Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի պետբյուջեի միջոցներով 15 հուշարձանի ուսումնասիրման, այդ թվում՝ պեղումների, ինչպես նաև նախագծման ու վերականգնման աշխատանքներ կիրականացվեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ ներկայացնելով, թե ինչ աշխատանքներ պետք է տարվեն ընթացիկ տարում: Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի հուշարձանների վերականգնման համար հայտարարված մրցույթին բավական ակտիվություն է նկատվել, օրինակ` 6 հուշարձանների դեպքում 13 կազմակերպություն է դիմել:
Նախարարի խոսքով՝ վերականգնվող հուշարձանների մոտ 3 առցանց տեսախցիկ է տեղադրվելու, որոնց միջոցով յուրաքանչյուրը 24 ժամ կարող է հետևել իրականացվող աշխատանքներին:
«Հուշարձանների վերականգնման աշխատանքները ժամանակատար են, սակայն մենք քայլ առ քայլ փորձում ենք մեր աշխատանքներն իրականացնել: Մենք խնդիր ունենք մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական վերաբերմունքը պետք է փոխվի, քանի որ լինում են դեպքեր, երբ շինարարներն այս կամ այն պատմամշակութային կոթողի վերականգմանը մոտենում են որպես հասարակ շինարարական աշխատանքի»,- ասաց Ամիրյանը:
Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի խոսքով՝ այս տարի կշարունակվեն որոշ հուշարձանների վերականգնման աշխատանքները, որոնք սկսվել են դեռ նախորդ տարի, բացի այդ՝ վերականգնման ցանկում են ընդգրկվել նոր հուշարձաններ: Ըստ այդմ՝ նախատեսված է Ամբերդի ամրոցի վերականգնման աշխատանքները կյանքի կոչել: Ըստ Սամուելյանի՝ ընթացիկ տարում կշարունակվեն Լոռու բերդի պարսպի ամրակայման, ինչպես նաև տեղի միջնադարյան բաղնիքի վերականգնման աշխատանքները: Փոխնախարարի խոսքով՝ սա միջնադարյան բաղնիք վերականգնելու առաջին փորձը կլինի:
«Դրան զուգահեռ՝ Դվինի բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքները կարվեն, ինչպես նաև պեղումներ կիրականացվեն: Արտաշատում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված անտիկ շրջանի նորահայտ խճանկարի կրկնօրինակը պետք է ստեղծվի, ինչպես նաև Արտաշատում հայտնաբերված բաղնիքը պետք է վերականգնվի: Կշարունակվեն դեռևս 2006-ից սկսված` Քոբայրավանքի վերականգնման աշխատանքները, և այս փուլում սեղանատան վերականգնման աշխատանքները պետք է տարվեն»,-ասաց Սամուելյանը:
Նա նշեց նաև, որ ուրախալի է այն փաստը, որ մասնավոր հատվածը նույնպես ներդրումներ է կատարում հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքներում: Օրինակ, Սամուելյանի խոսքով, Մայրավանքը վերականգնելու համար մասնավորի կողմից կլինի 80 մլն դրամի ներդրում է կատարվել, և պետությունն էլ իր հերթին 50 մլն դրամ կտրամադրի: