ պահվող ժամկետանց թունաքիմիկատները կարտահանվեն արտերկիր` ոչնչացման: