Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արշակ Կարապետյանին ես եմ նշանակել և համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի. լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր խորհրդականի պաշտոնում ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին նշանակելուն:
Նա հավելեց, որ ոչ մեկի խնդրանքով չի նշանակել Կարապետյանին, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարության շրջանում կա տեսակետ, որը տարբերվում է նախորդ ղեկավարության կարծիքից։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈւ հետախուզության պետի պաշտոնից ազատվել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Փաշինյանը նշեց, որ եթե ինչ-որ բանավոր հայտարարություն է հնչում որևէ մեկի հասցեին, դա չի նշանակում, որ այդ մարդու վերաբերյալ կայացվել է դատավճիռ: «Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի համար պատասխանատու, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանն է ազատել աշխատանքից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են` Սերժ Սարգսյանն արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել»,- շեշտեց նա:
Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ եթե որևէ փուլում հարցեր ծագեն, ապա Կարապետյանն իր այս կարգավիճակում ավելի պատասխանատվությամբ կպատասխանի հարցերին:
Փաշինյանը հավաստիացրեց, որ ապրիլյան պատերազմի հետ կապված շատ գաղտնի փաստաթղթեր է կարդացել և ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության մասին: «Գաղտնի նյութերին ծանոթանալով` չեմ գտել տվյալ, որ մենք ունեցել ենք հետախուզական տվյալների պակաս: Եկեք արձանագրենք մեկ բան` քառօրյա պատերազմից մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, և դա իմացել են բոլորը: Կան բազմաթիվ տվյալներ, զեկույցներ այդ ամենի մասին»,- ասաց նա:
Դիտարկմանը` Արշակ Կարապետյանը նաև 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից մեկը, Փաշինյանն արձագանքեց, որ դա ոչինչ չի նշանակում, ապա հավելեց, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների մեծ մասը ներգրավված է եղել այդ պրոցեսների մեջ, ինչը չի նշանակում, որ նրանք պետք է դուրս մղվեն զինված ուժերից: