կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-19 10:28
Հասարակություն

Հայ Դատի պողպատյա բազուկ Հրայր Մարուխյանը

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վճռապէս դէմ է պետական հարուածի։ Այնքան դէմ է, որ նոյնիսկ պետական հարուած յառաջացնող ուժերի դէմ պատրաստ պիտի ըլլայ իր բոլոր կարելիութիւններով ծանր ըլլալու, եւ այս պարագային, ի զարմանս շատերին, Լեւոն Տէր Պետրոսեան մը պաշտպանելու, եթէ այդ կը նշանակէ` այդ պետական հարուածին դէմ պայքարիլը:

Հրայր Մարուխյան

Այսօր ՀՅ Դաշնակցության նորագույն պատմության ամենաականավոր դեմքերից մեկի` ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի ծննդյան 90-ամյակն է:

Հրայր Մարուխյանը ծնվել է 1928 թվականին Իրանի Քերմանշահ քաղաքում: Ավարտել է Իրանի պետական համալսարանի ճարտարագիտության բաժինը: 1958-ին ամուսնացել է Անահիտ Սարգսյանի հետ, ունեցել չորս զավակ՝ Դերենիկ, Վահե, Ալենուշ և Շաղիկ:

Հրայր Մարուխյանը ՀՅԴ շարքերին է միացել Թեհրանում: Նախ` անդամակցել է ՀՅԴ Պատանեկան միությանը, ապա` անցել կուսակցության շարքերը: Եղել է  Թեհրանի «Արարատ» մարզական միության հիմնադիրներից մեկն ու վարել միության նախագահի պաշտոնը:

ՀՅ Դաշնակցության` 1972-ի դեկտեմբերին կայացած 20-րդ Ընդհանուր ժողովում Հրայր Մարուխյանն ընտրվում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ` պաշտոնավարելով ավելի քան 20 տարի:

Այս տարիներին Հայ Դատի ուղղությամբ աշխատանքներն ընդարձակվում են` նոր որակով և բովանդակությամբ: Ոգեկոչմանը զուգահեռ` հարցը ստանում է քաղաքական երանգ: Դաշնակցության կառույցին կից սկսում են գործել և լոբբիստական գործունեություն ծավալել Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը:

1988-ին ` Արցախյան շարժումից անմիջապես առաջ, ՀՅԴ 24-րդ Ընդհանուր ժողովը Դաշնակցության գործունեության հիմնական ուղղությունը համարում է «Դեպի երկիր» նշանաբանը, և Հրայր Մարուխյանն անձամբ ղեկավարում է Դաշնակցության վերածննդի կազմակերպական աշխատանքները Հայաստանում: «Դեպի երկիր»` նշանակում էր բոլոր կարողություններով աջակցել ժողովրդին և Հայրենիքին. կազմավորվում են առաջին դաշնակցական կամավորական ջոկատները:

Դաշնակցության հաջողության համար Հրայր Մարուխյանն անձամբ ծանր գին է վճարում 1992-ի հունիսի 29-ին, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հրայր Մարուխյանին Հայաստանից արտաքսելու հրամանագիր է ստորագրում:

Այդ օրհասական օրերին, երբ ադրբեջանցիները սկսել էին Շահումյանի եւ Մարտակերտի գրավումը, Դաշնակցությունը որոշում է ներքաղաքական որևէ բախման չգնալ, և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը լքում է Հայրենիքը` շարունակելով ղեկավարել ՀՅԴ-ի անդուլ պայքարը Լևոն Տեր-Պետրոսյանի հայավնաս քաղաքականության դեմ:

1994 թվականի հուլիսի 17-ին Հրայր Մարուխյանը ուղեղային արյունահոսության հետևանքով հայտնվում է կոմայի մեջ. կայծակնային արագությամբ վերջ է տրվում նրա քաղաքական գործունեությանը, ինչը մեծ կորուստ է պատճառում Դաշնակցությանն ու հայ քաղաքական մտքին:

Նույն թվականի դեկտեմբերին  Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Դաշնակցության գործունեությունը:

Արցախյան պատերազմին հաջորդած տարիներն ու քաղաքական դեպքերը, սակայն, գալիս են փաստելու, որ Մարուխյանի ղեկավարության տարիներին Դաշնակցության որդեգրած ուղին ճիշտ էր: Վերջ ի վերջո,  ժողովրդի բողոքի ու քաղաքական ընդվզման լայն ալիքի ճնշման տակ Լևոն Տեր Պետրոսյանը հեռանում է քաղաքական բեմից:

1998 թ. դեկտեմբերի 21-ին Հրայր Մարուխյանը հեռանում է կյանքից Աթենքում: Դեկտեմբերի 24-ին Մարուխյանի մարմինը տեղափոխում են Երևան, իսկ դեկտեմբերի 26-ին մտավորական, կուսակից և զինակից ընկերների, ինչպես նաև բազմահազար ժողովրդի ներկայությամբ  նրա մարմինը հանձնվում է հողին` քաղաքային պանթեոնում` ոչ շատ հեռու Հայաստանի անկախության հիմնադիրներից՝ Արամ Մանուկյանի գերեզմանից: