Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը և Բեռլինի Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը (ESMT) կհամագործակցեն Գյումրիում IDeA հիմնադրամի կողմից իրականացվող նախագծերի շրջանակում։
Դեկտեմբերի 12-ին Բեռլինում կայացած «Ավրորա երկխոսություններ» միջոցառման ընթացքում IDeA հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ու Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT) նախագահ Յորգ Ռոխոլը հայտարարեցին երկու կառույցների միջև համագործակցության մեկնարկի մասին:
2019 թ. ապրիլին ESMT դպրոցի կառավարման ոլորտի մագիստրոս ուսանողների մի խումբ կմասնակցի Գյումրիում իրականացվող նախագծի մշակմանը։ Ներկայում IDeA-ն հանդես է գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Այս նախաձեռնությունը կնպաստի Գյումրիի վերափոխմանը և կօգնի ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։
«Բեռլինում հիմնադրված Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը միջազգային բիզնես դպրոց է, որտեղ սովորում են տաղանդավոր ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք բարձր որակավորում ունեն, և պատրաստ են պայծառ գաղափարներն ու կառավարման ոլորտի գիտելիքները ներդնել Գյումրիում IDeA-ի ծրագրերի իրականացման համար»,- ասել է IDeA հիմնադրամում Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։
IDeA - ESMT համագործակցության շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքները կիրառել նախագծի ուսումնասիրության, սոցիալական ազդեցության գնահատման, ֆոնդահայթայթման ռազմավարության զարգացման, ինչպես նաև Հայաստանում ծրագրերի կառավարման ընդհանուր փորձի բարելավման ուղղությամբ։
«Այս ծրագիրն առնչվում է նրան, թե ինչպես ուղիներ գտնել Գյումրի քաղաքում լքված հասարակական տարածքն արդյունավետ օգտագործելու համար։ Մագիստրատուրայում սովորող մեր ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու տարածաշրջանում ամենահավակնոտ քաղաքաշինական ծրագրին»,- ասել է ESMT-ում դիպլոմային ծրագրերի գծով դեկանի տեղակալ Նիկ Բարնիվիլը։