Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում` սեպտեմբերի 14-ին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ Դաշտավան համայնքում առաջիկա տարիներին նախատեսվում է հիմնել կոկորդիլոսաբուծարան:
Yerkir.am-ը փորձեց ճշտել, թե ո՞ր փուլում են կատարվող աշխատանքները: Դաշտավանի համայնքապետ Վարդգես Խանաղյանը մեզ հաղորդեց, որ այս պահին այդ ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում: Նրա խոսքով` իրենց համայնքում տարածք էլ չի վարձակալվել: «Այդ ժամանակից ոչ մի բան չի արվել, այդպես մնում է: Տարածք էլ չեն վերցրել, դա ընթացքի մեջ էր, բայց այդպես մնացել է: Պետք է աճուրդ լինի, եթե ծրագիրն իրականացվի, իհարկե»,- ասաց Խանաղյանը:
Մարզպետարանից էլ մեզ հայտնեցին, որ ճիշտ կլինի հարցով դիմենք «Արմոն» ՍՊԸ-ին, քանի որ նրանք են հայտ ներկայացրել, իսկ մարզպետարանն ընդամենն աջակցում է ընկերությանն այդ ուղղությամբ:
«Արմոն» ընկերության տնօրեն Ջոն Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ գործընթացը կանգնած վիճակում է, իսկ պատճառները բազմաթիվ են: «Չենք կարողանում կառավարությունից ստանալ ներդրողի վիզան, չենք կարողանում պատասխան ստանալ ՊԵԿ-ից, ոչ մի բան էլ չենք ստանում: Այդ վիճակն է: Ընտրություններ էին, ընտրությունները վերջացան, հիմա կառավարություն պիտի ձևավորվի: Հասկանում ենք, դրան էլ կսպասենք, տեսնենք` որքան ուշ կլինի»,- նշեց նա:
Մեր ճշտող հարցին` խնդիրը կառավարությո՞ւնն է, որ ծրագիրը չի իրականանում, Սարգսյանն արձագանքեց. «Ոչ, կառավարությունը չէ: Կառավարությունում աշխատողներն են, որ ժամանակին ոչ մի նամակի չեն պատասխանում: Եթե դու նամակ ես ուղարկում ու վեց ամիս չես ստանում նամակի պատասխանը, վարչապե՞տն է մեղավոր, պարզ է, որ ոչ»:
Նա հայտնեց, որ բազմաթիվ նամակներ են ուղարկել ՊԵԿ, տնտեսական զարգացման և ներդրումների, ԱԳ, գյուղատնտեսության, բնապահպանության, նույնիսկ` տրանսպորտի և կապի նախարարություն, բայց այդպես էլ պատասխան չեն ստացել, այնինչ` այդ նամակներին 14 օրվա ընթացքում պետք է պատասխանեին: «Ներդրողն այստեղ 10 մլն բերում է, 500 աշխատատեղ է ստեղծելու, ոչ ոք չի աջակցում»,- ասաց Սարգսյանը:
Նա նաև հայտնեց, որ իրենց ծրագրերը Վրաստանն է տարել և իրականացնում: «Մեր «Բժշկական տուրիզմ» ծրագիրը Վրաստանը տարավ, արդեն այնտեղ անում ենք, մյուս ծրագիրն էլ կտանեն շուտով` «Կրոնական տուրիզմ»: Մենք գործարար ենք, չենք կարող նստել և սպասել` ում ցանկությունն ինչ կլինի»,- ասաց Սարգսյանը:
Գործարարի խոսքով` մարզպետարանն ամեն կերպ իրենց աջակցել է: «Հողհատկացումն արել է, հողը հանված է աճուրդի, որ մենք այն գնենք օրինական ճանապարհով: Համայնքապետի հետ հանդիպել, զրուցել ենք ամեն ինչ: Դա միայն կոկորդիլոսաբուծարան չի լինելու, դա էկոայգի է լինելու: Այդ ծրագիրը 10 միլիոնանոց ծրագիր է: Մենք պատասխաններ չենք ստանում: Ես չգիտեմ` ինչ է դրա վերջը լինելու: Վերջն այն է, որ ասում ես` պետք չի, ու թողնում գնում ես»,- շեշտեց Սարգսյանը և հավելեց. «Ես կառավարությանը չեմ մեղադրում, ոչ պրոֆեսիոնալներ են նստած ներքևում, նրանք հետաքրքրություն չունեն և ամեն ինչ անում են, որ ներդրում չգա»:
Նշենք, որ կառուցվելու դեպքում «Ապշանք» էկոայգին զբաղեցնելու է 30 հա տարածք։ Էկոայգուն մի կողմից հարելու է Հրազդան գետը, մյուս կողմից՝ Դաշտավան գյուղի ոռոգման ջրանցքը։ Ընտրված տարածքը կղզյակ է` ամբողջովին շրջափակված ջրային ավազանով։ Հողը սույն տարածքում գյուղատնտեսության համար մշակելի է, սակայն վերջին տարիներին այն օգտագործվել է միայն որպես արոտավայր։ Այգու հիմնաքարը կոկորդիլոսաբուծարանն է, որտեղ բազմացվելու է 100-ից ավելի կոկորդիլոս։
Էկոայգու մեխը ընտանի կենդանիների, թռչունների բուծարանն է` հարակից ենթակառուցվածքներով։ Այն առաջինն է լինելու ամբողջ տարածաշրջանում և Եվրոպայում։ Ժամանակի ընթացքում այստեղ բուծվելու են տարբեր տեսակի կենդանիներ և թռչուններ։ Էկոայգին ունենալու է բոլոր ենթակառուցվածքները, այգիներ, հանգստի գոտիներ, ալիքային լողավազան, ռեստորաններ և սրճարաններ: Փաստորեն, ստեղծվելու են բազմաթիվ աշխատատեղեր։