կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-26 17:33
Արցախ

Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Արցախի ՊԲ -ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 26-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել հանրապետության զորահավաքային պատրաստության հարցերին նվիրված հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին ՊԲ-ի, միավորումների և զորամասերի համապատասխան ոլորտների զինվորականներ, զինկոմիսարիատների, պետական ու տեղական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Կարևորելով նման ձևաչափով հավաք-պարապմունքների անցկացումը՝ ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես նշել է, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին պատշաճ կերպով դիմագրավելու և մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը լիարժեք կերպով ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի օրենքով սահմանված գործառույթները հստակորեն գիտակցի և ըստ անհրաժեշտության դրանք կիրառելու կարողություն ունենա զինված ուժերից բացի, նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման,  հանրային ու տնտեսական հատվածի յուրաքանչյուր կառույց և պաշտոնյա:

Նշված ոլորտի հարցերին բանակի հրամանատարը առավել մանրամասն անդրադարձել է «Պետության նախապատրաստումը պաշտպանության» թեմայով դասախոսության շրջանակում` հանգամանորեն անդրադարձ կատարելով նշված խնդրի բոլոր բաղադրիչներին և դրանց իրականացման առանձնահատկություններին:

Ներկաներին հնարավորություն է տրվել իրենց հուզող հարցերով դիմել բանակի հրամանատարությանն ու ստանալ սպառիչ պատասխաններ:

Հավաք-խորհրդակցության ավարտին իմի են բերվել արդյունքները և նախանշվել հետագա աշխատանքների այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային կլինեն նոր`2019 թվականի ընթացքում:

Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետության պաշտպանության իրավական հիմքերին, անձնակազմի և տեխնիկայի համալրման, զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման, հաշվառման և կցագրման հարցերին: